
Նոր վարչական նորմեր ծխախոտ արտադրողների և ներմուծողների համար
Կառավարությունում այսօր քննարկում էին «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։ Եվրասիական տնտեսական միությունը ծխախոտային արտադրանքի մասին նորմեր ունի։ Դրանց ուժի մեջ մտնելու անցումային դրույթների համար նախատեսված ժամանակահատվածը, ըստ գործադիրի, բազմիցս երկարաձգվել էր՝ սկսած 2016 թվականից և վերջնաժամկետ էր սահմանվել 2024 թվականի հունվարի 1-ը։
Այդ օրվանից ծխախոտային արտադրանքի նկատմամբ գործում են միայն Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգի» դրույթներով սահմանված պահանջները։ Գործադիրում նաև նշում են՝ ներկայում ՀՀ շուկայում դեռևս կա ազգային տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան հին տուփերով ծխախոտային արտադրանք։
Ըստ նախագծի հիմնավորման՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել արտադրող և ներմուծող ընկերությունների նկատմամբ, կազմվել են արձանագրություններ, նշանակվել են տուգանքներ։
Քանի որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» հոդվածում առկա է միայն Հայաստանի Հանրապետության կողմից սահմանված պահանջների մասին դրույթը, Էկոնոմիկայի նախարարությունը գտնում է, որ անհրաժեշտ է փոփոխություն կատարել՝ սահմանելով ԵԱՏՄ պահանջներին չհամապատասխանող արտադրանքի համար վարչական պատասխանատվություն։
Ծխախոտային արտադրանքի նկատմամբ վերահսկողության իրականացման ընթացքում, ըստ հիմնավորման, եղել են դեպքեր, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո անձը կրկին կատարել է նույնը։
Էկոնոմիկայի նախարարությունից նշում են՝ քանի որ տուգանքի չափը փոքր է, հետևաբար իրավախախտում թույլ տված անձը ուղղակի վճարում է տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանքը՝ միևնույն ժամանակ չդադարեցնելով իր ոչ իրավաչափ վարքագիծը։
Սահմանվել են նաև նոր տուգանքի չափեր․ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների իրացումը ՀՀ տարածքում նախկին նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից իննհարյուրապատիկի չափից կդառնա յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափ և այլն։
Մեկնաբանել