
Պետությունը հստակ չգիտի, թե քանի երեխա է դուրս մնացել պարտադիր կրթությունից
Արամը (անունը փոխված է) պետք է լիներ 11-րդ դասարանի աշակերտ, սակայն արդեն 2 տարի է՝ դպրոց չի հաճախում: Նույնիսկ 9-րդ դասարանի ավարտական քննություններն ամբողջությամբ չի հանձնել: Ուղղակի որոշել է, որ ուսումն իրեն պետք չէ:
Նա ապրում է Արմավիրի մարզի Խոյ համայնքում: Տարիներ առաջ մահացել է Արամի մանկավարժ մայրը, որից հետո նա հայտնվել է բարդ հոգեբանական վիճակում: Սկսել է անտարբերություն ցուցաբերել ուսման նկատմամբ և մի օր էլ որոշել է առհասարակ հրաժարվել դպրոցից։ Արամն ապրում է հոր և անչափահաս քրոջ հետ: Վերջինը հաճախում է դպրոց։
Արամը շարունակում է համարվել դպրոցի աշակերտ: Նրա անվան դիմաց ամեն օր բացակա է դրվել և մնացել նույն դասարանում: Տղան կշարունակի մնալ դպրոցի աշակերտ այնքան ժամանակ մինչև լրանա նրա 19-ամյակը, որից հետո արդեն դուրս կգա դպրոցից՝ ադպես էլ չավարտելով այն:
Նշենք, որ Հայաստանում 12-ամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ:
Մենք այցելեցինք այն դպրոց, որտեղ աշակերտ է ձևակերպված Արամը: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ու ուսուցիչները նշեցին, որ արել են ամեն ինչ երեխային դպրոց վերադարձնելու համար, սակայն չի հաջողվել: Պատմեցին, որ բացի իրենց տնայցերից, տղայի հոր հետ զրույցներից, տեղեկացրել են նաև Արմավիրի մարզպետարանին, Խոյի համայնքապետարանին, Ոստիկանության անչափահասների հարցերով տեսուչին, սակայն՝ անօգուտ:
Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Ասատրյանը «Հետքին» ասաց, թե իրենք այլ լծակ չունեն: Բացմիցս այցելել են Արամին՝ նրան դպրոց վերադարձնելու, սակայն տանը չի եղել: Տեղեկություններ են ստացել, որ այլ մարզում մորեղբայրների հետ աշխատում է:
«Նույնիսկ իր հասակակիցներից ենք հետաքրքրվել, թե արդյոք նրան գյուղում տեսել են, բոլորն ասում են, որ տանը չի լինում: Դրանից հետո տեղյակ ենք պահել բոլոր պատկան մարմիններին, բայց արդեն 2 տարի է՝ դպրոց չի գալիս: Ծնողի հետ խոսում ենք, ասում է՝ վաղը կուղարկեմ, բայց այդպես էլ երեխան դպրոց չի գալիս: 9-րդ դասարանի քննությունների մի մասին մի կերպ է մասնակցել, գնացել տնից բերել ենք, որ քննություն հանձնի, սակայն կեսից արդեն գնաց գուղից, որ դա էլ չկարողանանք կազմակերպել»,-ասում է Վ. Ասատրյանը:
Մեր ներկայությամբ դպրոցի փոխտնօրեն Ռուզաննա Գաբրիելյանը զանգահարեց Ոստիկանության անչափահասների հարցերով տեսուչին՝ Արամի մասին նորություն իմանալու։ Պարզվեց՝ նա նոյեմբերից Խոյ համայնքով չի զբաղվում, իսկ նոր տեսուչը 5 ամսվա ընթացքում երբևէ դպրոց չի եկել:
Դպրոցի երկու մանկավարժի հետ ացելեցինք Արամի տուն: Նա տանն էր: Սենյակից դուրս գալուն պես հայտարարեց, որ պատրաստվում էր գնալ դպրոց, հանդիպել եւ խոսել տնօրինության հետ, քանի որ որոշել է վերադառնալ դպրոց:
Ասաց՝ հասկացել է իր սխալն ու զղջում է, որ դպրոց չի հաճախել, ուստիև որոշել է վերադառնալ: Նա խոստացավ երկուշաբթի՝ ապրիլի 7-ից հաճախել: Ուսուցիչները թերահավատորեն վերաբերվեցին նրա խոսքին, քանի որ արդեն 2 տարի է՝ ընտանիքից նույն պատասխանն են լսում: Ինչևէ, խոստացան կարգավորել հարցը և տղայի համար ապահովել շարունակական կրթություն, եթե կանոնավոր հաճախի դպրոց:
Արամից հետաքրքրվեցինք, թե որն է դպրոցից հրաժարվելու պատճառը: Ասաց, որ ուղղակի սխալ ուղու վրա է եղել, այլ պատճառներ չկան:
Հաշվեքննիչ պալատի վիճակագրությունը ԿԳՄՍ նախարարությունը ստույգ չի համարում
Կառավարությունը 2023թ. մարտի 16-ին ընդունել է «ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին որոշումը, ըստ որի՝ մինչև 2030թ. ոչ մի երեխա դուրս չի մնա պարտադիր կրթության համակարգից։ Վերջնական արդյունքի քանակական թիրախային ցուցանիշ է սահմանվել 12-ամյա պարտադիր կրթության համակարգում ընդգրկվածությունը 2024թ.-ին 99%-ի հասցնելը՝ 83.2% ելակետային ցուցանիշի համեմատությամբ։ Մինչդեռ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրություններով պարզվել է, որ վերջնական արդյունքի փաստացի ցուցանիշը 2024թ.-ին եղել է 82.5%՝ չհասնելով սահմանված թիրախին և 0.7% կետով զիջելով 2020թ. ելակետային մակարդակը:
Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության համաձայն՝ 2024թ. հունվար ամսվա դրությամբ պարտադիր կրթությունից դուրս է մնացել 19 հազ. 605 երեխա, որոնցից 12 հազ. 632-ը կամ 64.4%-ը երբևէ որևէ հաստատությունում հաշվառված չի եղել, իսկ 6973-ը կամ 35.6%-ը հաճախել է որևէ հաստատություն և հետո դուրս մնացել կրթությունից։ Կրթական համակարգում ընդգրկված, այնուհետև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հիմնական մասը 9-րդ և 10-րդ դասարանցիներն են:
Համեմատության համար Պալատը նշել է, որ կրթությունից դուրս մնացած երեխաների տեսակարար կշռում 53.3%-ը 9-րդ դասարանի երեխաներն են, 22.8%-ը՝ 10-րդ դասարանցիները: Փոքր թիվ են կազմում 3-րդ դասարանում սովորողները՝ 0.9%:
Ընդ որում, 2024թ. սեպտեմբեր ամսվա դրությամբ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է եղել 6-19 տարեկան 634 հազ. 704 անձ, իսկ կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ԿԿՏՀ)՝ 523 հազ. 405 անձ։ Այսինքն, 6-19 տարեկան 111 հազ. 299 անձ հաշվառված չի եղել ԿԿՏՀ-ում: Չկան տվյալներ, թե 6-19 տարեկան անձանցից քանիսն է գտնվել ՀՀ-ից դուրս և ընդգրկված չի եղել այլ երկրի կրթական համակարգում:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍ) «Հետքին» հայտնեցին, որ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության մեջ հրապարակված ցուցանիշը «Պարտադիր կրթությունից դուրս մնացած և պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող երեխաների բացահայտման» էլեկտրոնային ենթահամակարգում առկա տվյալն է, որը ներառում է ինչպես Հայաստանում, այնպես էլ Հանրապետության սահմաններից դուրս գտնվող 6-19 տարին չլրացած երեխաներին:
ԿԳՄՍ նախարարության պարզաբանմամբ՝ համակարգում պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը գեներացվում է բնակչության պետական ռեգիստրում պարտադիր կրթության տարիքում գտնվող երեխաների (6-19 տարեկան) թիվը Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների հետ համադրելու արդյունքում: Ըստ նախարարության՝ շահագրգիռ և պատասխանատու մարմինների հետ համագործակցության արդյունքում պարզ է դարձել նաև, որ համապատասխան էլեկտրոնային շտեմարանում ընդգրկված են հայրանվան, ազգանվան փոփոխություն իրականացրած, ինչպես նաև մահացած երեխաներ:
«Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտություն է առաջացել համակարգում գեներացված տվյալները վերստուգելու և ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) միջոցով ֆիլտրելու, որից հետո միայն հնարավոր կլինի ունենալ Հայաստանի Հանրապետությունում պարտադիր կրթությունից դուրս գտնվող երեխաների թիվ»,-հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հաշվեքննության հաջորդ արձանագրման համաձայն, պարտադիր կրթությունից դուրս մնալու պատճառները չեն հաշվառվել, և դրանց համակարգված վերլուծություն չի իրականացվել: Հաշվեքննիչ պալատը նշել է, որ պարտադիր կրթության համակարգում դպրոցական տարիքի անձանց ներգրավումն ապահովելու համար օրենսդրական պարտավորություն ունեցող՝ Խնամակալության և հոգաբարձության մարմինները 2024թ.-ին հայտնաբերել են (ըստ ԿԿՏՀ տվյալների) պարտադիր կրթությունից դուրս մնացած 695 անձ՝ 19 հազ. 605-ից (3.5%), իսկ կրթության համակարգում ընդգրկվել է ընդամենը 202-ը կամ մոտ 1%-ը:
Հաշվեքննիչ պալատի եզրակացության մեջ նշված է նաև, որ համադրելի երկրների համեմատությամբ Հայաստանում կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը հարաբերականորեն բարձր է: Օրինակ՝ 2023թ. տվյալներով Վրաստանում, Բելառուսում, Ղազախստանում ավագ դպրոցից դուրս է մնացել երեխաների մինչև 5%-ը, Հայաստանում՝ 15%-ը: Ինչ վերաբերում է տարրական դպրոցին, ապա գրեթե նույն պատկերն այստեղ է: Վրաստանում այդ ցուցանիշը գրեթե զրոյական է, Ղազախստանում չի հասնում 1%-ի, իսկ Հայաստանում դպրոցից դուրս մնացած երեխաների ցուցանիշը 11%-ին մոտ է:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մինչ օրս պարտադիր կրթությունից դուրս գտնվող երեխաների պաշտոնական որևէ տվյալ իրենք չեն հրապարակել՝ հաշվի առնելով, որ առկա թիվն, օբյեկտիվ պատճառներից ելնելով, չի արտացոլում իրական պատկերը, հետևաբար հրապարակման ենթակա չէ:
«Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի խմբում հիմնականում հայտնվում է երեխաների երկու խումբ՝ 6 տարեկան երեխաները, որոնք դեռևս չեն ընդգրկվել հանրակրթության մեջ, և կրթության հիմնական մակարդակը՝ 9-րդ դասարանն ավարտած սովորողները»,-նշում են նախարարությունից:
ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ պարտադիր կրթության մեջ 6 տարեկան երեխաներին ժամանակին ընդգրկելու հարցի կարգավորման նպատակով սահմանվել է, որ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ, 7 և 8 տարին լրանալու դեպքում սովորողն ընդունվում է իր տարիքային խմբին համապատասխան դասարան՝ ընդհանուր հիմունքներով:
Ըստ Հաշվեքննիչ պալատի՝ գործող կարգով սահմանված չեն ընթացակարգեր, որոնք հնարավորություն կընձեռեին սահմանահատումների հիման վրա ճշտելու ՀՀ-ից դուրս գտնվող 6-19 տարեկան անձանց թիվը։ Ծնողի դիմումի առկայության դեպքում երեխայի՝ արտերկիր մեկնելու կամ չմեկնելու վերաբերյալ փաստը բացահայտվում է երեխայի բնակության վայրի Խնամակալութան մարմնի հսկողության արդյունքում։ Եթե Խնամակալության և հոգաբարձության մարմինն իր համայնքում չի հայտնաբերում անձին, ապա հայտ է ուղարկում Ոստիկանությանը:
«Այլ կերպ ասած, գործող կարգավորումներով՝ սովորողին հայտնաբերելու հիմնական բեռը դրված է Խնամակալության և հոգաբարձության մարմնի և Ոստիկանության վրա, որը ծախսարդյունավետ և նպատակային արդյունավետ մոտեցում չէ՝ հաշվի առնելով սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում նշված տեղեկատվության առկայությունը»,-նշված է Հաշվեքննիչ պալատի եզրակացության մեջ:
Բացի այդ, արձանագրվել է, որ չեն իրականացվել ընթացակարգեր և առկա չեն տվյալներ այն մասին, թե ՀՀ-ից դուրս գտնվող 6-19 տարեկան անձանցից քանիսն են ընդգրկվել այլ երկրի կրթական համակարգում: Ըստ Հաշվեքննիչ պալատի՝ նշված խնդիրը կարող է կարգավորվել միջպետական համագործակցության շրջանակներում, տվյալ երկրի համապատասխան տվյալների շտեմարաններում ՀՀ քաղաքացի հանդիսացող 6-19 տարեկան անձանց՝ կրթական համակարգում ընդգրկվածության վերաբերյալ տեղեկատվության փոխանակմամբ։
Խոյ համայնքի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարից նույնպես հետաքրքրվեցինք, թե ինչպես են վերահսկում Հայաստանից մեկնող երեխաներին: Վարդան Ասատրյանն ասաց, որ վերահսկման որևէ մեխանիզմ չունեն և չեն կարող ասել՝ արդյոք արտերկրում կրթությունը շարունակում են:
«Ծնողը գալիս ասում է՝ գնում ենք արտերկիր, մենք իրավունք չունենք նրա դիմումը չընդունելու կամ երեխային դպրոցից չհանելու: Ես, երբ տնօրեն էի, խոստովանեմ, անցնելով իմ լիազորությունները, ասում էի՝ տոմսը բեր, տեսնեմ, որ մեկնում եք արտերկիր: Ծնողը տոմսը ցույց էր տալիս, հանում էի դպրոցից: Հանրապետության ներսում շարժը վերահսկելի է, սահմաններից դուրս՝ ոչ»,-ասում է փոխտնօրեն Ռուզաննա Գաբրիելյանը:
Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ պարտադիր կրթությունից դուրս մնալու պատճառները դեպք առ դեպք մոտեցմամբ բացահայտված չեն, չի իրականացվել կանոնակարգված վերլուծություն։
Նախարարությունից էլ տեղեկացնում են, որ 2023-2024թթ. ուսումնական տարվա արդյունքներով՝ 9-րդ դասարանում հանրակրթության մեջ ընդգրկված 41 հազ. 837 աշակերտից 39 հազ. 260-ը կամ 93,8%-ը ստացել է ավարտական վկայական: Նրանցից 24 հազ. 151-ը կամ 57,7%-ը կրթությունը շարունակել է ավագ դպրոցում, իսկ 12 հազ. 630-ը կամ 30,1%-ը՝ նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Ուսումը տարբեր պատճառներով, այդ թվում՝ երկրից գնալու հետևանքով կիսատ թողած աշակերտների թիվը 2439 է կամ 5,9%, իսկ սովորողների 0,23%-ը՝ 98 աշակերտ, մնացել է՝ կրկնելու 9-րդ դասարանի դասընթացը:
«Սովորողների այս խմբի՝ կրթության երկրորդ մակարդակից երրորդ մակարդակ անցումը սահուն ապահովելու, ինչպես նաև համապատասխան մշտադիտարկումներ իրականացնելու նպատակով՝ 2026-2027 ուսումնական տարվանից սկսած նախատեսվում է հիմնական դպրոցից ավագ դպրոց կամ նախանական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն սովորողի փոխադրումը և տեղափոխումը կազմակերպել բացառապես թվային եղանակով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի հարթակով»,-հայտնում են նախարարությունից:
Փաստացի, պետությունը հստակ չգիտի, թե քանի երեխա է դուրս մնացել պարտադիր կրթությունից, իսկ հրապարակված տվյալները ճշգրիտ չեն:
Մեկնաբանել