HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Պետբյուջեի միլիոններով ստեղծված «ԱՌՖԻ» ընկերությունը 2,5 տարի անց կլուծարվի

2022 թ. նոյեմբերին հիմնադրված «ԱՌՖԻ» ՓԲԸ-ն, որը պետական ընկերություն է, եւ որի կայացման համար պետբյուջեից միլիոնավոր դրամներ են ներգրավվել, առաջիկայում՝ իր ստեղծումից 2,5 տարի անց, կլուծարվի: Այս մասին «Հետքը» տեղեկացել է ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեից (ՊԳԿԿ):

«ԱՌՖԻ» ընկերության (ARFI անունն առաջացել է Armenia Financed անվան կրճատումից) 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է ԱՆԻՖ անունով: Հիշեցնենք, որ ԱՆԻՖ-ի պետական բաժնետոմսերի կառավարումն էլ հանձնված է ՊԳԿԿ-ին:

«ԱՌՖԻ»-ի ստեղծման նպատակի վերաբերյալ ԱՆԻՖ-ի այլեւս չգործող (արխիվացված) կայքում, մասնավորապես, կարդում ենք. «Armenia Financed-ը քրաուդֆանդինգային հարթակ է, որը թույլ է տալիս մարդկանց ամբողջ աշխարհից ներդրումներ կատարել Հայաստանում՝ մասնավոր բիզնեսներում եւ նոր ստարտափ նախագծերում եւ դառնալ դրանց մի մասը։ Հարթակի հիմնական նպատակներն են Հայաստանում բիզնես միջավայրի զարգացումը, ներդրողների համար լրացուցիչ եկամուտների ստեղծումը եւ Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումը։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր ոք կարող է ներդրումներ կատարել այն բիզնեսներում, որոնց հաջողությանը հավատում է: Մեր հարթակը թույլ է տալիս ստարտափին եւ մասնավոր բիզնեսին կապիտալ հավաքել առցանց: Ընկերությունները վաճառում են իրենց արժեթղթերը՝ լինի դա ընկերությունում սեփական կապիտալի, պարտքի, եկամտի մասնաբաժնի, փոխարկելի թղթադրամի եւ այլնի տեսքով»:

ԱՆԻՖ-ի նախկին փոխտնօրեն Սերգեյ Գրիգորյանը, որը նաեւ «ԱՌՖԻ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահն էր, «Հետքին» հայտնել է, որ ARFI-ն ոչ միայն ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակն էր Հայաստանում, այլեւ աշխարհում ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը, որի օպերատորը հենց պետությունն էր։

Մեր հարցումից հետո ուղարկած իր ծավալուն պատասխանում Գրիգորյանը ARFI-ն բնութագրել է որպես «եզակի հատկություններով հարթակ, որը կարող է հեռակա նույնականացնել հաճախորդներին եւ նույնիսկ հեռակա կարգով բացել հաշիվներ դեպոզիտարիայում: Ակնկալվում էր 3,9 մլրդ դրամ ներդրումներ ներգրավվել [ԱՆԻՖ-ի] ներդրումային կոմիտեի կողմից հաստատված 13 ծրագրերում (300-ից ավել հավակնորդներից), պետական ցանկացած ակտիվի սիստեմիկ IPO անելու հնարավորություն միջազգային ներդրողների եւ սփյուռքի համար»:

«ԱՌՖԻ» ընկերության չգործող (արխիվացված) կայքում տեղեկություն կա 4 ընկերությունների մասին, որոնցից երկուսում այս հարթակի միջոցով արդեն իսկ կատարվել են ներդրումներ (դրանցից մեկը հանդես է գալիս հեռահաղորդակցության ոլորտում, իսկ մյուսը մատուցում է փոստային ու սուրհանդակային ծառայություններ), իսկ մնացած երկուսում ներդրումներ ակնկալվում էին (սրանցից մեկը մատուցում է եռաչափ սկանավորման ու վիզուալացման, իսկ մյուսը՝ մաքրման ծառայություններ):

Այն բանից հետո, երբ ԱՆԻՖ-ը հայտնվեց կոռուպցիոն սկանդալի մեջ ու քրեական վարույթի առանցքում, ֆոնդը հիմնած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց ազատվել նրանից՝ այն տանելով լուծարման: 2024-ի օգոստոսի 29-ին Կառավարությունը որոշեց, որ մի քանի բաժնետիրական ընկերություններում ԱՆԻՖ-ի ունեցած բաժնետոմսերն ու հողամասերը որպես նվիրատվություն ընդունելուց հետո այն պետք է լուծարել: Այդուհանդերձ, Կառավարության որոշման մեջ «ԱՌՖԻ»-ում ունեցած 100 տոկոս բաժնեմասի նվիրատվության մասին որեւէ կետ չկա, այսինքն՝ դրա բաժնետոմսերը մնացել են ԱՆԻՖ-ի հաշվեկշռում: Փոխարենը գործադիրը որոշել է, որ ԱՆԻՖ-ն իրեն պատկանող ոչ նյութական ակտիվները պետք է նվիրի «ԱՌՖԻ» ՓԲԸ-ին, այլ կերպ ասած՝ դրանք մի պետական ընկերությունից փոխանցվել են մյուսին: Ոչ նյութական ակտիվ ասելով՝ պետք է հասկանալ ARFI հարթակն ու դրան առնչվող հավելվածները, որոնց հաշվեկշռային արժեքը գործադիրի 2024 թ. օգոստոսյան որոշման մեջ նշված է 224 մլն դրամ:

Պետգույքի կառավարման կոմիտեից տեղեկացել ենք, որ նվիրատվության պայմանագիրը կնքվել է 2024-ի սեպտեմբերի 19-ին:

«Նախագիծը (նկատի ունի ARFI հարթակը – հեղ.), որը կարող է ունենալ ռազմավարական եւ համակարգային նշանակություն Հայաստանի տնտեսության եւ սփյուռքից առցանց ուղղակի օտարերկրյա ներդրումների հավաքագրման համար, ակտիվորեն թաղվում է ծրագրի ներկա ղեկավարների կողմից,- ԱՆԻՖ-ի այսօրվա ղեկավարության մասին փետրվարի վերջին «Հետքին» ուղարկված նամակում ասել է նախկին փոխտնօրեն Սերգեյ Գրիգորյանն ու հավելել,- ես տեղեկություն եմ ստացել, որ ներկա ղեկավարները նախագիծը վաճառելու մի շարք անհաջող փորձեր են կատարել եւ, ի վերջո, ցանկանում են լուծարել Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը, որի ստեղծման վրա մեծ գումարներ են հատկացվել բյուջեից, եւ բարձրակարգ մասնագետներ շուրջ 4 տարվա աշխատանք են կատարել»:

«Հետքի» հարցմանն ի պատասխան՝ Պետգույքի կառավարման կոմիտեն ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է «ԱՌՖԻ» ընկերությունը վաճառելու անհաջող փորձերի մասին ինֆորմացիան: Փոխարենը ՊԳԿԿ նախագահի տեղակալ Գեղամ Հովսեփյանը, մեջբերելով գործող օրենսդրությունը, նշել է, որ պարտատերերի հանդեպ լուծարվող ընկերության (այս դեպքում՝ ԱՆԻՖ-ի՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի) պարտավորությունները բավարարելուց հետո մնացած գույքը լուծարման հանձնաժողովը բաշխում է բաժնետերերի միջեւ: Ու քանի որ «ԱՌՖԻ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը ԱՆԻՖ-ի հաշվեկշռում են, վերջինիս լուծարումից հետո դրանք որպես գույք անցնելու են Հայաստանի Հանրապետությանը՝ ԱՆԻՖ-ի միակ բաժնետիրոջը:

Ավելորդ չէ ասել, որ «ԱՌՖԻ» ընկերության կանոնադրական կապիտալը կամ բաժնետոմսերի արժեքը 411 մլն դրամ է: Սրա մեջ ներառված չէ նախորդ տարվա սեպտեմբերին ԱՆԻՖ-ից որպես նվիրատվություն ստացած ոչ նյութական ակտիվը (224 մլն դրամ հաշվեկշռային արժեքով):

«Նման պայմաններում ինձ համար բոլորովին անհասկանալի են պատրաստի նախագիծը վաճառելու փորձերը, առավել եւս այն լուծարելու ցանկությունը,- «ԱՌՖԻ» ՓԲԸ-ի մասին «Հետքին» փոխանցել է ԱՆԻՖ-ի նախկին փոխտնօրեն Գրիգորյանը,- խոսքը գնում է գործող ներդրումային ընկերության մասին, որի միայն Կենտրոնական բանկից ստացած լիցենզիան բազմաչարչար աշխատանքի արդյունք է եւ իրենից շատ մեծ արժեք է ներկայացնում, էլ չասած ոչ նյութական ակտիվների մասին (ծրագրային ապահովումը, գերորակյալ գովազդային հոլովակները): Նման պայմաններում խոսել նախագծի վաճառքի կամ լուծարման մասին մեղմ ասած պրոֆեսիոնալ եւ խելամիտ չէ»։

Նկատենք, որ «ԱՌՖԻ» ընկերությունը՝ որպես ֆոնդային արժեքների հետ կապված բորսային գործառնություններ իրականացնող կազմակերպություն, 2022-ի նոյեմբերի 29-ին պետական գրանցում է ստացել հենց ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից:

Չհերքելով «ԱՌՖԻ»-ն վաճառելու անհաջող փորձերի մասին Ս. Գրիգորյանի պնդումները՝ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Գ. Հովսեփյանը հաստատել է, որ ընկերությունը գնում է լուծարման: Ըստ այդմ՝ «ԱՌՖԻ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը (ԱՆԻՖ-ը, որն էլ ենթարկվում է Պետգույքի կառավարման կոմիտեին) օրեր առաջ՝ մարտի 18-ին, որոշում է կայացրել դիմել ԿԲ-ին՝ ընկերության լուծարման նախնական համաձայնություն ստանալու համար: Այս որոշման հիման վրա «ԱՌՖԻ» ՓԲԸ-ի տնօրեն Էդգար Էվոյանը մարտի 20-ին համապատասխան դիմում է ներկայացրել ԿԲ-ին:

ՀՀ կենտրոնական բանկի լուսանկարը՝ commons.wikimedia.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter