HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Խոր անկում՝ արդյունաբերության ոլորտում

2025 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի արդյունաբերության ոլորտում 26.6% անկում է գրանցվել։ Այսինքն՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այդքանով նվազել է։

Տվյալները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։

Թե արդյունաբերության որ ճյուղերի հաշվին է այս գահավիժումը, Վիճկոմիտեի տեղեկագրից դեռևս չի երևում։ Ավելի մեծ բացվածքով տվյալները կհրապարակվեն եկող ամսում։ Սակայն, դժվար չէ ենթադրելը, որ գլխավոր «մեղավորներից» մեկը, գուցե՝ ամենամեծը, հիմնական մետաղների արտադրության ոլորտն է։ Հունվարի տվյալները ևս դա են վկայում։

2024 թվականի սկզբում Հայաստանի ոսկերչության ոլորտում «բում» էր գրանցվել, որը սկսվել էր 2023-ի վերջերից։ Մինչդեռ իրականում մեկ ընկերություն պարզապես մեծ ծավալների վերաարտահանմամբ էր զբաղված։ Խոսքն օֆշորային ծագմամբ «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ի մասին է, որը փոխկապակցված է ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հարազատների հետ։

Ըստ վիճակագրության՝ ոսկերչական արտադրանքի, այդ թվում՝ զարդերի ծավալն անգամներով աճել էր Հայաստանում, ինչն անտրամաբանական էր՝ հաշվի առնելով Հայաստանում այս ոլորտի փոքր ռեսուրսները՝ մասնագետների պակասից մինչև հումքի ձեռքբերման խնդիրներ։

«Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ի ներկայացրած տվյալները Վիճակագրական կոմիտեն հաշվարկում էր ոսկերչության ոլորտի ցուցանիշների մեջ։ Հետո Կոմիտեն և ըստ էության՝ ֆաբրիկան մտափոխվեցին։ Ֆաբրիկայի արտադրանքն արդեն համարում էին ոչ թե ոսկերչական զարդ կամ իր, այլ հիմնական մետաղների արտադրություն։

Դրանից հետո Հայաստանում սկսեց «ծաղկել» հիմնական մետաղների արտադրությունը։ 

Սակայն, այս ամենը, ինչպես ենթադրվում էր, երկար չտևեց։ Մեր տեղեկություններով՝ «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ն այլևս մեծ ծավալի վերաարտահանումներ չի իրականացնում և հետևաբար՝ իր արտադրության ծավալները ևս չի կարող մեծ ցույց տալ։

Արդյունքում՝  Հայաստանում արդյունաբերության ծավալների անկման վրա դա էական ազդեցություն է թողել։ 

Ինչպես նշեցինք, այդ մասին են փաստում նաև հունվարի տվյալները։ Հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արդյունաբերության ոլորտում 10.4% անկում է գրանցվել։ Մասնավորապես՝ հիմնական մետաղների արտադրությունը կրճատվել է 68.4%-ով։

«Հետք»-ի հետ հարցազրույցում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը 2024 թվականին Հայաստանի արդյունաբերության ոլորտում գրանցված 4.7% աճը համարել է բավականին բարձր աճ, քանի որ այն գրանցվել է մշակող արդյունաբերության հաշվին։

Նախարարը համամիտ չէր այն ձևակերպմանը, որ մշակող արդյունաբերության ոլորտը մեծապես աճել է ոսկերչական իրերի վերաարտահանման հաշվին։

Սակայն, տվյալները ցույց են տալիս, որ հիմա, երբ վերաարտահանումները խիստ նվազել են, արդյունաբերության վիճակագրական պատկերը վատթարացել է։ 

Արդյունաբերությունը զսպել է տնտեսական ակտիվության աճը

2025 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 1.5%-ով։ Ակնհայտ է, որ տնտեսական ակտիվության աճը զսպել է արդյունաբերությունը։

Շինարարության ոլորտում գրանցվել է 12.7% աճ, առևտրաշրջանառության ոլորտում՝ 6% աճ, ծառայությունների ոլորտում՝ 12.1% աճ, իսկ արդյունաբերությունն, ինչպես նշվեց, նվազել է 26.6%-ով։

Հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.1%-ով։ Նշված ամսում արդյունաբերության անկումն ավելի փոքր էր՝ 10.4%։

Արտաքին առևտուրը ևս գահավիժում է

Անկումային ցուցանիշներ են նաև արտաքին առևտրի ոլորտում։ Արտահանումն ու ներմուծումը շեշտակի կրճատվում են։

Հունվար-փետրվարին Հայաստանից արտահանումը կազմել է 1 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ նվազելով 59.7%-ով։

Վերաարտահանվող ոսկու, ոսկերչական իրերի ու ադամանդի հաշվին 2024-ին Հայաստանի արտահանումը կտրուկ աճում էր, այսօր՝ նույնքան կտրուկ նվազում, քանի որ վերաարտահանումները ևս կրճատվում են։ 

Զուգահեռ նվազում է նաև ներմուծումը։ 2025 թվականի հունվար-փետրվարին Հայաստան է ներմուծվել 1.7 մլրդ դոլարի ապրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվելով 45.8%-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter