HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի դատավարությունը

Ապրիլի 1-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։

Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական եւ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարություններն ու դատավարության այլ մանրամասները։

Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, որ նիստի ընթացքում դատարանը հարցաքննել է գործով «տուժողներին»:

Մինչ հարցաքննությունը,  Զեյնալ Աղաևը «տուժողներին» բացատրել է օրենսդրությամբ նախատեսված նրանց իրավունքներն ու պարտականությունները։

Իր ցուցմունքում «տուժողներից» մեկն ասել է` չնայած իր ծառայության գտնվելու վայրը հեռու է եղել հայկական զինված ուժերի հետ շփման գծից, իբրև թե «հայկական զինուժի ականանետային կրակոցից տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել»: 

Մեկ այլ «տուժող» էլ պատմել է, թե իբր տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել «հայկական զինուժի կողմից արձակված ականանետի պայթելու հետևանքով, երբ փորձել է դուրս բերել ադրբեջանական զինուժի մեծամասշտաբ զոհված զինծառայողների դիերը»:

Հարցաքննվել են 20-ից ավելի «տուժողներ», նրանք ասել են, որ Ռուբեն Վարդանյանին ճանաչում են լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով, սակայն անձամբ չեն ճանաչում:

Նրանք ևս նշել են, թե իբր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, ականանետերի պայթյուններից, երբ զինվորական ծառայության մեջ են եղել։

Հարցաքննությունից հետո «տուժողները» պատասխանել են դատախազության և դատավորների հարցերին:

Այնուհետեւ ընթերցվել են «տուժողների» նկատմամբ իրականացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։ Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է ապրիլի 8-ին։

Նշենք, որ մարտի 13-ին Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկու ձայնային ուղերձ էր փոխանցել. մեկը խնդրել էր հրապարակել նույն օրը, հաջորդը՝ կիրակի։ Առաջին ուղերձով Վարդանյանը հայտնել էր, որ դադարեցնում է հացադուլը։ «Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ ունեի. ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ, ցույց տալ, որ այստեղ միայն  ինձ չեն դատում, դատում են բոլոր հայերին և հենց պետությանը, ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել Արցախում, այլ չհեռանալ»,-նշել է Ռուբեն Վարդանյանը:

Իսկ երկրորդ ուղերձով նա անձնական կյանքից դրվագ էր պատմել։

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի գործն անջատվել է Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմա-քաղաքական մյուս ղեկավարների գործից և քննվում է առանձին վարույթով։ Նրան առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է մինչև ցմահ ազատազրկում: Ռուբեն Վարդանյանը իր գործով առաջին նիստից առաջ՝ հունվարի 16-ին, ընտանիքի հետ հեռախոսազանգի միջոցով ուղերձ էր փոխանցել, որում նշել էր, որ մինչև հիմա իրեն հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը։ Ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ինքը չի տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված։ Նա նաև նշել էր, որ ճնշում է գործադրվել իր, իր փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Վարդանյանը պահանջում է բաց, հրապարակային դատաքննություն։

Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter