
Վրաստանին երկու անգամ պարտվելուց հետո Հայաստանի ընտրանին նահանջել է համաշխարհային ցուցակում
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական վարկանիշային ցուցակը: Հայաստանի հավաքականը, որն այս ընթացքում 2 պարտություն կրեց Վրաստանի ընտրանուց (0-3, 1-6), նահանջել է 2 հորիզոնական ու հիմա 102-րդն է համաշխարհային դասակարգման մեջ:
Ցուցակը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են Իսպանիան, Ֆրանսիան, Անգլիան, Բրազիլիան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Բելգիան, Իտալիան, Գերմանիան:
Աշխարհի 2026 թ. առաջնության ընտրական փուլում մեր ընտրանու առաջիկա մրցակիցներից Պորտուգալիան, ինչպես տեսնում ենք, 7-րդն է (-1 նախորդ ցուցակի համեմատ), Հունգարիան 37-րդն է (-7), իսկ Իռլանդիան՝ 60-րդը (չի տեղաշարժվել):
Հունիսի 6-ին Հայաստանի հավաքականը արտագնա ընկերական հանդիպում է անցկացնելու Կոսովոյի հետ, որն այս պահին 97-րդն է (+2) աշխարհում: Հունիսի 9-ին էլ մերոնք հյուր են գնալու Մոնտենեգրոյին, որը 73-րդն է (0):
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունի Ուկրաինան (25), նրան հաջորդում են Ռուսաստանը (35), Ուզբեկստանը (57), Վրաստանը (68), Բելառուսը (98), մյուսները Հայաստանի ընտրանուց ավելի ցածր դիրքերում են:
Մեր հարեւաններից ամենաբարձր հորիզոնականում Իրանն է, որը 18-րդն է (0), Թուրքիան 27-րդն է (+1), Վրաստանը, ինչպես ասվեց, 68-րդն է (0), իսկ Ադրբեջանը՝ 119-րդը (-2):
Հաջորդ վարկանիշային աղյուսակը կհրապարակվի հուլիսի 10-ին:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել