HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հաղարծին էքստրիմ» զիփլայնը շահագործվել է առանց փորձաքննությունների

Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում՝ Հաղարծին վանական համալիրից 257 մ հեռավորության վրա կառուցված ճոպանը (զիփլայնը) 2023 թվականից գործել է՝ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության և տեխնիկական անվտանգության փորձաքննության վկայագրի։ ՇՄԱԳ փորձաքննության այն ներկայացվել է 2025թ․ փետրվարի 20-ին։ Շահագործող ընկերությունը ժխտում է, թե ճոպանը գործել է նախկինում՝ ամեն կերպ քողարկելով այդ փաստը։ 

Ով է շահագործում զիփլայնը 

Ճոպանի ՇՄԱԳ հայտը ներկայացրել է «Հաղարծին էքստրիմ» ՍՊԸ-ն։ Ընկերությունը գրանցվել է 2021թ․ հուլիսին։ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ հիմնադիր-տնօրենը Թեղուտում հաշվառված Նարա Վարդանյանն է։ 

Նարա Վարդանյանի հաշվառման հասցեում գրանցված է նաև Թեղուտի նախկին գյուղապետ Արարատ Թամրազյանի որդին՝ Արագած Թամրազյանը, որն էլ տնօրենի պաշտոնում փոխարինել է Նարա Վարդանյանին 2024 թվականին։ 

Արագած Թամրազյանը, հիշեցնենք, 2013թ․ Դիլիջանում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո հետախուզման մեջ էր։ Փոխհրաձգության հետևանքով ստացած վնասվածքներից մահացել էին Դիլիջանի «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբորորդին՝ Նավասարդ Աբգարյանը և Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի մյուս որդին՝ Արտավազդ Թամրազյանը: 2015թ․ օգոստոսին Արագած Թամրազյանը հայտնաբերվել և կալանավորվել էր։ Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել է Նավասարդ Աբգարյանին։ 2016թ․ մարտին դատարանը նրան մեղավոր էր ճանաչել և դատապարտել 2 տարվա ազատազրկման։ 

2024թ․ մայիսից Արագած Թամրազյանին փոխարինել է նրա ազգական Սևակ Թամրազյանը, վերջինս դարձել է նաեւ ընկերության բաժնետերը։ 

Ինչ են պատմում զիփլայնի մասին սոցիալական ցանցերը

«Հաղարծին էքստրիմ»-ի՝ ՇՄԱԳ հայտում նշված վայրում Google-ի քարտեզում արդեն իսկ նշված է «Զիփլայնը», իսկ այն սեղմելիս տեսնում ենք 2023թ․ Սևակ Թամրազյանի ներբեռնած լուսանկարները։ 

 

Բացի այդ, «Հաղարծին էքստրիմ»-ի անունով սոցիալական ցանցերում էջեր կան, որտեղ տարածված են տեսահոլովակներ և լուսանկարներ։ Օրինակ՝ ինստագրամյան էջում 2023 թ. հուլիսի 5-ին հրապարակում է արվել այն մասին, որ ճոպանն արդեն բացվել է, և ընդունվում են գրանցումներ։ Իսկ տիկտոկյան էջում կարող ենք տեսնել տեսահոլովակներ, թե ինչպես են մարդիկ օգտվում զիփլայնից։ 


«Հաղարծին էքստրիմ» ՍՊԸ-ի տնօրեն Սևակ Թամրազյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ճոպանը չի գործում։ Ասաց՝ ինստագրամյան էջի մասին տեղյակ չէ։ «Ես երբվանից որ տնօրինում եմ այս ընկերությունը, մինչ օրս ոչ մի րոպե չի շահագործվել»,- նշեց Սևակ Թամրազյանը։  

Instagram-ում, Facebook-ում և Tiktok-ում, նկարներից ու հոլովակներից բացի, կան նաև տվյալ ժամանակաշրջանում զիփլայնից օգտված օտարերկրացիների տեսագրություններ և մեկնաբանություններ։ Պարզ է, որ ճոպանը գործել է 2023 թվականից։ 

Ընկերության տիկտոկյան էջին գրեցինք՝ հարցնելով, թե երբ կարող ենք օգտվել զիփլայնից։ Պատասխանեցին, որ «զիփլայնը կվերաբացվի ամռանը»։

Թեղուտ բնակավայրի վարչական ղեկավար Վախթանգ Թամրազյանից փորձեցինք ճշտել՝ ինչպես է ճոպանը 2023 թվականից շահագործվել՝ համապատասխան փաստաթղթերի բացակայությամբ։ Նա հավաստիացրեց, թե զիփլայնը նոր են սարքում, նախկինում չի շահագործվել։ «Ես էջից տեղյակ չեմ, ընդհանրապես տեղեկություն չունեմ դրանից։ Գիտեմ, որ հենց այս պահին սկսում է փորձաքննություն անցնել, որ թույլատվություն տրվի»,- նշեց Վախթանգ Թամրազյանը։

«Դիլիջան ազգային պարկ»-ի հետ կնքված պայմանագրից տեղեկանում ենք, որ Նարա Վարդանյանը զիփլայնի կառուցման համար 2023 թվականի հունիսի 27-ին «Դիլիջան ազգային պարկ»-ից տարածք է վարձակալել տարեկան 1,5 մլն դրամով։ 

ՇՄԱԳ՝ գործող ճոպանի համար

Համաձայն ՇՄԱԳ հայտի՝ զիփլայնը պետք է ունենա 4 թռիչքակետ՝ երկու ուղղությամբ: Այն աշխատելու է մեխանիկական ինքնահոս՝ իներցիոն եղանակով, առանց հոսանքի, ունենալու է 200-300մ բարձրություն, իսկ տարածքից 327-402մ հեռավորությունների վրա հանգստի գոտիներ են նախատեսվում։ Հարակից տարածքն անտառապատ է՝ բուսածածկով։ Գործունեության տարածքը կառուցապատված է, դեռևս խորհրդային տարիներից տարածքում տեղադրված են հենասյուներ և ճոպանուղու կայաններ։ Ընկերությունը, ըստ հայտի, վերակառուցելու է զիփլայնը և շահագործելու:

«Բացումը չենք կարող պլանավորել, քանի որ դեռ թղթաբանության ընթացք է գնում, հետո շինարարական աշխատանքներ կլինեն ահագին։ Ես չեմ կարող հիմա հստակ բան ասել բացման հետ կապված»,- ասում է «Հաղարծին էքստրիմ»-ի տնօրեն և ներկայիս բաժնետեր Սևակ Թամրազյանը։ 

Բացի ՇՄԱԳ փորձաքննությունից, զիփլայնը պետք է անցներ տեխնիկական անվտանգության փորձաքննություն՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան և ստանար համապատասխան վկայագիր։ Այս վկայագիրը «Հաղարծին էքստրիմ»-ին տրամադրվել է 2024-ի հունիսի 17-ին։ Փաստացի, 2023 թ. զիփլայնը շահագործվել է առանց նշված վկայագրի։ 

ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ հանրային առաջին քննարկումը կայացել է 2024 թվականի նոյեմբերի 12-ին, երկրորդը՝ մարտի 11-ին։ Քննարկմանը մասնակցել են Թեղուտի վարչական ղեկավար Վախթանգ Թամրազյանը, «Հաղարծին էքստրիմ» ՍՊԸ-ի տնօրեն Սևակ Թամրազյանը,  «Նովալ» ՍՊԸ ընկերության ներկայացուցիչ Ազգանուշ Դռնոյանը, Դիլիջանի համայնքապետարանի ներկայացուցիչ Ադամ Սարգսյանը և բնակիչներ։ 2024թ. նոյեմբերի 15-ին Դիլիջան համայնքի ավագանին նախնական համաձայնություն է տվել։ 

Անի Մարգարյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter