HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Մելիքբեկյանը՝ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը քառամյա ժամկետով ընտրվեց ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

«Ապրիլի 3-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանում է ՈՒԵՖԱ-ի 49-րդ հերթական կոնգրեսը: Օրակարգի կետերից մեկը ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունն էր: ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամ՝ քառամյա պաշտոնավարման ժամկետով»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Նախորդ շաբաթ «Հայկական առաջին ճակատ» շարժման ղեկավար Սերգեյ Ջանջոյանը անդրադարձել էր Մելիքբեկյանի՝ ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ դառնալու հնարավորությանը։ Նա նշել էր, որ 7 տեղի համար պայքարում է 11 թեկանծու, որոնցից մեկը ՀՖՖ նախագահն է։ Ջանջոյանի հրապարակման համաձայն՝ ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամի աշխատավարձը տարեկան շուրջ 197 000 եվրո է` 200 եվրո օրապահիկով։

Ըստ ՈւԵՖԱ-ի 2023-2024 թթ. ֆինանասական հաշվետվության, որը հրապարակվել է այսօր՝ ապրիլի 3-ին՝ իրականում Գործկոմի անդամները տարեկան ստանում են ֆիքսված 160 000 եվրո փոխհատուցում։ Գումարի չափը անփոփոխ է 2017 թվականից սկսած։

«Հայկական առաջին ճակատ» շարժումը երկար ժամանակ է՝ պահանջում է ՀՖՖ ղեկավարության հրաժարականը։ Ջանջոյանի խոսքով՝ այս հարցը հրաժարականի պահանջի համատեքստում չի շահարկվել, սակայն, եթե Մելիքբեկյանը չտեղեկացներ իր հրաժարականի ժամկետների մասին, Ջանջոյանը չէր բացառել, որ գուցե գնան ծայրահեղ քայլերի՝ նախաձեռնելով գործընթաց Մելիքբեկյանի՝ ՈՒԵՖԱ-ի գործկոմում հայտնվելը խոչընդոտելու ուղղությամբ։ 

Մելիքբեկյանն էլ իր հերթին խայտառակություն էր անվանել Ջանջոյանի այս հայտարարությունը՝ այն հակահայաստանյան քայլ որակելով։

«Թույլ չենք տալու նման հակապետական գործելաոճով աչքի ընկնող մարդկանց խոչընդոտել մի գործընթացի, որից միայն շահելու է հայկական ֆուտբոլը, և անելու ենք ամեն հնարավորը ֆուտբոլը նման մարդկանցից ազատելու համար»,- ասել էր Մելիքբեկյանը։

Մանրամասները՝ 

Հ.Գ. Նյութում կատարվել է լրացում։ Նախնական տարբերակում ներկայացրել էինք միայն Սերգեյ Ջանջոյանի հրապարակման մեջ նշված աշխատավարձի չափը, որը սխալ էր։

Լուսանկարը՝ ՀՖՖ կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter