HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա Սիմիչևիչը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ:

«Չեռնոգորիայի հետ հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն մեզ համար, նաև պայմանավորված պատմական անցյալով: Միևնույն ժամանակ, մեր երկրների միջև առկա է համագործակցության չիրացված զգալի ներուժ»,- իր խոսքում մասնավորապես ասել է նախագահը:

Դեսպան Սիմիչևիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: «Լիովին համաձայն եմ Ձեզ հետ՝ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մենք նվիրված աշխատել ենք՝ ընդլայնելու մեր համագործակցությունը և որոշակի նշանակալի քայլեր ենք կատարել այդ ուղղությամբ, սակայն դեռևս բավական չօգտագործված ներուժ կա առավել ընդլայնելու մեր համագործակցության շրջանակը»,- նշել է դեսպանը և վստահեցրել, որ կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման հնարավորությունները: Երկու երկրների հարաբերությունների սերտացման տեսանկյունից կարևորվել են ինչպես բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության առաջմղման ուղղությամբ ջանքերի ներդրումը:

Կողմերը երկուստեք ընդգծել են, կրթության, տուրիզմի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի կյանքի կոչման ուղղությամբ քայլերի նախաձեռնման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային առկա իրադրության և զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում Հանրապետության նախագահն առանձնահատուկ ընդգծել է վերջնական խաղաղության հաստատման ուղղությամբ հայաստանյան կողմի սկզբունքային դիրքորոշման առկայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter