HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էներգետիկ ըմպելիքների ամենօրյա օգտագործումը 26%-ով բարձրացնում է 2-րդ տիպի դիաբետի զարգացման ռիսկը, 30%-ով՝ ճարպակալման ռիսկը

Դեռահասները, ովքեր հաճախակի օգտագործում են Էներգետիկ ըմպելիքներ

  • 9.9 անգամ ավելի հաճախ են սկսում ծխել,
  • 2.5 անգամ ավելի հաճախ ալկոհոլ են օգտագործում,
  • 3.4 անգամ ավելի հաճախ են օգտագործում թմրամիջոցներ:

Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Կարող ենք փաստել, որ էներգետիկ ըմպելիքների հաճախակի օգտագործումը կապված է ռիսկային վարքագծի հետ։

Ներկայացնում ենք էներգետիկ ըմպելիքների օգտագործման տարածվածությունն ու առողջության վրա դրանց ազդեցությունները՝ գիտական հետազոտությունների արդյունքների վերլուծություն:

Էներգետիկ ըմպելիքները (ԷԸ) քաղցր գազավորված հեղուկի ձևով, հարստացված կոֆեինի բարձր կոնցենտրացիայով, առաջին անգամ ներկայացվել են 1962 թվականին Ճապոնիայում։

Դրանք մշակվել էին որպես այլընտրանք ամֆետամինին՝ երկրի տարածքում 1950-ական թվականներին արգելված հզոր նարկոտիկ հոգեխթանիչին, որը լայնորեն կիրառվում էր մինչև 1950թ: 1980-ականների սկզբին այս ըմպելիքները տարածվեցին ԱՄՆ-ում և Եվրոպայում։

Վերջին տարիներին ամբողջ աշխարհում ԷԸ-ի օգտագործման մակարդակը զգալիորեն աճել է, հատկապես երիտասարդների շրջանում, ովքեր դրանք հաճախ կիրառում են հոգնածությունը հաղթահարելու, քնկոտությունը նվազեցնելու և ուշադրության ու կենտրոնացման մակարդակը բարձրացնելու նպատակով։

Այնուամենայնիվ, բազմաթիվ հետազոտությունների արդյունքները վկայում են, որ ԷԸ-ի օգտագործումը կարող է հանգեցնել առողջության վրա անբարենպաստ լուրջ ազդեցությունների։

ԷԸ-ը՝ ոչ ալկոհոլային ըմպելիքներ են, որոնք պարունակում են ջուր, շաքար, կոֆեին, վիտամիններ, հանքանյութեր և խթանիչ նյութեր (գուարանա, տաուրին, Լ-կարնիտին)։ Հիմնական ռիսկերը կապված են ԷԸ-ում շաքարի (40-47 գ մեկ բանկայի մեջ) և կոֆեինի (80-500 մգ մեկ բանկայի մեջ) բարձր պարունակության հետ։ ԷԸ-ի ստանդարտ չափաբաժինը (230 գ) կարող է պարունակել 40-47 գ շաքար (10-14 թեյի գդալ), 80-500 մգ կոֆեին։ Համեմատության համար՝ մեկ բաժակ սուրճը պարունակում է մոտ 12 մգ կոֆեին։ Միջինում, առողջ դեռահասների համար, կոֆեինի թույլատրելի քանակը կազմում է 2,5 մգ/կգ քաշի։

Այսպիսով, 40 կգ քաշ ունեցող դեռահասի համար կոֆեինի առավելագույն թույլատրելի քանակը 100 մգ է, որը մեծ մասամբ գերազանցվում է ԷԸ օգտագործողների կողմից, հատկապես եթե գումարես նաև օրական օգտագործվող սուրճը, թեյը, կոկա կոլան։

Իրենց բաղադրության շնորհիվ, ԷԸ-ները խթանող ազդեցություն են ունենում կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ ժամանակավորապես բարձրացնելով մտավոր ակտիվությունն ու ֆիզիկական դիմադրողականությունը։ Սակայն այս ազդեցությունը պահպանվում է միայն 3-4 ժամ, այնուհետև առաջանում է արտահայտված հոգնածություն և ճանաչողական գործառույթների անկում։ Կանոնավոր օգտագործման դեպքում ձևավորվում է կոֆեինի հանդեպ տոլերանտություն, ինչը պահանջում է դեղաքանակի ավելացում՝ նախկին ազդեցությունը պահպանելու համար։ Ժամանակի ընթացքում մարդը սկսում է զգալ ԷԸ-ների մշտական կարիք, զարգանում է կախվածություն: 

ԷԸ-ի օգտագործման տարածվածությունը լայնորեն փաստագրված է գիտական գրականության մեջ։ 2023 թվականին կատարված մետավերլուծությունը, որը ընդգրկել է 192 հետազոտություն, ցույց է տվել, որ մարդկանց 54․7%-ը կյանքի ընթացքում առնվազն մեկ անգամ օգտագործել է ԷԸ, իսկ 31․2%-ը հանդիսանում է դրանց կանոնավոր սպառող։

Օգտագործողների հիմնական խումբը հանդիսանում են դեռահասներն ու երիտասարդները (13–35 տարեկան), որոնք կազմում են ընդհանուր սպառողների 66%-ը։

ԷԸ-ի օգտագործման տարածվածության տարածաշրջանային տարբերությունների ուսումնասիրությունը ցույց են տալիս դրանց օգտագործման բարձր հաճախականությունը Մերձավոր Արևելքում։

Օրինակ, Սաուդյան Արաբիայում դեռահասների շրջանում ԷԸ-ի օգտագործման տարածվածությունը կազմում է 45%, որոնցից 25%-ը դրանք օգտագործում է կանոնավոր կերպով։

Եվրոպական երկրներում իրականացված հետազոտությունների համաձայն՝ ԷԸ-ի օգտագործման տարածվածության ցուցանիշը կազմում է 10-20%։ Հայաստանում հատուկ հետազոտություններ չեն իրականացվել, սակայն Արևելյան Եվրոպայի տվյալներից ելնելով՝ ենթադրյալ տարածվածությունը երիտասարդների շրջանում կազմում է 15-20%։

Հիմնական ռիսկային խմբերն են 12-18 տարեկան դեռահասներն ու արական սեռի ներկայացուցիչները։ Տղամարդիկ 1.3-2.5 անգամ ավելի հաճախ են օգտագործում ԷԸ-ը, քան կանայք, ընդ որում նրանց շրջանում ավելի բարձր է ԷԸ-ի կանոնավոր օգտագործողների մասնաբաժինը։ Հաճախակի սպառողների (>3 բանկա օրական) շրջանում տղամարդկանց և կանանց հարաբերակցությունը կազմում է 4:1։

ԷԸ-ի օգտագործման հիմնական պատճառների թվում նշվում են քնի պակասը և սպորտային ծանրաբեռնվածությունը։ Օրինակ, ուսանողների շրջանում իրականացված հետազոտության արդյունքների համաձայն՝ նրանց 51%-ը նշել է, որ ԷԸ-ը օգտագործում է քնի պակասի պատճառով, 20%-ը՝ մարզական ցուցանիշները բարձրացնելու համար, իսկ 25-30%-ը՝ ալկոհոլի հետ համատեղ։

ԷԸ-ում կոֆեինի և շաքարի բարձր պարունակությունը նպաստում է առողջության համար մի շարք բացասական հետևանքների զարգացմանը, ինչը հաստատվել է բազմաթիվ համաճարակաբանական և փորձարարական հետազոտություններում։

Ազդեցությունը սիրտանոթային համակարգի վրա․

ԷԸ-ի օգտագործման դեպքում կարող են առաջանալ՝ հաճախացած սրտխփոց, կրծքավանդակի ցավեր: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ԷԸ-ի չարաշահումը բարձրացնում է զարկերակային ճնշումը (սիստոլիկ ճնշման աճ՝ 4-6 մմ ս․ս․) և երկարացնում QTc ինտերվալը, մեծացնելով առիթմիաների ռիսկը։ Ռիսկը բարձրանում է, եթե ԷԸ-ը օգտագործվում են ալկոհոլի հետ միասին։

2020 թվականին կատարված մետավերլուծության համաձայն՝ արձանագրվել է 300–500 մգ կոֆեինի ընդունման հետ կապված սրտի կանգի 9 դեպք, որոնցից 3-ը եղել են մահացու։

ԱՄՆ-ում յուրաքանչյուր տարի գրանցվում է ԷԸ-ի օգտագործման հետևանքով անհետաձգելի բուժօգնության կարիքի 20,000 դեպք, որոնցից 1.7%-ը պահանջում է հոսպիտալացում։

Հոգեկան և վարքային ռիսկեր

ԷԸ-ի հաճախակի օգտագործողների շրջանում 4.7 անգամ ավելի հաճախ են գրանցվում գլխացավեր, 3.6 անգամ՝ քնի խանգարումներ, և 4.1 անգամ՝  գրգռվածություն։ Կրկնապատկվում է դեպրեսիայի ռիսկը։ Երկբևեռ խանգարում և որոշ այլ հոգեկան հիվանդությունների դեպքում նշվել են մանիակալ դրվագներ,  մանիաներ։

ԷԸ-ի հաճախակի օգտագործումը կապված է ռիսկային վարքագծի հետ։ Դեռահասները, որոնք օգտագործում են ԷԸ, 9.9 անգամ ավելի հաճախ են սկսում ծխել, 2.5 անգամ ավելի հաճախ՝ ալկոհոլ են օգտագործում, և 3.4 անգամ ավելի հաճախ են օգտագործում թմրամիջոցներ։

Մեթաբոլիկ հետևանքներ

ԷԸ-ի ամենօրյա օգտագործումը 26%-ով բարձրացնում է 2-րդ տիպի դիաբետի զարգացման ռիսկը, 30%-ով՝ ճարպակալման զարգացման ռիսկը։

Այլ հետևանքներ

ԷԸ-ի միջոցով կոֆեինի չափից մեծ քանակությամբ ընդունումը կարող է հանգեցնել մարսողական տրակտի աշխատանքի խանգարմանը, սրտխառնոցի, փսխման,  որովայնի ցավերի, ինչպես նաև կարող է աջացնել գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն և էզոֆագիտ: Շաքարի ավելցուկը կարող է խաթարել աղիների միկրոֆլորայի նորմալ հավասարակշռությունը:

Առնետների վրա իրականացված փորձարարական հետազոտությունում ցույց է տրվել, որ 400 մգ/կգ կոֆեինի օգտագործումը վնասում է երիկամային խողովակները։

ԷԸ հաճախակի օգտագործումը նպաստում է ատամների էմալի քայքայմանը։

Ալկոհոլի և ԷԸ համակցված օգտագործումը 2-3 անգամ բարձրացնում է վնասվածքների հավանականությունը։

ԷՆ-ների օգտագործման և դրանց հետ կապված ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ են համապարփակ միջոցառումներ, որոնք ներառում են՝

  • Վաճառքի տարիքային սահմանափակումներ.

ԷՆ-ի վաճառքի արգելք անչափահասներին, ինչպես արդեն իրականացված է մի շարք երկրներում։

Վաճառքի սահմանափակումներ դպրոցներում, համալսարաններում և մարզական հաստատություններում։

  • Մարքեթինգային և տեղեկատվական միջոցառումներ.

Ակտիվ գովազդի արգելք, հատկապես՝ երիտասարդությանը ուղղված գովազդների նկատմամբ։

ԷԸ-ի բանկաների վրա դրանց օգտագործման հետ կապված հնարավոր առողջական վնասների մասին տեղակատվության տեղադրում։

  • Դպրոցահասակների և ուսանողների շրջանում ԷԸ-ի վնասակար ազդեցությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված կրթական ծրագրերի իրականացում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter