
Վտանգված են հայկական իշխանի արտադրությունն ու արտահանումը. ձկնաբույծների ահազանգը
Արարատյան դաշտում գործող ձկնաբուծական տնտեսություններն ահազանգում են՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծված ձկնամթերքը լուրջ խոչընդոտներ է առաջացրել հայ արտադրողների համար․ նախ՝ այդ ձկնամթերքի ներմուծումից հետո հայաստանյան ձկնաբուծական տնտեսություններում ձկների լուրջ անկումներ են գրանցվել, հիվանդությունները՝ ավելացել։ Բացի դրանից, ռուս գործընկերները սկսել են դժգոհել հայկական իշխանի որակից, որովհետև հայկական իշխանի անվան տակ արտահանվում է նաև իրանականը։
Ինչի մասին է վկայում վիճակագրությունը
Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2019-2023թթ․ (2024-ը դեռ չի ամփոփվել) Հայաստանում արտադրվել է տարեկան միջինում 21 հազար տոննա ձուկ։ Դրանից 8000 տոննան արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն։
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներից պարզ է դառնում, որ իրանական ձուկը Հայաստան սկսել է ներմուծվել 2020 թվականից, հիմնականում երկու տեսակ՝ թարմ (կամ պաղեցված) և սառեցրած։ Բացառությամբ 2023թ․-ի, ներմուծումները տարեցտարի ավելացել են։ Օրինակ` 2021-ին Հայաստան ներմուծվել է ընդհանուր 1800 տոննա ձուկ, որից 800 տոննան՝ Իրանից: 2022-ին ներմուծված 2500 տոննայից 900-ը Իրանից է։ 2024-ին Իրանից ներմուծված ձկնամթերքը մոտենում է 1000 տոննայի։
Ինչ է տեղի ունենում
«Հայաստանի ձկնաբույծների միություն» ՀԿ-ի տնօրեն Գոռ Գրիգորյանն ասում է, որ արդեն մի քանի տարի է` Իրանից ներմուծվող ձկնամթերքի պատճառով տնտեսվարողները լուրջ մարտահրավերի են բախվել։ Այն երկու կողմ ունի՝ առողջապահական, որի պատճառով ձկան հիվանդություններ են ներթափանցել հայկական տնտեսություններ, և տնտեսական՝ իրանական ձուկը Հայաստանում վերափաթեթավորվում է և հայկական իշխանի անվան տակ արտահանվում ՌԴ։
Անասնաբույժ-ձկնաբան Ռուբեն Մուրադյանը Արարատի մարզի Զորակ գյուղում փոքր տնտեսություն ունի, զբաղվում է ձկնաբուծությամբ: Այդ ոլորտում ավելի քան 25 տարվա փորձ ունի: Ասում է, որ բոլորովին վերջերս Իրանից ներմուծված նմուշներում հայտնաբերել է «միկրոբակտերիոզ» սուր վարակիչ հիվադությունը, որը նույն տուբերկուլոզն է։
Ձկնաբանի հետազոտությունները ցույց են տվել, որ իրանական ձկան նմուշներում կա նաև լակտոկոկուս գարվի հիվանդությունը։
Նախորդ տարի Ռուբեն Մուրադյանի տնտեսության գրեթե ողջ գլխաքանակն անկել է, ստիպված զրոյից սկսել է մանրաձուկն աճեցնել: Վստահ է, որ պատճառը Իրանից ներմուծված ձկնամթերքն է եղել, որը վարակված է եղել սուր վարակիչ հիվանդությամբ։
«Այդ ժամանակ սուր վարակիչ հիվանդություն է եղել, կոչվում է геморрагическая септицемия: Շատ մեծ վնասներ կրեց հայկական ձկնաբուծությունն այդ հիվանդության պատճառով, ու մինչև հիմա էլ այդ հիվանդությունը կա: Մեր մտավախությունն այն է, որ էլի հիվանդություններ չգան Իրանից: Այնտեղի ձկները սենց մաքուր պայմաններում չեն պահվում, դրա համար էնտեղ հիվանդությունների օջախ է ծառայում»,- ասում է ձկնաբանը:
Ռուբեն Մուրադյանը եղել է Իրանում, այցելել է ձկնաբուծական տնտեսություններ:
Ասում է, որ ձկան աճեցման հայաստանյան և իրանական պայմաններն անհամեմատելի են: Իրանի տնտեսություններում անհամեմատ վատ սանիտարահիգիենիկ վիճակ է, և այդ հարուցիչները զարգանում են հենց այդ պայմաններում։
«Բարդությունն այն է, որ նման հիվանդությունները բուժում չունեն:
Տուբերկուլյոզը եթե անցնի մարդուն, հեշտ է բուժվում, մարդու վրա միայն կարող է ցան առաջանալ, բայց ձկան դեպքում բուժում չունի: Վարակը տարածվում է»,- ասում է ձկնաբանը։
Ինչ է պատմում արտահանողը
Արարատյան դաշտում ձկնաբուծական տնտեսության սեփականատեր, «Վանկա ռիթեյլ գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Ռաֆայել Պողոսյանը խոշոր արտահանողներից է, տարեկան միջինում 2000 տոննա ձուկ է արտահանում ՌԴ։ Ասում է, որ ՌԴ իր գործընկերներն արդեն ահազանգել են վատորակ ձկան ներմուծման դեպքերի մասին։ Իրենք հետաքրքրվել են և պարզել, որ խոսքն իրանական ձկան մասին է։ Որակապես դրանք շատ տարբեր են՝ թե արտաքին տեսքով, թե գունային, թե համային հատկություններով։
Ռաֆայել Պողոսյանն անկեղծանում է. ամեն օր ՌԴ-ում բախվում են հարևան երկու երկրների հետ` բարեկամ և ոչ բարեկամ։ Ոչ բարեկամ (նկատի ունի Թուրքիան) երկրի նկատմամբ հաղթահարում են փորձությունը, չնայած քանակապես նրանք 200% ավելի են մատակարարում, բայց քանի որ հայկական իշխանն իր համով, հոտով և որակական հատկանիշներով մրցակցությունից դուրս է, հայկական ձուկը մրցակցին գերազանցում է:
Երկրորդը բարեկամ Իրանն է, որը վերջին 5 տարիներին իշխանի արտադրությունն ավելացրել է: Սակայն այստեղ էլ որակական բոլոր հատկանիշներով Հայաստանի իշխանը գերազանցում է բարեկամ երկրի արտադրանքին` թե բնության, թե պատմական փորձի եւ գիտության ստեղծած պայմաններից ելնելով:
«Մենք այս պահին ակտուալ խնդիր ունենք մեր անվան հետ: Դեռ 2019 թվականից փորձ էր արվում փոքր քանակներով բերել, փորձեցին, թափեցին, տուժեցին, 2020-21թթ. ինտենսիվ ներմուծում սկսվեց: Մարդը, իրանական ձկնամթերք ձեռք բերելով, լուծում է մի քանի հարց. նախ` տեխնիկապես ռիսկերից ազատված է, ճանապարհի խնդիր չունի, խորը սառեցված ապրանք է, ավել ստատիկ ծախսեր չի հատկացնում՝ դա կլինի գործարանի մաքրման գումար, փաթեթավորում, լոգիստիկա, մինիմում երեք ծախսից ազատված է»,- նշում է գործարարը։
Ռաֆայել Պողոսյանը երեք վարկած է առաջ քաշում․ կամ Մեղրիում են բոլոր գործողություններն արվում, կամ ձկնամթերքը մտնում է երկիր և վերափաթեթավորվում է ձկնամաքրման գործարաններում, կամ թղթաբանությունն արվում է Հայաստանում, և մեքենան Իրանից Հայաստանով գնում է ուղիղ Լարս: Որևէ տարածք մտնելով կամ վերափաթեթավորվելով՝ արդեն յուրաքանչյուր վարակ կարող է տարածվել տվյալ տարածքի հետ շփման, այնուհետև նաև թռչունների միջոցով։
«Նախորդ տարիներին բոլորն են անկում ունեցել, ոչ ոք չի կարողացել խուսափել այդ անկումից: Առ այսօր այդ խոսակցությունները շարունակվում են, որ նոր վարակ է սկսվել Իրանից»,- նշում է գործարարը։
Իրանական ձկան ներմուծման պատճառով խախտվել է նաև գնային քաղաքականությունը, որը տարիներ շարունակ իրենց որակի հաշվին կարողացել են ապահովել հայ ձկնաբույծները։ Միջինացված՝ նույն քաշի, նույն տեսակի ձուկը 600 դրամի տարբերություն է տալիս, այսինքն՝ հայկական ձուկը 600 դրամ թանկ է իրանականից:
«Ամենախնդրահարույցն այդ ամենում այն է, որ Հայաստանն առաջարկում է գին-որակ համակցություն, Իրանն առաջարկում է անորակ ապրանք, էժան գին: Քանի որ իրանական ձուկն ակտուալ չէ ՌԴ-ում, ոչ խոշոր խաղացողներին է հետաքրքիր, ոչ փոքր, ոչ էլ միջին, ոչ մի տեսանկյունից, բայց եթե ծագման սերտիֆիկատը լինում է հայկական, դա հնարավորություն է տալիս գործարարին վաճառել այդ ապրանքը: Քանի որ հայկականն իր անունն ունի, վստահություն ունի, ինքը հայկականի տակ վաճառում է»,- ասում է Ռաֆայել Պողոսյանը:
Ձկնաբույծները փորձել են այս հարցը ներքին կարգով լուծել, որպեսզի չվտանգեն հայ-իրանական հարաբերությունները։ Հանդիպել են իրանական ձուկ ներմուծողների և վերաարտահանողների հետ, զրույցներ ունեցել, սակայն դրանք արդյունք չեն տվել։ Հանդիպումներ են ունեցել նաև ոլորտը կարգավորող պետական պաշտոնյաների հետ՝ Էկոնոմիկայի նախարարի, Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի։ Նրանք խոստումներ են տվել, սակայն ոչինչ չի փոխվել՝ իրանական ձկան ներմուծումը եւ Հայաստանի տարածքով վերաարտահանումը ՌԴ շարունակվում է։
«Ես անձամբ տարբեր ազդակներ եմ ստանում բոլոր գործընկերներից: Այս պահին մեր ընկերությունն ունի 47 պայմանագիր, որոնց մեջ մտնում են ՌԴ բոլոր խոշոր պետական ցանցերը` «Աշան», «Մագնիտ», X5 Retail Group։ Գործընկերներ կան, որ կարծիք են ուզում իմանալ պարսկական ձկան մասին, գործընկերներ կան, որ նկարներ և տեսահոլովակներ են ուղարկում` արդյոք սա ձեր արտադրանքն է, ասում են, որ վրան գրված է՝ հայկական, բայց ուտելու բան չի: 20 տարվա ձեռք բերված անունը մի քանի օրում կընկնի ջուրը: Ես չեմ կարող ինձ թույլ տալ և ասել, որ իշխանը ազգային արժեք է, բայց թող վստահ լինեն, որ մեզ ճանաչում են նաև հայկական իշխանով»,- ասում է Ռաֆայել Պողոսյանը:
Ինչ է արձանագրել վերահսկողը
ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանին խնդրել էինք հայտնել՝ արդյոք 2022-2023թթ․ Արարատի և Արմավիրի մարզերում գործող ձկնաբուծական տնտեսություններում արձանագրված անկման դեպքերով իրականացվել են լաբորատոր փորձաքննություններ՝ պարզելու ձկների անկման պատճառները, ի՞նչ է պարզվել լաբորատոր փորձաքննությամբ։
ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը հայտնել է, որ ՍԱՏՄ-ն իրականացրել է պետական վերահսկողություն, որի շրջանակներում անկած ձկներից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության։ Տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված անասնաբուժական փորձարկման արձանագրության համաձայն՝ անկած ձկների նմուշներում մանրէաբանական հետազոտությամբ հայտնաբերվել է Aeromonas hydrophila և սնկային հիվանդություն՝ սապրոլեգնիոզ, իսկ մակաբուծական հետազոտությամբ ինվազիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել։
Aeromonas hydrophila-ն զարգանում է առավելապես ջրային միջավայրում և ախտահարում ձկներին ու երկկենցաղներին։ Այն կարող է առաջացնել ներքին օրգանների արյունահոսություն, որը կարող է նաև մահացու լինել։ Երբ ձուկը վարակվում է Aeromonas hydrophila-ով, նրա մոտ առաջանում է խոց, պոչի և լողակների փտում, ինչպես նաև՝ հեմոռագիկ սեպսիս, որն էլ իր հերթին առաջացնում է արյունազեղումներ մաղձի և հետանցքի հատվածում, թեփուկների թափում, այտուցվածություն աչքերում և որովայնի փքվածություն։
Տեսչական մարմնի ղեկավարին նաև հարցրել էինք՝արդյոք ՍԱՏՄՆ-ն փորձաքննության ենթարկել է Իրանից ներմուծված ձկնամթերքը, եւ ինչ է հայտնաբերել։
«2022-23թթ․ ընթացքում սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, Իրանից ներմուծված ձկնամթերքի նկատմամբ տեսչական մարմնի կողմից պատվիրված լաբորատոր փորձաքննությունների արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել»,- վստահեցրել է Տիգրան Պետրոսյանը։
Անասնաբուժ-ձկնաբույծ Ռուբեն Մուրադյանն ասում է, որ պետք է խստացվի վերահսկողությունը ներմուծված ձկնաքանակի նկատմամբ, առանձին 10 օր կարանտինային միջավայրում պետք է պահվի ձկնամթերքը, սակայն վստահ է, որ նման բան տեղի չի ունենում։
ՍԱՏՄ-ին հարցրել էինք, թե ինչ հսկողություն է սահմանել Տեսչական մարմինը հայ-իրանական սահմանին ներմուծվող ձկնամթերքի նկատմամբ:
«ԻԻՀ-ից ներմուծված ձկնամթերքի այն խմբաքանակներից, որոնք Կառավարության 2013թ․ փետրվարի 18-ի թիվ 218-Ն որոշմամբ սահմանված ՀՀ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանության ըստ հաշվարկի ճանաչվել է ընդհանուր բարձր ռիսկայնության բեռ, իրականացվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության։ Անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել»,- հայտնել է ՍԱՏՄ-ն։
Կառավարության նշված որոշմամբ սահմանված է, որ բարձր ռիսկայնության խմբում գտնվող ձկան և ձկնամթերքի ներմուծման վերահսկությունն իրականացվում է հետևյալ կերպ՝ ստուգվում են փաստաթղթերը, զննվում է բեռը, նմուշառում է իրականացվում, և իրացման (վաճառքի) թույլտվություն տրվում է միայն լաբորատոր փորձաքննության դրական պատասխանը ստանալուց հետո։
Ինչ են ասում ներմուծողները
Պետական եկամուտների կոմիտեին գրավոր խնդրեցինք տրամադրել Իրանից ձուկ ներմուծողների ցանկը։ Այն մեծ չէ։ Հիմնականում նույն ընկերություններն են, կամ նույն մարդիկ՝ տարբեր ընկերություններով։ Օրինակ՝ 2021-2023 թվականների ներմուծողներից են «Մ սթայլ» և «Լայթ ֆիշ» ՍՊԸ-ները, որոնց բաժնետերը նույն անձն է՝ Հրայր Մելքոնյանը։ Միայն թե «Լայթ ֆիշ» ՍՊԸ-ում նրա գործընկերը Փավրիզ Նոսրաթիալամդարին է։ «Լայթ ֆիշ» ՍՊԸ-ի և Փավրիզ Նոսրաթիալամդարիի նկատմամբ երկու տասնյակից ավելի սահմանափակումներ են կիրառվել, որոնց մեծ մասը պետբյուջեի նկատմամբ պարտավորությունների բռնագանձման պահանջ է։ Հրայր Մելքոնյանի հետ զրուցել չհաջողվեց, նրա հեռախոսահամարը չէր պատասխանում: Նա չպատասխանեց նաև Viber-ին արված մեր զանգին։
2021, 2022 և 2024թթ․ Իրանից ձկնամթերք է ներմուծել նաև «Լիդեր ֆուդ իմպորտ» ՍՊԸ-ն, որը նաև ՌԴ արտահանողների ցանկում է։ Ընկերության սեփականատեր Արթուր Ոսկանյանի հետ նույնպես չկարողացանք զրուցել, որովհետև նա տեղում չէր։ Ընկերության ֆինանսական գծով ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը նշեց, որ իրենք իրապես ներմուծում են Իրանից, սակայն ծագման նույն՝ իրանական սերտիֆիկատով են վերաարտահանում։
«Մենք տնտեսություն չունենք, մենք վերամշակող ենք, սառնարան ենք վարձակալել, այնտեղ պահում ենք,-պատմեց Հռիփսիմե Գրիգորյանը։ -Ձվադրման ժամանակ, երբ այստեղից արտահանում չենք ունենում, աշխատում ենք 1-2 ֆուռ բերել Իրանից, մենք սառեցրած տեսակն ենք ներմուծում, բայց Հայաստանից միայն թարմն ենք արտահանում»։
2022-2023թթ․-ին ներմուծում իրականացրել է նաև «Ֆրութիֆուլ» ՍՊԸ-ն։ Ընկերության հիմնադիր Հրաչ Հարությունյանը պատմեց, որ իրենք հիմնականում միրգ-բանջարեղեն են ներմուծում, սակայն նորվեգական ձկան վրա կիրառված սահմանափակումների պատճառով ՌԴ-ում պահանջարկը մեծացել էր, և իրենք այդ տարիներին Իրանից ձկնամթերք են ներմուծել և արտահանել ՌԴ նույն ծագման սերտիֆիկատով։
«Ֆիշ ֆուդ գրուպ» ընկերության հիմնադիր Արամ Ասատրյանը պատմեց, որ 2022թ.-ին ներմուծել է իրանական ձուկ և արտահանել է ՌԴ իր մեկ այլ՝ «Գլոբալ ֆիշ» ՍՊԸ-ով։ Արամ Ասատրյանը վստահեցրեց, որ վերաարտահանել է իրանական ծագման սերտիֆիկատով։
«Մենք որ վերաարտահանում էինք, ծագման երկիրը նշում էինք՝ Իրան, մենք չենք կարող դարձնել հայկական, որովհետև եթե ցույց տանք, որ հայկական ենք արտահանում, էդ Իրանից եկած ձուկը ինչ-որ մի տեղ պիտի ցույց տանք, որ եկել է ու պահեստում է, քանի որ դա չենք կարող անել, ներմուծում ենք իրանական, արտահանում ենք՝ ծագման երկիրը նշելով Իրան»,- պատմեց Ա․ Ասատրյանը։
Արամ Ասատրյանը երկու տարի է՝ դադարեցրել է գործունեությունը և վաճառել «Գլոբալ Ֆիշ» ՍՊԸ-ն։ Այժմ դրա բաժնետերը ՌԴ-ում գրանցված Լևոն Էդուարդի Սևոյանն է, որը ՌԴ-ում գրանցված տարբեր բիզնեսներ ունի։ Ի դեպ, մեր ձեռքի տակ եղած լուսանկարներում հենց իրանական ձուկն է՝ «Գլոբալ ֆիշ» ընկերության պիտակով։
«Մենք որ աշխատում էինք, ձկնաբույծները բարձրաձայնեցին այդ խնդիրը, մենք այլևս դրսից չէինք բերում։ Ընդհանուր «Ֆիշ ֆուդ գրուպ»-ով մի մեքենա եմ բերել ու վերջ։ Հիմա գործող ընկերությունները, քանի որ Հայաստանում ձուկը շատ թանկ է, գնում են էժան ապրանքի հետևից, իսկ էժան ապրանքը գտնվում է Իրանում»,- պատմեց Արամ Ասատրյանը։
«Գլոբալ ֆիշ» ՍՊԸ-ի տնօրեն Եսայի Կոստանյանի հետ հեռախոսակապով զրուցեցինք։ Մեր հարցերը լսելուց հետո նա ասաց, թե տեղը հարմար չէ, մի քանի րոպե անց ինքը կզանգահարի։ Առ այս պահը նա մեզ չի զանգահարել։
Համացանցում առկա տվյալների համաձայն՝ Եսայի Կոստանյանը 2023թ․ մարտին «Գլոբալ ֆիշ»-ի անունից դիմել է Մասիս համայնքին՝ Դարբնիկ գյուղում գյուղնշանակության հողի կատեգորիան փոփոխելու համար, նպատակը սառնարանային տնտեսություն և ձկնամթերքի վերամշակումն է։
Մինչ հայ ձկնաբույծներն ահազանգում են հայկական ձկան արտահանմանը սպառնացող վտանգների մասին, Հայաստանի ձկնարդյունաբերության ոլորտի համար մեկ այլ կարեւոր լուր ազդարարվեց․ 2025թ․ մարտի 16-ից Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի սկսել բարձրորակ ջրային կուլտուրաների՝ թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքի (խավիար և ձկնկիթ) արտահանումը Եվրոպական Միության երկրներ։ Այս հնարավորությունը սահմանվել է Եվրոպական հանձնաժողովի իրականացման նոր՝ 2025//354 կանոնակարգով, պայմանով, որ արտահանող տնտեսվարողները պետք է գրանցված լինեն ԵՄ TRACES համակարգում։
TRACES -ը Եվրոպական հանձնաժողովի` կենդանիների և բույսերի առողջության հավաստագրման հարթակն է, որին անհրաժեշտ է միանալ ԵՄ կենդանիների, կենդանական ծագման արտադրանքի, սննդամթերքի և ոչ կենդանական ծագման կերերի և բույսերի ներմուծման համար, ինչպես նաև՝ ԵՄ ներսում առևտուր և ԵՄ-ից կենդանիների և որոշ կենդանական ծագման արտադրանքի արտահանում իրականացնելու համար:
Մեկնաբանել