HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

11 տարվա պայքար. Լևոն Հունանյանի մահվան գործը կրկին փակման վտանգի տակ է

2014 թվականին 21-ամյա Լևոն Հունանյանը «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲԸ-ի 3-րդ մասնաշենքի տանիքի ապակյա թմբաձև երդիկի կոտրվելու հետևանքով ընկել է հատակին և նույն օրը հիվանդանոցում մահացել է։ Լ․ Հունանյանը 1-ին մասնաշենքում նախագծային աշխատանքներ է իրականացրել, 3-րդ մասնաշենքի տանիք է դուրս եկած եղել հեռախոսով խոսելու։ Լևոնի հայրը՝ Դավիթ Հունանյանը և նրա փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը պնդում են՝ դեպքի վայրում պահպանված չեն եղել անվտանգության մի շարք կանոններ, Լևոնին չեն իրազեկել այդ կանոնների մասին, ինչն էլ հանգեցրել է նրա մահվանը։

Դեպքի առթիվ նույն թվականին հարուցվել է քրեական գործ։ 11 տարի նախաքննություն է ընթացել, բայց գործը դատարան չի հասել, փոխարենը՝ 3 անգամ կարճելուց ու վերաբացելուց հետո գործով վերջին քննիչը կրկին կարճելու որոշում է կայացրել։ Լևոն Հունանյանի հայրը՝ Դավիթ Հունանյանը և փաստաբանը բողոքարկել են կարճման որոշումը, սակայն հսկող դատախազը օրեր առաջ մերժել է բողոքը։ Նրանք պատրաստվում են դիմել դատարան և ակնկալում են, որ 4-րդ անգամ ևս կվերաբացվի գործը։

Անդրադառնալով դեպքի մանրամասներին՝ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը պատմում է, որ Լևոն Հունանյանը, հանդիսանալով նախագծող, աշխատել է «Զևս ստուդիա» կազմակերպությունում, որը «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ընկերությունում պետք է նախագծային աշխատանքներ կատարեր՝ համաձայն պայմանագրի։ Կատարողներից մեկը եղել է Լևոն Հունանյանը։ Նրան «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ընկերությունում տրամադրվել է համապատասխան աշխատասենյակ։ Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի խոսքով՝ այդ տարածքում լայնածավալ շինարարական աշխատանքներ են կատարվել, և անվտանգության հետ կապված մի շարք խնդիրներ են եղել։ Աշխատողները պետք է իրազեկված լինեին անվտանգության կանոնների մասին, ինչպես նաև տեղում պետք է համապատասխան նշաններ լինեին, որ մարդիկ, անվտանգության կանոններին հետևելով, զերծ մնային որոշակի գործողություններ կատարելուց։

Լևոն Հունանյանի աշխատասենյակը եղել է առաջին մասնաշենքի երրորդ հարկում, նա իր սենյակից դուրս է եկել միջանցք, որտեղ տեղադրված է եղել բաց, դատարկ պատուհան՝ ապակին հանած․ դա բոլորի համար օգտագործվել է որպես դուռ՝ կից 3-րդ մասնաշենքի տանիք դուրս գալու համար։ Ըստ փաստաբանի՝ որևէ նշան չի եղել այն մասին, որ չի կարելի դուրս գալ այդ պատուհանով դեպի 3-րդ մասնաշենքի տանիք։

Հարթ տանիքում դրված են եղել երդիկներ, որոնք եղել են թմբաձև օրգանական ապակուց՝ կողքերից իզոգամով պատված։ Այդ երդիկներն ապահովել են մասնաշենքի արևային լուսավորությունը։ Եվ ոտքը դնելով այդ երդիկներից մեկի վրա՝ Լևոն Հունանյանն ընկել է ու մահացել։

Այդ պատուհանը շատ են օգտագործել  աշխատակիցները, քանի որ այնտեղ իրականացվել են շինարարական աշխատանքներ, բանվորներն այդտեղից ելումուտ են արել, և շինաղբը կից մասնաշենքի տանիքի վրայից նետել են ներքև։ Կից մասնաշենքի տանիք տանող դուռ է եղել նաև, որը, անվտանգության կանոններից ելնելով, մշտապես փակ է եղել, մինչդեռ պատուհանը, որով նույն տեղն են դուրս եկել, բաց է եղել բոլորի համար։ Բացի այդ՝ ըստ Դավիթ Հունանյանի՝ կից մասնաշենքի տանիքը եղել է միակ վայրը, որտեղ հեռախոսակապի հասանելիությունը լավ է եղել, ուստի հեռախոսով խոսելու համար բոլորն են այդտեղ դուրս եկել, և Լևոն Հունանյանը նույնպես տանիք էր դուրս եկել հեռախոսով խոսելու նպատակով։

Դավիթ Հունանյանի խոսքով՝ քանի որ ապակու եզրերը պատված են եղել իզոգամով, դա ստեղծել է տպավորություն, որ ապակու առնվազն տվյալ մասը հավելյալ ամրություն է ունենալու, մինչդեռ իզոգամը չէր կարող ապահովել բավարար ամրություն։ Եվ Լևոն Հունանյանը հեռախոսով խոսելու ընթացքում ոտքը դրել է ապակու՝ իզոգամով պատված հատվածի վրա, ինչի հետևանքով կոտրվել է ապակին։ Նա մեզ տրամադրեց նաև դեպքի վայրի լուսանկարները, որտեղ ջարդված ապակու վրա երևում են Լևոն Հունանյանի գլխի, ոտքերի տեղերը։ Ըստ երևույթին՝ Լևոն Հունանյանը փորձել է ձեռքերով պահել իրեն, սակայն չի կարողացել։

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ասում է՝ այդ շենքի կառուցման 60-70-ական թվականների նախագծերն են ուսումնասիրել, ինչից պարզվել է, որ երդիկները պետք է ունենային երկաթե խաչուկներ, ճաղեր, ինչը չի եղել։ Սակայն, օրինակ, առաջին մասնաշենքի տանիքի վրայի երդիկներն ունեցել են անվտանգությունն ապահովող մետաղյա խաչուկներ։

Լիպարիտ Սիմոնյանն ասում է՝ ի սկզբանե մտածել են, որ գործի քննությունը պատշաճ կիրականացվի, սակայն այդպես չի եղել։ Ըստ նրա՝ «Զևս ստուդիայի» և Լևոն Հունանյանի միջև պետք է կնքված լիներ աշխատանքային պայմանագիր, նախաքննության ընթացքում «Զևս ստուդիան» ներկայացրել է այդպիսի պայմանագիր, ինչը, հետագայում պարզվել է, որ կեղծ է։ «Զևս ստուդիայի» տնօրեն Հարություն Մուրադյանը պայմանագիրը կեղծել է՝ դրանում նշելով, որ Լևոն Հունանյանն իրազեկվել է անվտանգության կանոնների մասին։ «Զևս ստուդիայի» աշխատակիցներն իրենց ցուցմունքներում նշել են, որ անվտանգության կանոնների վերաբերյալ ոչ ոք չի իրազեկել իրենց։

Պայմանագրի կեղծ լինելու վերաբերյալ կասկածը ծագել է Լևոն Հունանյանի հոր՝ Դավիթի գլխում։ Նա պատմում է, որ դեպքից 3-4 օր հետո գնացել է ցուցմունք տալու քննիչի մոտ, որտեղ նրան ցույց են տվել տղայի աշխատանքային պայմանագիրը, նա ցանկացել է վերցնել, քննիչը չի թույլատրել, սակայն Դավիթ Հունանյանի մոտ տպավորվել է այդ պայմանագիրը։ Դեպքից 2 տարի անց, երբ գործն արդեն այլ քննիչի մոտ է եղել, «Զևս ստուդիայի» տնօրեն Հարություն Մուրադյանը նախաքննության մարմնին է ներկայացրել կեղծ պայմանագիրը, Դավիթ Հունանյանը նկատել է, որ դա քաղաքացիաիրավական պայմանագիր է, ոչ թե աշխատանքային, ինչը կասկածի տեղիք է տվել։ Այնուհետև, մի քանի փորձաքննություն անցնելուց հետո հաստատվել է, որ ներկայացված պայմանագիրը կեղծ է, և դրանում Լևոն Հունանյանի ստորագրությունը կեղծված է։ 

Հարություն Մուրադյանին 2020 թվականին՝ դեպքից միայն 6 տարի անց է մեղադրանք առաջադրվել թե՛ անվտանգության կանոնների խախտման, թե՛ փաստաթղթի կեղծման համար։ Նա երկու դրվագներով էլ ընդունել է մեղքը, բայց քանի որ արդեն անցած են եղել վաղեմության ժամկետները, իր մասով գործը կարճվել է։ Դավիթ Հունանյանը կրած նյութական և բարոյական վնասի փոխհատուցման պահանջով քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Հարություն Մուրադյանի և փոխհատուցում է ստացել մոտ 1 մլն դրամ։

Իսկ ինչ վերաբերում է քրեական գործի կարճումներին, Լիպարիտ Սիմոնյանը պատմում է՝ առաջին անգամ գործը կարճվել է 2015 թվականին՝ պատճառաբանությամբ, որ գործում մեղադրյալ ներգրավելու անձ չկա։ Սակայն գործը հսկող դատախազը բավարարել է իրենց բողոքը և վերաբացել գործը։ Գործը երկրորդ անգամ կարճելու որոշումը կայացրել է մեկ այլ քննիչ, 2016 թվականին։ Այս անգամ ևս դատարանի որոշմամբ՝ գործը վերաբացվել է, և նոր քննության ընթացքում է հայտնաբերվել Հարություն Մուրադյանի կողմից փաստաթղթի կեղծման դեպքը։ Երրորդ անգամ գործը կարճվել է 2023 թվականին, և կարճման որոշումը կրկին վերացվել է։ Իսկ վերաբացման համար հիմք է հանդիսացել այն, որ նոր Քրեական դատավարության օրենսգրքով Դատախազությունը պետք է նյութերը ներկայացներ դատարան, ինչը չէր արել։ Արդեն 2024 թվականի վերջին գործը վարույթ է ընդունել նոր քննիչ՝ Ջուլիետա Շմավոնյանը, որը, Լիպարիտ Սիմոնյանի խոսքով, առանց որևէ գործողություն կատարելու նորից կարճել է գործը։ «Մի քանի տեխնիկական ձևակերպումների փոփոխմամբ նորից կարճել է գործի վարույթը»,- նշում է Լիպարիտ Սիմոնյանը՝ հավելելով, որ այս քննիչը նույնիսկ որևէ փորձաքննություն չի նշանակել։ Օրեր առաջ Լիպարիտ Սիմոնյանն ու Դավիթ Հունանյանը ստացել են հսկող դատախազի որոշումը՝ կարճման վերաբերյալ իրենց բողոքը մերժելու մասին, այժմ պատրաստվում են դիմել դատարան՝ չորրորդ անգամ գործը վերաբացելու համար։

Դավիթ Հունանյանն ու Լիպարիտ Սիմոնյանն ակնկալում են, որ «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ընկերության պատասխանատու անձինք՝ ընկերության շինգծով տեղակալը, անվտանգության գծով տեղակալը և տնօրենը, ևս մեղավոր ճանաչվեն քրեական գործում, քանի որ շենքի պատասխանատուն, անվտանգությունն ապահովողը եղել են հենց իրենք։ Լիպարիտ Սիմոնյանը նշում է՝ վաղեմության ժամկետներն անցել են և այսպես թե այնպես պատիժ չեն կրելու իրենք, սակայն կարևոր է, որ իրենց գործողություններին տրվի քրեաիրավական գնահատական․ «Խնդիրն այն է, որ այդ մարդկանց գործողություններին իրավական գնահատական տրվի, որ մյուսները գոնե իրենց աշխատանքներում կամ գործունեությունում այդպիսի խախտումներ թույլ չտան, ոչ թե այսպես անհետևանք գործը փակվի»,- ասում է փաստաբանը։

«Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ընկերության հիմնական հակափաստարկն այն է, որ դեպքը տեղի է ունեցել ոչ աշխատանքային օր՝ 2014 թվականի ապրիլի 13-ին՝ կիրակի, հետևաբար Լևոն Հունանյանը չպետք է աշխատանքի գար։ Սակայն, գործում կա ապացույց, որ «Զևս ստուդիայի» տնօրեն Հարություն Մուրադյանը դիմում է ուղարկած եղել «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ընկերությանը, որ թույլատրեն նախագծային աշխատողներին ցանկացած օր և ցանկացած ժամի մուտք գործել այդ տարածք։

Լիպարիտ Սիմոնյանն ասում է՝ գործի ամբողջ քննության ընթացքում տարբեր բնույթի շուրջ 8 փորձաքննություն է նշանակվել և իրականացվել։ «Հետաքրքիրն այն էր, որ երբ փորձագետները եզրակացություն էին տալիս ինչ-որ բանի մասին, որից կարելի էր բռնվել և առաջ գնալ, այդ թվում՝ մեղադրանք առաջադրել, կանչում, փորձագետին հարցաքննում էին, փորձագետը հերքում էր իր տված եզրակացությունը, ինչը հիմք էր հանդիսանում գործի վարույթը կարճելու համար»,- նշում է փաստաբանը։

Չնայած փորձագետների եզրակացությունների տարբեր կետերի շուրջ անհամաձայնություններ ունեցել են Դավիթ Հունանյանն ու Լիպարիտ Սիմոնյանը, սակայն պնդում են՝ բոլոր դեպքերում փորձագետները նշել են պատասխանատու անձանց անունները, որոնք խախտել են անվտանգության կանոնները, և եղել են բավարար ապացույցներ, որ նրանց մեղադրանք առաջադրեին։ «Եթե պատուհանը փակ լիներ, կամ նշան լիներ տեղադրված, կամ Լևոնն իրազեկված լիներ անվտանգության կանոնների մասին, այդ հետևանքը չէր առաջանա, մարդը չէր գնա հասներ էնտեղ։ Այսինքն՝ եթե պահպանվեին անվտանգության կանոնները, հետևանքը չէր առաջանա»,- նշում է փաստաբանը։

Դավիթ Հունանյանն ասում  է՝ այսօրվա «Մերիդյան հոլդինգի» տնօրեն Սամվել Մանուկյանը, որ դեպքի ժամանակ եղել է «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ»-ի շինարարության գծով փոխտնօրեն,  իր առաջին ցուցմունքում նշել է, որ անվտանգության ոչ մի նշան տարածքում դրված չի եղել, և դրանց տեղադրումն ընթացքի մեջ է եղել, սակայն դեպքից հետո այդ վայրում հայտնվել է տեխանվտանգության հրահանգ՝ ռուսերենով, որի վրա գրված է եղել տեղադրման ամսաթիվ՝ իբրև մարտի 31, այսինքն՝ իբրև դեպքից մի քանի օր առաջ է դրվել դա։ Դավիթ Հունանյանը նշում է՝ այն, որ այդ հրահանգը իրականում տեղադրվել է դեպքից հետո, վկայում են նաև դրա տեղադրման վերաբերյալ տրված հակասող ցուցմունքները։ 

Դավիթ Հունանյանի խոսքով՝ Սամվել Մանուկյանը 9 տարի առաջ իր ցուցմունքում նշել է, որ իրենց մոտ ընթացել են ակտիվ շինարարական աշխատանքներ, սակայն 9 տարի հետո հակասել է իրեն՝ փորձագետին և քննիչին հայտնելով, որ տարածքում դեպքի ժամանակ շինաշխատանքներ չեն կատարվել, դրանք շատ վաղուց են կատարվել։ Իսկ քննիչը, ըստ Դավիթ Հունանյանի, հաշվի չառնելով 20-ից ավելի ցուցմունքներն այն մասին, որ կատարվել են դեպքի վայրում շինաշխատանքներ, որպես ելակետ վերցրել է Սամվել Մանուկյանի վերջին գրությունը, և փորձագետն էլ ի գիտություն է ընդունել դա։ Դավիթ Հունանյանը ցանկանում է արդար քննություն, նրա համոզմամբ՝ ցուցմունք տվողները ասում են խոսքեր ոչ թե իրականությանը համապատասխանող, այլ ըստ անհրաժեշտության՝ ամեն ինչ անելով, որ «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ընկերության որևէ աշխատողի մեղադրանք չառաջադրվի։

Ամենաաղավաղված և փաստերի ակնհայտ հակասություններով փորձաքննությունը, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի համոզմամբ, եղել է վերջինը՝ 2023 թվականին իրականացվածը։ Փորձաքննությունը տևել է 1 տարի 9 ամիս, մինչդեռ նախորդ փորձաքննությունները նույն գործի վերաբերյալ տևել են 3-4 ամիս։ Դավիթ Հունանյանն ու իր փաստաբանն այստեղ ևս գործն անհարկի ձգձգելու միտում են տեսնում։

Գործում խնդրահարույց է նաև այն հանգամանքը, որ խախտվել է դեպքի վայրը։ Դեպքից կարճ ժամանակ անց՝ մոտ 1 տարի անց, սկսել են դեպքի վայրում փոփոխություններ իրականացնել, մինչդեռ գործի քննությունն ընթացքի մեջ է եղել։ Երդիկը, որի կոտրվելու հետևանքով ընկել է Լևոնը, այժմ բետոնապատված է։ 

«Գործը շատ կազմակերպված է, բայց շատ փնթի է կազմակերպված, քանի քննիչ ավելացել է, կեղծիքները այդքան շատացել են»,- նշում է Դավիթ Հունայանը։ Գործի քննիչների և «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ընկերության միջև հնարավոր կապերի մասին հաստատված տեղեկություններ չունի Դավիթ Հունանյանը, սակայն փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը նշում է․ «Գործի հանգամանքները ցույց են տալիս, որ այդպիսի կապ կամ ուղղորդում եղել է»։ Դավիթ Հունանյանն ասում է՝ անելու է ամեն բան, որ որդու մահվան մեղավորների արարքներին տրվեն քրեաիրավական գնահատականներ, և թույլ չի տա, որ առանց որևէ հետևանքի գործը կարճվի։

Գլխավոր նկարում՝ Լևոն Հունանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter