
Գյումրու 31/03 ընտրատեղամասում ընտրողի տվյալները բացակայում էին, նա չկարողացավ մասնակցել ընտրությանը
Գյումրու 31/03 ընտրատեղամասում ընտրողներից մեկը չկարողացավ քվեարկությանը մասնակցել, քանի որ տվյալների շտեմարանում նրա անձնագրային տվյալները բացակայում էին։
Հովհաննես Սիմոնյանը 58-րդ թաղամասից է։ Ասում է՝ միշտ իր ընտրությունը կատարել է Շիրակի պետական համալսարանում տեղակայված ընտրատեղամասերից որևէ մեկում, եթե սխալ տեղամասի է մոտեցել, համակարգում երևացել է, թե որտեղ է գրանցված, աշխատակիցներն ուղղորդել են այնտեղ։
Այսօր՝ ժամը 11։40-ի սահմանում, երբ մոտեցել էր քվեարկելու, նրան հայտնել են, որ ընտրողների գրացման համակարգում իր անձնագրային տվյալները չկան։ Հովհաննեսին ուղղորդեցին դիմել անձնագրային բաժին՝ խնդիրը հասկանալու համար։ Ըստ հանձնաժողովի նախագահ Մարիամ Պետրոսյանի՝ նման խնդիր կարող է առաջանալ, երբ քաղաքացին չունի գրանցում։
Հովհաննեսն ասաց, որ իր նախընտրած թեկնածուից մեծ սպասելիքներ ունի, բայց ցավում է, որ չկարողացավ մասնակցել ընտրությանը։
«Ոչ մեկին հանցագործության վրա չեմ բռնել, բան չեմ կրնա ըսեմ, թե ինչն է պատճառը, բայց գնալու եմ անձնագրային, տեսնեմ որն է պատճառը, որ իմ ձենը չգնա կորի»,- ասաց նա։
Ընտրատեղամասի մուտքի մոտ կանգնած էր Ոստիկանության աշխատակիցը, ով, տեսնելով, որ լուսանկարում ենք, հետ քաշվեց դռնից, նա ընտրատեղամասի ներսում չէր, բայց կանգնել էր մուտքի դռան դիմաց, որտեղից երևում էր ամբողջ սենյակը։ Հանձնաժողովի նախագահը մեկնաբանեց, որ խնդրել էր նրան կուտակումներ տեսնելիս ասել ընտրողներին, որ ներս չմտնեն։ Քիչ անց նրան մոտեցավ մի քանի ոստիկան, որոնք երկար ժամանակ է՝ կանգնած են ընտրատեղամասի նախասրահում։
31/03 տեղամասում ժամը 12։00-ի դրությամբ 1834 գրանցված ընտրողներից ընտրությանը մասնակցել է 211-ը։
Գլխավոր լուսանկարում՝ Հովհաննես Սիմոնյանը
Մեկնաբանել