
Հայաստանն ու Ռուսաստանը հետախուզվողներին դժվարությամբ են միմյանց փոխանցում
Վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի արդարադատության նախարարությունը մարդկանց արտահանձնելու մասին օտար երկրների 452 պահանջ է մերժել: Արտահանձնելու պահանջով Հայաստանին դիմել է 23 երկիր։ «Մերժվածների» առաջին եռյակում են՝ Ռուսաստանը (305 պահանջ), Իրանը (48 պահանջ), Վրաստանը (20 պահանջ)։
2025թ. մարտի 12-ին, ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացի ժամանակ, Երևանում ձերբակալվել էր Ռուսաստանի Դաշնությունում զինծառայությունից խուսափելու համար մեղադրվող 30-ամյա Նիկոլայ Զոնովը։
Նիկոլայ Զոնովի կինը՝ Արևիկ Զոնովան, սոցիալական ցանցերում հրապարակումներ էր արել, որ վախենում է՝ ամուսնուն քրեական հետապնդման ենթարկեն ու հաշվեհարդար տեսնեն, քանի որ նա չի աջակցում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի մղած պատերազմին։
Ընտանիքը Ռուսաստանից դուրս էր եկել 2023թ. սեպտեմբերին, երբ երկրում ակտիվ զորահավաք էր սկսվել։
Կարճ ժամանակ անց ՀՀ դատախազությունը հայտնեց, որ Նիկոլայ Զոնովն ազատ է արձակվել։ Այսինքն՝ ՌԴ քաղաքացու արտահանձնման գործընթաց չի սկսվել։
Սա օրինակներից մեկն է, երբ Հայաստանը մերժել է Ռուսաստանին փոխանցել հետախուզման մեջ գտնվող անձին։ Նույնն անում է Ռուսաստանը։ 2020-2024թթ. Ռուսաստանը մերժել է Հայաստանին արտահանձնման 24 պահանջ: Ըստ Արդարադատության նախարարության՝ խոսքը վերաբերել է խարդախության, սպանության կամ սպանության փորձի, գողության, համակարգչային ցանցի ներթափանցման, մաքսանենգության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարելու մեջ մեղադրվող անձանց արտահանձնելուն:
Արդարադատության նախարարությունից «Հետքին» փոխանցում են, որ հանձնումների չիրականացումը պայմանավորված է եղել Հայաստանի և օտարերկրյա պետությունների միջև գործող բազմակողմ և երկկողմ պայմանագրերով, ներպետական օրենսդրությամբ սահմանված՝ հանձնումը մերժելու մի շարք հիմքերով: Օրինակ՝ հանձնման դեպքում անձի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը, դատավճռով նշանակված պատժի կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համար նախատեսված ներպետական օրենսդրությամբ սահմանված վաղեմության ժամկետների սպառվելը, քաղաքացիությունը, հետախուզումը դադարեցնելը, քրեորեն պատժելի արարք չհանդիսանալը, ապաստան տրամադրելը, արարքը որպես ռազմական, քաղաքական, ֆինանսական հանցագործություն որակելը, տուժողի բողոքի հիման վրա քրեական գործ հարուցելը, հանձնման միջնորդությունների բացակայությունը և այլն։
ՀՀ և օտարերկրյա պետության տարածքներում հանցագործություն կատարած, հետախուզման մեջ գտնվող և ՀՀ տարածքում հայտնաբերված անձանց հանձնման հարցը կարգավորվում է երկկողմ և բազմակողմ մի շարք պայմանագրերով։ «Հանձնման մասին» 1957թ. եվրոպական, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993թ. Մինսկի և «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 2002թ. Քիշնևի կոնվենցիաները բազմակողմ միջազգային փաստաթղթեր են: Բացի այդ, Հայաստանը երկկողմ պայմանագիր ունի 10 պետության հետ՝ ԱՄԷ, Բուլղարիա, Եգիպտոս, Իրան, Սիրիա, Վրաստան, Չինաստան, Ռումինիա, Քուվեյթ, Ուկրաինա։
Նշենք, որ ներպետական մակարդակով հանձնման ոլորտը կարգավորվում է 2024թ. նոյեմբերին ընդունված «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի դրույթներով, ըստ որի՝ Հայաստանի տարածքում գտնվող անձի նկատմամբ հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումը կայացնում է արդարադատության նախարարը, եթե գործը դատական վարույթում է, ինչպես նաև՝ այն դեպքում, երբ տվյալ անձի վերաբերյալ առկա է դատավճիռ: Իսկ հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումները կայացնում է գլխավոր դատախազը, եթե գործը մինչդատական վարույթում է:
Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու մասին ՀՀ իրավասու մարմնի որոշումները ենթակա են դատական վերանայման:
2020թ. մինչև 2025թ. հունվարի 31-ը Հայաստանը արտահանձնել է 23 արական և 2 իգական սեռի հետախուզվող անձանց, որոնցից 2-ի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, 8-ին՝ Ռուսաստան, 2-ին՝ Ֆրանսիա, 5-ին՝ Վրաստան, 4-ին՝ Թուրքիա, 1-ական՝ Բելգիա, Հունաստան, Կորեա, Իսլանդիա:
Այդ անձանց կատարած արարքների թվում են՝ դիտավորյալ առողջությանը վնաս պատճառելը, խոշոր, առանձնապես խոշոր չափերով կողոպուտը, խարդախությունը, սպանությունը, հանցանքներ կատարելու նպատակով կազմակերպություն ստեղծելը, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց անալոգների ապօրինի արտադրությունը, իրացումը, պետական սահմանի ապօրինի հատումը, կազմակերպված հանցավոր խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի փողերի լվացումը, կավատությունը, բռնաբարությունը և այլն:
Նույն ժամանակահատվածում արական սեռի 11 հետախուզվող հանձնվել է Հայաստանին, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից փոխանցվել է 8 անձ, Վրաստանից՝ 2-ը և 1-ը՝ Գերմանայի Դաշնային Հանրապետությունից:
Արդարադատության նախարարությունից փոխանցում են, որ ՀՀ և օտարերկրյա պետությունների կողմից հետախուզվող անձանց հանձնելու վերաբերյալ մերժման որոշումները եւ գործի նյութերը, որպես կանոն, արխիվացվում են, ուստի նրանց մեղսագրված արարքների վերաբերյալ տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել:
Ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն, նախորդ հինգ տարիների՝ 2020-2024թթ. ընթացքում Հայաստանի իրավապահ մարմինների նախաձեռնությամբ Ինտերպոլի ուղիներով միջազգային հետախուզում է հայտարարվել 135 անձանց, որոնցից 34-ը եղել են օտարերկրյա քաղաքացիներ։ 2025թ. մարտի 10-ի դրութամբ հետախուզվում է 3 անձ։ Ամենաբարձր ցուցանիշը եղել է 2020-ին՝ 61 անձ։
Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ հետախուզում հայտարարված անձանցից նախորդ հինգ տարիների ընթացքում ձերբակալվել է 140-ը, որոնցից Հայաստանին է հանձնվել 54-ը։ Հարկ է նշել, որ ձերբակալվածների թիվը գերազանցում է հետախուզվողների թիվը, քանի որ ձերբակալվածների մի մասի վերաբերյալ հետախուզում է հայտարարվել նշված ժամանակահատվածից առաջ:
Ինտերպոլի անդամ երկրների նախաձեռնությամբ և այդ կազմակերպության միջոցով միջազգային մակարդակով հետախուզվող 170 անձ է Հայաստանի տարածքում ձերբակալվել 2020-2025թթ. մարտի 10-ի դրութամբ։ Ամենաբարձր ցուցանիշը 2023-ին է եղել՝ 55 անձ։ Ձերբակալվածների 12%-ը կամ 21 անձ արտահանձնվել է։
Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի հանձնվում օտարերկրյա պետությանը, եթե ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Հանձնումն իրականացվում է օտարերկրյա պետության տարածքում քրեական հետապնդում կամ դատաքննություն իրականացնելու կամ դատավճռի կատարումն ապահովելու համար:
Քանի որ մինչդատական վարույթում գտնվող գործերով հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումները կայացնում է գլխավոր դատախազը, նույն տեղեկատվությունը ստանալու խնդրանքով դիմել էինք դատախազություն: Սակայն, հայտնել են, թե Գլխավոր դատախազության կողմից հաշվառման ենթակա ձևաչափով հանձնման վերաբերյալ վիճակագրական տվյալներին կարող ենք տեղեկանալ դատախազության գործունեության մասին հաղորդումներում:
Մեր հարցադրումները հստակ էին, և դատախազության գործունեության մասին հաղորդումներում ամբողջական տեղեկատվություն չկար, սակայն դատախազությունը հայցված տեղեկատվությունը փոխանցելու փոխարեն պատասխանել է, թե «այլ տվյալների հաշվառում դատախազությունը չի վարում»:
Օրինակ՝ դատախազության 2023թ. հաղորդման մեջ նշված է, որ 2023թ. ընթացքում ԱՊՀ մասնակից-պետությունների դատախազություններ է ուղարկվել քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին 135 միջնորդություն, իսկ այլ օտարերկրյա պետություններ` 176 միջնորդություն: Միջազգային-իրավական համագործակցության վարչությունում քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին ԱՊՀ պետությունների իրավասու մարմիններից ստացվել է 145 միջնորդություն, իսկ այլ օտարերկրյա պետություններից` 45 միջնորդություն: Թե կոնկրետ որ երկիր քանի միջնորդություն է ուղարկվել, կամ այնտեղից քանիսը ստացվել՝ տեղեկություն չկա, մինչդեռ «Հետքը» խնդրել էր տվյալները տալ ըստ պետությունների:
Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով (Gemini)
Մեկնաբանել