
Գյումրիում ընդդիմադիր երկու ուժ հայտարարել է Վարդան Ղուկասյանին միանալու մասին
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում պայքարող քաղաքական ուժերից ոչ մեկին չի հաջողվել մեծամասնություն կազմել, այնպես որ չեն կարող քաղաքապետ ընտրել՝ առանց կոալիցիա կազմելու։ Ուստի, ընդդիմադիր ուժերը՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը եւ «Մայր Հայաստան» դաշինքը, որոշել են միավորվել՝ սատարելով գյումրեցիների առավել շատ քվեները ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին՝ Վարդան Ղուկասյանին։ Նա անկուսակցական է և գլխավորում է Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակը:
«Իմ հզոր համայնք» կուսակցության առաջնորդ Ռուբեն Մխիթարյանի հայտարարությունը՝ ստորև․
«Սիրելի գյումրեցիներ: Շնորհակալ եմ ձեզ, որ այս կարևոր շրջափուլում դուք կանգնեցիք իմ կողքին, իմ թիկունքին և իմացեք, յուրաքանչյուր քվե, որ ստացել եմ ձեզնից ինձ համար անգին է:
Ես, որպես «Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու, հայտարարում եմ.
Պատրաստ եմ մեր ավագանիների կազմով առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին, քանի որ առաջադրվելուց ես ձեզ խոստացել էի` չհաղթելու դեպքում սատարելու եմ գյումրեցիների առավել շատ քվեները ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին:
Ուրախ եմ, որ իմ դերն եմ ունեցել այն բանում, որ այս պատուհաս իշխող ուժը չկարողանա հաղթել Գյումրիում: Հավատում եմ, որ սրանց անկումների շարքը սկսված է:
Իմաստնություն բոլորիս և բարի լուսաբաց հարազատ քաղաքիս»:
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը նույնպես հայտարարել է, որ դաշինքի ձայները տալիս է առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին` Վարդան Ղուկասյանին:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։ Ավագանու 33 տեղի համար պայքարում է 371 թեկնածու։
Մեկնաբանել