HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խուզարկություններ և ձերբակալություններ Գյումրիում. ի՞նչ է հայտնի այս պահին

Այսօր՝ մարտի 27-ի առավոտից իրավապահ մարմինները քննչական գործողություններ են իրականացնում Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերից երկուսի՝ «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքների գրասենյակներում։ 

Հակակոռուպցիոն կոմիետի հաղորդագրության համափայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին:

«Մայր Հայաստան» դաշինքի համայնքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Վաղ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն, 6-րդ վարչությունը և ոստիկանության Կումայրի բաժինը մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և սկսել խուզարկել   շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը։ Նույն կառույցները այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները»։  

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ ձերբակալվածներից մեկը «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակով ավագանու անդամի թեկնածու Էմմա Գրիգորյանն է։ Խուդոյանը հայտնեց, որ մասնակցում է քննչական գործողությունների և հավելյալ տեղեկություն այս պահին հայտնել չի կարող։

«Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանի օգնական, ավագանու անդամի թեկնածու Լիզա Գասպարյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ դեռևս ձերբակալվածներ չկան, բայց կա ձերբակալման որոշում։ Խուզարկություն է իրականացվել դաշինքի գրասենյակներից մեկում, իսկ մյուսը փակ է եղել։

Գասպարյանը տեղի ունեցածը քաղաքական ճշում որակեց, նշեց, որ թեև իշխանությունը փորձում է ամեն կերպ ճնշել և լռեցնել ընդդիմադիր թեկնածուներին, Մարտուն Գրիգորյանի վարկանիշն օրեցօր աճում է։ 

«Գործ են կարում, ավելի դիպուկ ձևակերպում չենք կարող տալ։ Այս ամենի նպատակն է ահաբեկել և վախեցնել ընդդիմությանը»,-ասաց Լիզա Գասպարյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը «Հետքին» հայտնեց, որ Կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ։ Տեղեկությունները ստացվել են քրեական ոստիկանությունից և ԱԱԾ-ից։ Ըստ մամուլի քարտուղարի՝ ձերբակալվածներ կան երկու ուժերից էլ։ Այլ մանրամասներ Մարինա Օհանջանյանը չհայտնեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter