
«Կարևոր է շարունակել մեր գործընկերային փոխգործակցությունը». Միրզոյանի ուղերձը Լավրովին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։
Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ:
Այս համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում, շնորհիվ համատեղ կառուցողական և արդյունավետ աշխատանքի, Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերություններն ամրապնդվել և ընդլայնվել են՝ հիմնվելով մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա:
Միջազգային հարաբերությունների փոփոխվող ճարտարապետության ժամանակակից պայմաններում կարևոր է շարունակել մեր գործընկերային փոխգործակցությունը՝ հիմնվելով մեր պետությունների շահերի վրա և ի բարօրություն մեր երկրների ու ժողովուրդների։
Մենք որպես ուղենիշ ունենք քաղաքական, սոցիալ-տնտեսական, մարդասիրական և այլ ոլորտներում երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունը և նպատակ ունենք շարունակել ու ընդլայնել բովանդակալից, մեր երկրների շահերին ամբողջությամբ համապատասխանող երկխոսությունը։
Ցանկանում եմ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ բոլոր աշխատակիցներին ամուր առողջություն, անսպառ էներգիա և հետագա հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։
Լուսանկարը՝ ԱԳՆ-ի
Մեկնաբանել