HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Սիմոն Հովհաննիսյանի լավատես երաժշտությունը

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում սովորելու տարիներից ամենալավ հիշողություններս Գայանե Հովհաննիսյանի դասերից են։ Երեսուն տարուց ավելի է՝ պրոֆեսոր Գայանե Հովհաննիսյանը դասավանդում է կամերային երաժշտություն։ Նրբակիրթ դասախոսի՝ ուսանողի կատարմանը վերաբերող պատկերավոր խորհուրդները կարող էին վերաբերել ոչ միայն երաժշտությանը, այլև կյանքի բոլոր ոլորտներին։ Նրա մասնագիտական դասարանում հնչում են կամերային գործեր՝ դասական կոմպոզիտորներից մինչև ժամանակակից երաժիշտներ։ Հեղինակների այդ լայն շարքում Գայանե Հովհաննիսյանի համար ամենազգայունն ու անձնականը հոր՝ կոմպոզիտոր Սիմոն Հովհաննիսյանի երաժշտությունն է։

Մարտի 25-ին, Կոմպոզիտորների միության դահլիճում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված կոմպոզիտոր Սիմոն Հովհաննիսյանի 85-ամյակին։ Հնչում էին կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունները Գայանե Հովհաննիսյանի նախկին և ներկա ուսանողների կատարմամբ։

Սիմոն Հովհաննիսյանի կյանքը հաղթահարման պատմություն է։ Հինգ տարեկանից կորցնելով տեսողությունը (կարմրուկ հիվանդության հետևանքով)՝ նա ոչ միայն հետ չի մնացել կյանքից, այլեւ հաջողել է բոլոր ասպարեզներում՝ որտեղ եղել է։ Սկզբում գերազանցությամբ ավարտել է  Երեւանի պետական համալսարանը, իսկ հետո՝ Երևանի պետական կոնսերվատորիան։ 

Էդվարդ Միրզոյան, Սիմոն Հովհաննիսյան, Լուսանկարը՝ Հովհաննիսյանների ընտանեկան արխիվից

«Սիմոնը հայ մտավորականության ամենապայծառ դեմքերից է». այսպես է Հովհաննիսյանին բնորոշել նրա կոմպոզիցիայի դասախոս Էդվարդ Միրզոյանը։

Նրա չհանձնվող լավատեսության, նուրբ հումորի մասին էին հիշում երեկոյի ներկաները։ Այդ գծերի ամենավառ արտահայտումն է կոմպոզիտորի երաժշտությունը։

Կամերային կատարումները կարծես կենդանի շփում լինեին կոմպոզիտորի հետ։ Մոտ մեկ ժամ հնչող կամերային գործերի ցանկում էին նաև դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար գրված «Տրիոն»` նվիրված կնոջը, դաշնամուրի համար գրված «Սոնատին»-ը` նվիրված դստերը։ Երեկոյի վերջում հնչեց «N 3 Լարային կվարտետ»-ը՝ նվիրված վաղամեռիկ ջութակահար որդու հիշատակին։

«Այստեղ կա և կսկիծ, և ցավ, և առնականություն, և գեղեցկություն, և տիրապետում կվարտետային բարդ ժանրին»,- Սիմոն Հովհաննիսյանի «N 3 Լարային կվարտետ»-ը այսպես էր նկարագրել կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը։

Լուսանկարները՝ Արծվիկ Դավթյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter