
Խախտումների 5 արձանագրություն՝ Բաղրամյան գյուղի ընտրատեղամասում
Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղի դպրոցի շենքում տեղակայված թիվ 14/4 ընտրատեղամասի գրանցամատյանում արդեն 5 ընտրախախտման մասին գրառում է կատարվել։
3 գրառում կատարել են «Կայունություն» կուսակցության վստահված անձինք, իսկ 2-ը՝ «Հայաքվե» դիտորդական խմբի ներկայացուցիչները։
Գրառումները հիմնականում վերաբերում են հանձնաժողովի անդամների ներս ու դուրս անելուն, դրսում այլ քաղաքացիների հետ շփվելուն, տեղամասում այլ անձանց գտնվելուն, որոնք հետևել են ընտրություն կատարող քաղաքացիներին։
«Հայաքվեից» Անահիտ Պատատյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ նկատել է, թե ինչպես է ընտրողը ներկայացել քվեարկության և տեղում պարզել, որ իր անվան դիմաց ստորագրված է արդեն։ Երբ դիտորդը մոտեցել է, որ տեսնի, թե ինչ է կատարվում, հանձնաժողովի անդամները հորդորել են չխանգարել։
Հանձնաժողովի նախագահ Լալա Փիլիպոսյանն ասաց, թե հանձնաժողովի անդամն ընդամենը տողերն է խառնել։
«Սա եղել է միակ դեպքը»,- նշեց Լ. Փիլիպոսյանը։
Նշենք, որ Փարաքար համայնքի ղեկավարումը ստանձնելու համար հայտ է ներկայացրել քաղաքական չորս ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Կայունություն» կուսակցությունները և «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝ բաղկացած «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից:
Բաղրամյանի թիվ 14/4 ընտրատեղամասում գրանցված է 1098 ընտրող, որից ժամը 15:30-ի դրությամբ քվեարկել էր 457 ընտրող։
Մեկնաբանել