
Օդի որակի նոր դիտակայանները Երևանում են, բայց գործարկումը ձգձգվում է
Երևանում օդի որակը դիտարկող ժամանակակից երկու դիտակայան կտեղադրվի։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանի խոսքով՝ դիտակայաններն արդեն մայրաքաղաքում են, սակայն դրանց գործարկումը այս պահին հնարավոր չէ։
Դիտակայանների ձեռքբերման առաջին մրցույթը դեռ 2023-ի դեկտեմբերի 21-ին էր հայտարարվել, սակայն մասնակից չէր եղել։ Երրորդ մրցույթից հետո միայն «ՓԻԷՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի հետ 2024 թվականի օգոստոսին կնքվել էր 298.2 մլն դրամ արժողությամբ պայմանագիր։ Նախատեսվում էր դիտակայանները գործարկել 2025 թվականի առաջին եռամսյակում։ Այս մասին մարտի 24-ին հայտարարել էր նաև «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանը։ Սակայն, Շահնազարյանի խոսքով, ընթացակարգերը դանդաղում են։
«Սպասում էինք, որ քաղաքապետարանը տարածք հատկացներ, արդեն լուծվել է այդ հարցը․ մեկը տեղադրելու ենք Կոնսերվատորիայի մոտակայքում, մյուսը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ այգու տարածքում։ Սարքերը մեր պահեստում են, բայց թղթաբանական հարցերը դեռ չենք լուծել»,- ասում է Շահնազարյանը։
Չափանիշներ կան, որոնց պիտի համապատասխանի դիտակայանի կառուցման վայրը․ պիտի լինի բաց տարածքում, ճանապարհից հստակ հեռավորության ու բարձրության վրա։ «Հետքի» հարցին, թե որքանով են ընտրված տարածքները համապատասխանում այս չափանիշներին, Շահնազարյանը պատասխանեց․
«Երևանի նման քաղաքների դեպքում հարմար տարածք գտնելը շատ բարդ է։ Մեր կատարած մոնիթորինգի նպատակը քաղաքի ֆոնային աղտոտվածությունը դիտարկելն է, այսինքն՝ տրանսպորտի, շինարարության անմիջական ներգործություն չպիտի լինի։ Ամենահարմար տարբերակներն են ընտրվել, 100%-ով համապատասխանել չէր կարող, բայց շատ կարևոր ցուցանիշներ կունենանք այս չափումներից»։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցի՝ բոլոր երկրները պետք է չափեն օդում փոշու մանր մասնիկների (PM2.5, PM10) խտությունը։ Սրանք ամենավտանգավոր աղտոտիչներն են, որոնք կարող են ներթափանցել մարդու շնչառական համակարգ և անցնել արյան մեջ։ Աշխարհում հիմա հենց այս աղտոտիչների չափումն է առաջնային, որը սակայն, մինչև հիմա Հայաստանում չէր կատարվում պետական մոնիթորինգի շրջանակում։ Այս դիտակայանների չափումները թույլ կտան մոտենալ միջազգային ստանդարտներին։ Բացի իրական ժամանակում օդի որակը դիտարկելուց, նոր դիտակայանների շնորհիվ հնարավոր կլինի նաև կանխատեսումներ անել։
Մեր հարևան Վրաստանում, Շահնազարյանի խոսքով, վաղուց ավտոմատ սարքավորումներով են մոնիթորինգ իրականացնում ու աղտոտվածության՝ տվյալ պահի մակարդակն են կարողանում տեսնել։ Խոսքը միայն մայրաքաղաք Թբիլիսիի մասին չէ, դիտարկվում է նաև այլ քաղաքաների օդի որակը։ Մինչ այս մեր պետական մոնիթորինգի տվյալները համեմատելի չէին տարածաշրջանի մյուս երկրների ցուցանիշների հետ, քանի որ մեթոդները տարբեր էին, հնարավոր չէր մեր տվյալներով հերքել կամ հաստատել միջազգային հիդրոօդերևութաբանական հարթակների տվյալները։
Շահնազարյանը շեշտում է՝ դիտակայանները տեղադրելուց հետո միջազգային փորձագետները պիտի տեղի մասնագետներին վերապատրաստեն, սրա համար էլ է ժամանակ պետք։
«Ապրիլի վերջ գուցե հնարավոր լինի տվյալներ ստանալ։ Ամեն ինչ անում ենք, որ հասցնենք, բայց շատ գործընթացներ մեզնից կախված չեն»,- նշում է Շահնազարյանը։
Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալությունը (Umweltbundesamt) դեռ 2022 թվականին հետազոտություն էր կատարել Հայաստանում օդի մոնիթորինգի իրականացման արդիականացման վերաբերյալ։ Գործակալությունը առաջարկել էր Երևանում առնվազն 4-6 նման կայան ունենալ․ ըստ ԵՄ չափորոշիչների՝ այս քանակը համապատասխանում է 1-1.5 միլիոն բնակչություն ունեցող քաղաքներին։
Երևանի քաղաքապետարանը «Հետքին» հայտնել էր, որ նախատեսվում է առաջիկայում ցանցը համալրել ևս 3 դիտակայանով։ Այս տեղեկությունը հաստատեց նաև Գայանե Շահնազարյանը, ասաց՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ սրանք էլ կգան Հայաստան, թե երբ, հայտնի չէ։
Երևանի քաղաքապետարանը հավատում է՝ նոր դիտակայանների գործարկմամբ հնարավոր կլինի տեսնել քաղաքի օդի աղտոտվածության իրական պատկերը, հետո որոշել՝ որքանով են համացանցում հայտնվող տվյալները ճշգրիտ։
Նոր տվյալներն էլ հնարավոր կլինի տեսնել «ArmHydromet» բջջային հավելվածում, որը արդեն հասանելի է App Store-ում և Google Play-ում։ Բացի օդի աղտոտվածության տվյալներից, հավելվածում իրական ժամանակում կարելի է հետևել եղանակային պայմաններին, կանխատեսումներին ու ոլորտի նորություններին:
Գլխավոր նկարի ձախ կողմում՝ նոր դիտակայանները,
Լուսանկարը տրամադրել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը
Մեկնաբանել