HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է տաք և բավարար տեղումներով ապրիլ

Այս տարվա ապրիլին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարաքում կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում, այսինքն՝ սպասվում է տաք և բավարար տեղումներով ապրիլ։

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց ապրիլի եղանակային կանխատեսումները:

«Քանի որ ապրիլին տեղումների քանակի նորմաները բավականին բարձր են, և տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում, ակնկալվում է, որ ապրիլին կունենանք բավականաչափ տեղումներ»,- նշեց Գ. Սուրենյանը։

Անդրադառնալով սպասվող առավելագույն և նվազագույն ջերմաստիճաններին, Սուրենյանը նկատեց, որ ամսվա ընթացքում հանրապետությունում կդիտվեն արևադարձային տաք և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքում։ Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման ժամանակ ցերեկային ժամերին Շիրակում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 20-23 աստիճան, Լոռիում` մինչև 21-25 աստիճան, Տավուշում՝ 29-31, Արարատյան դաշտում և Վայոց ձորի նախալեռներում առավելագույն ջերմաստիճանները կտատանվեն 26-30 աստիճանի սահմաններում, Սյունիքի հովտային գոտում՝ 28-32 աստիճան և Սյունիքի նախալեռնային հատվածներում մինչև 21-26 աստիճան տաքության սահմաններում, իսկ Երևանում ամսվա ընթացքում օդի առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել 28-30 աստիճանի։

Նվազագույն ջերմաստիճանն արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման հետևանքով՝ գիշերային ժամերին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային գոտիներում հնարավոր է հասնի -6-ից -10 աստիճանի։ Լոռիում մինչև -2-ից -5 աստիճան, Տավուշի մարզում բացասական ջերմաստիճաններ չեն կանխատեսվում, նվազագույն ջերմաստիճանը՝ 0-3 աստիճան է լինելու, Սյունիքի հովտային գոտում՝ 2-5, Սյունիքի նախալեռնային հատվածներում -2-ից +5, իսկ Երևանում՝ 0-2 աստիճան տաքության սահմաններում։

Առաջիկա օրերին` մինչ ապրիլի 8-ը, լուրջ ցիկլոնների ներթափանցում չի կանխատեսվում, գտնվելու ենք թույլ ցիկլոնի ազդեցության գոտու, որը հիմնականում կարտահայտվի երեկոյան ժամերին և գիշերը։ Այսպիսով՝ այսօր հանրապետության ողջ տարաքում կգերակշռի առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-8-ը հատկապես երեկոյան ժամերին և գիշերը հանրապետության առանձին հատվածներում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։

Ապրիլի 9-ից ցիկլոնային պրոցեսները կսկսեն զարգանալ․ 9-13-ը երկրի ողջ տարածքում կդիտվեն անձրևներ, առանձին հատվածներում՝ ամպրոպներ։ Առաջիկա 10 օրերին հյուսիսային լայնություններից ցուրտ օդային հոսանքների ներթափանցում չի սպասվում, ցիկլոններ կլինեն Միջերկրական ծովի շրջաններից, որոնք կտեղափոխեն խոնավ-արևադարձային տաք օդ։

Այս պահի դրությամբ գյուղատնտեսության վրա որևէ բացասական ազդեցություն չի կանխատեսվում։ Վերջին 5 տարիներին աճել է տեղումների ինտենսիվությունը․ հնարավոր է ինչ-որ մի ժամանակահատվածում տեղումներ չլինեն և մեկ օրվա ընթացքում թափվեն ամսական նորմայի չափ տեղումներ։

Գագիկ Սուրենյանը հայտնեց, որ մարտ ամիսը հանրապետության ողջ տարածքում եղել է բավականին տաք․ օդի ամսական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 2-4 աստիճանով, տեղումների քանակը բաշխվել է խիստ անհավասարաչափ։ Եթե հանրապետության հարավային մարզերում, և հատկապես Սյունիքում, այն հիմնականում կազմել է կլիմայական նորմայի 5-20 տոկոսը, ապա կենտրոնական շրջաններում եղել է նորմային մոտ, իսկ հյուսիսային առանձին շրջաններում՝ նույնիսկ նորմայից ավելին։ Մարտին երկրում գերակշռել են հարավային տաք օդային հոսանքները, բացառությամբ՝ մարտի 20-22 ընկած ժամանակահատվածի։ Սիբիրից օդի ներհոսքով պայմանավորված, հատկապես հանրապետության հյուսիսային երկու մարզում՝ Լոռիում, Տավուշում, դիտվեցին ձյան առատ տեղումներ, ձևավորվեց ձնածածկույթ՝ Լոռիում մինչև 30 սմ բարձրությամբ։

Անի Մարգարյան

ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter