HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախյան վերջին մարտեր. Մարտունու 31-րդ աշխարհազորային գումարտակը

44-օրյա պատերազմի ավարտից հետո, Մարտունու շրջանի պաշտպանությունն իրականացնում էր երրորդ պաշտպանական բրիգադը։ Այս բրիգադը ձևավորվել էր նախկին Մարտունու երկրորդ և երրորդ պաշտպանական շրջանների հիմքի վրա։

Քանի որ պաշտպանության բնագիծն ընդլայնվել էր, և կանոնավոր բանակի մարդկային ռեսուրսները չէին բավականացնում, տեղում ձևավորվել էին աշխարհազորային փոքր ստորաբաժանումներ։

2021 թվականի վերջից աշխարհազորային մանր ստորաբաժանումները միավորվեցին, և ստեղծվեցին աշխարհազորային գումարտակներ։ Պաշտպանության բանակի աշխարհազորի հրամանատարը, ՊԲ հրամանատարի աշխարհազորի գծով տեղակալը Կարեն Մաթևոսյանն էր։

Մարտունու շրջանում ձևավորվեց 31-րդ աշխարհազորային գումարտակը։ Գումարտակի հրամանատարը Սամվել Պետրոսյանն էր։

«Մաթևոսյան Կարենը կանչեց ինձ ու ասաց` պիտի հավաքենք տղերքին ու կազմակերպենք սահմանի պահպանությունը։ Ես էլ եկա մեր գյուղ՝ Քերթ, հավաքեցի գյուղի ջահելներից մոտ 15 հոգու, հետո կանչեցի Մհեր Սահակյանին ու նշանակեցի շտաբի պետ։ Մհերի հետ կազմավորեցինք գումարտակը»,- պատմում է Սամվել Պետրոսյանը։

Գումարտակի հրամանատարը ասում է` իրենց բախտը բերել էր մի հարցում, որ գումարտակում շատ էին երիտասարդները։ «Ես իրենց հայրերի ու մեծ եղբայրների հետ եմ ծառայել 1990-ականներին»,- ասում է Սամվելը։

31-րդ աշխարհազորային գումարտակը իրականացնում էր Կարմիր Շուկայից Մաճկալաշեն ընկած հատվածի պահպանությունը։ Գումարտակի կազմում ընդգրկված էին Մարտունու շրջանի 12 գյուղի՝ Թաղավարդի, Կարմիր Շուկայի, Հերհերի, Ծովատեղի, Խերխանի, Մսմնայի, Կոլխոզաշենի, Կավահանի, Քերթի, Սոսի, Քարահունջի և Մաճկալաշենի աշխարհազորայինները։

«Առաջին վաշտի հրամանատարը Արտակ Դանիելյանն էր։ Վաշտի կազմում ընդգրկված էին  Հերհեր, Ծովատեղ, Խերխան և Քարահունջ գյուղերի աշխարհազորայինները։ Վաշտն իրականացնում էր 320 և 321 դիրքերի պահպանությունը։ Երկրորդ վաշտի հրամանատարը Լեռնիկ Սարգսյանն էր։ Երկրորդ վաշտում՝ Քերթ, Սոս, Կոլխոզաշեն, Կավահան, Մսմնա, Մաճկալաշեն գյուղերի աշխարհազորայինները։ Նրանք իրականացնում էին 322 դիրքի պահպանությունը։ Երրորդ վաշտի հրամանատարը Տիգրան Սերումյանն էր։ Երրորդ վաշտն իրականացնում էր 319 դիրքի պահպանությունը։ Վաշտի կազմում Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերի աշխարհազորայիններն էին»,- պատմում է Մհեր Սահակյանը։

31-րդ աշխարհազորային գումարտակի մոտ 200 հոգանոց անձնակազմը մարտական հերթապահություն էր իրականացնում 319-322 մարտական դիրքերում։ Գումարտակում, բացի հրաձգային ստորաբաժանումներից, կային նաև 82 մմ ականանետային, կապի, հետախուզության դասակներ և ԱԹՍ-ների ջոկ։

2023 թ.-ի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:40-ի մոտակայքում, ադրբեջանական զինված ուժերը սկսել են հարձակումը։ Գումարտակի հրամանատարը մի քանի րոպե անց Քերթից հասել է հրամանատարական դիտակետ։ Նախատեսված էր, որ պատերազմի ժամանակ հրամանատարական դիտակետը պետք է լիներ Քարահունջ գյուղի մոտակայքում գտնվող բարձունքը, սակայն պատերազմի ժամանակ այդտեղից հնարավոր չէր դիտարկել գումարտակի ամբողջ շփման գիծը։

«Որոշեցի տեղափոխել ՀԴԿ-ն։ Տեղափոխելու նպատակներից մեկն էլ էն էր, որ հակառակորդը չկարողանար գտնել գումարտակի սպայակազմին։ Նոր ՀԴԿ-ն դարձավ Հերհեր գյուղի մոտակայքում, 320 և 321 դիրքերի հետևում գտնվող չպահվող դիրքը։ Էդտեղից ամբողջ բնագիծը երևում էր։ Կարողանում էի տեսնել Ֆիզուլիից շարժվող մեքենաները և հրամաններ փոխանցել»,- ասում է գումարտակի հրամանատարը։

322 մարտական դիրքը գտնվում էր տարածքում գերիշխող բարձունքի վրա։ Այս դիրքի վրա հատկապես ինտենսիվ է եղել հրետակոծությունը։ Դիրքի ավագը՝ Վանիկ Գևորգյանը, պատմում է, որ դիրքը հրետակոծվել է խոշոր տրամաչափի հրետանիով՝ Դ-20, Դ-30 և ՏՕՍ։ Առաջին հրետակոծությունից զոհվել է Էդուարդ Բարսեղյանը։

«Ոչ մի խուճապ չի եղել դիրքում։ Նահանջելու, հետ գնալու մասին չենք էլ մտածել, որովհետեւ հետեւում մեր էրեխեքն էին ու մեր ընտանիքները։ Գումարտակի հրամանատարն ուզում էր մեքենա ուղարկի, որ Էդուարդի դին հանենք, բայց հրետակոծության պատճառով ցերեկը չկարողացանք։ Երեկոյան արդեն մեր վաշտի հրամանատարը՝ Սարգսյան Ռուբոն, մեր գյուղից չորս տղաների հետ եկան, հանեցինք էդուարդի մարմինը։ Սարգսյանը մնաց մեր հետ դիրքում»,- ասում է 322 դիրքի ավագը։

322 և 321 մարտական դիրքերի միջդիրքային տարածությունը մեծ է եղել՝ մոտ 1,5 կմ, այդ պատճառով 322 դիրքի անձնակազմը չի կարողացել կրակով աջակցել հարևան դիրքին։ Հաշվի առնելով, որ ամբողջ օրվա ընթացքում հակառակորդի հետևակը դիրքը գրավելու փորձեր չի արել, գումարտակի հրամանատարը հրաման է տվել 322 մարտական դիրքի անձնակազմին տեղափոխվել 322 և 321 մարտական դիրքերի մեջտեղում գտնվող չպահվող դիրքը։ Այնտեղից հնարավոր կլիներ ավելի արդյունավետ մարտ վարել։ Սեպտեմբերի 19-ի գիշերը դիրքի անձնակազմը տեղափոխվում է։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ի առավոտյան, հակառակորդը շարունակում է հրետակոծել 322 դիրքը, սակայն դիրքապահներն այլևս այնտեղ չէին։

319 դիրքում, ի տարբերություն 322-ի, տեղի է ունեցել մերձամարտ։ Այս դիրքի հրամանատարը Սամվել Գրիգորյանն էր։ Դիրքը գտնվում էր Կարմիր Շուկա գյուղի դիմաց։ Հակառակորդը սեպտեմբերի 19-20-ը դիրքի վրա հարձակվել է երեք անգամ, որոնք հետ են մղվել։

321 մարտական դիրքում հերթապահություն է իրականացրել 31-րդ աշխարհազորային բրիգադի առաջին վաշտը։ Վաշտի հրամանատարը Արտակ Դանիելյանն էր, առաջին դասակի հրամանատարը՝ Նարեկ Սարգսյանը, երկրորդ դասակի հրամանատարը՝ Նարեկ Սեյրանյանը, երրորդինը՝ Կիմա Ջաբյանը։

«Սեպտեմբերի 19-ին դիրքում 13 հոգի էինք, 11-ը իմ դասակից էին, երկուսը՝ ականանետային դասակից։ Մենք արդեն նկատել էինք, որ կուտակումներ կան։ Սեպտեմբերի 19-ի առավոտյան գնացի մեր դիրքից 200 մետր առաջ, դեպի Շեխեր գյուղը։ Էնտեղ բլուր կար, որտեղից լավ էր երևում տեղանքը։ Արդեն հասել էի էդտեղ, երբ կապ տվեցին, որ արդեն սկսվել ա հարձակումը»,- ասում է Նարեկ Սարգսյանը։

Նարեկը իր դասակի զինվորներին նախապես հրահանգել էր, որ եթե սկսվեն մարտական գործողությունները իրեն օգնության գնան դիպուկահարն ու գնդացրորդը։

«Դիպուկահարն ու գնդացրորդը եկան մոտս։ Նկատեցինք, որ խոտերի միջով ադրբեջանցիք գալիս են։ Սկսեցինք մարտ վարել։ Երկրորդ դասակը եկավ մեր դիրք՝ օգնության, երրորդ դասակն էլ գնաց մեր ու 320 մի արանքում գտնվող չպահվող դիրքը։ Ես կապ տվեցի իմ դասակի ջոկի հրամանատարին ու ասացի, որ ըստ մարտական հաշվարկի գործեն»,- պատմում է Նարեկը։ 

Բացի 31-րդ գումարտակի աշխարհազորայիներից, դիրքեր են շտապել նաև մոտակա գյուղերի բնակիչները։ 

Հակառակորդը փորձել է շրջանցել 320 և 321 դիրքերը։ Դիրքերի միջնամասում խաղողի այգիներ են եղել, որոնք այդ դիրքերից դժվար են դիտարկվել։ Այդ մասով հակառակորդի առաջխաղացումը կանխել է դիրքի դիմացի բլուրում դիրքավորված դասակի հրամանատար Նարեկ Սարգսյանը՝ դիպուկահարի և գնդացրորդի հետ։

321 մարտական դիրքի մոտ հակառակորդի մեծ քանակով կենդանի ուժ էր կենտրոնացել։ Գումարտակի ականանետային դասակը և նրանց աջակցող Դ-20 մարտկոցը (տեղակայված էր Կոլխոզաշե գյուղում) ամբողջ օրվա ընթացքում հրետակոծել են 321-ի դիմացի ադրբեջանական կուտակումները։

Սեպտեմբերի 19-ի հարձակման օրը առաջին վաշտի երրորդ դասակը իջել էր հերթափոխից և իրենց գյուղերում էին։ Երրորդ դասակի հրամանատար Կիմա Ջաբյանը Հերհեր գյուղում էր։

«Հեռախոսի կապն անջատվել էր, չէր աշխատում, որ սաղին կապ տայինք հեռախոսով ասեինք, որ գային, գնանք դիրքեր։ Էդ ժամանակ մեր վաշտի հրամանատարը՝ Դանիելյան Արտակը, եկավ մեր գյուղ։ Մի կերպ տղերքին խաբար արեցինք, հավաքվեցինք ու գնացինք դիրքեր։ Գյուղի ներքևում չպահվող դիրքեր կային, որպես երկրորդ գիծ էինք սարքել։ Օգնականիս՝ Սաղաթելյան Գևորգին, ասացի դու 5 հոգու հետ մնա էստեղ, որ եթե մեզ շրջանցեն, դուք պահեք գյուղը, մենք էլ գնացինք 320-ի ու 321-ի արանքում գտնվող, չպահվող դիրքը։ Էդտեղից մարտ ենք վարել մինչև գիշեր»,- հիշում է Կիմա Ջաբյանը։

Երեկոյան 321 դիրքից Նարեկ Սեյրանյանը Կիմին տեղեկացնում է, որ ադրբեջանցիները շրջանցել են դիրքը և փորձում են մտնել Հերհեր գյուղ։ Կիմա Ջաբյանը, գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Հրայր Բաղդասարյանը և առաջին վաշտի հրամանատար Արտակ Դանիելյանը երրորդ դասակի անձնակազմի հետ գնում են գյուղ տանող խաչմերուկի մոտ։ Նրանք անակնկալի են բերում հակառակորդին, պատճառում մարդկային կորուստներ։ Ադրբեջանցիները նահանջում են։ Մարտերի ընթացքում վիրավորվում է գումարտակի հրամանատարի տեղակալ Հրայր Բաղդասարյանը։ Նրան տեղափոխում են հիվանդանոց։

31-րդ աշխարհազորային գումարտակից մարտական գործողությունների ընթացքում զոհվում է 2 հոգի՝ Էդուարդ Բարսեղյանը և Հրայր Մաթևոսյանը։

Մարտերի սկսվելուց հետո հառակորդը հարվածել էր Մսմնա գյուղի մոտակայքւոմ գտնվող ռադիոաշտարակին, և կապի բոլոր միջոցները խափանվել էին։ Կապը վերականգնելու համար աշխարհազորի կապի պետ՝ Սերգեյ Գրիգորյանը և շտաբի պետ Սամվել Բաղրյանը 31-րդ գումարտակի մի քանի աշխարհազորայինների ուղեկցությամբ գնացել են Մսմնա։ Նրանք այնտեղ հանդիպել են դիվերսիոն խմբի և մարտի մեջ մտել։ Զոհվել են Հրայր Մաթևոսյանը և Սերգեյ Գրիգորյանը։

Մարտական գործողությունները շփման գծի ողջ երկայնքով ավարտվել են սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ին։ Հակառակորդին այդպես էլ չի հաջողվել գրավել 31-րդ աշխարհազորային գումարտակի դիրքերից և ոչ մեկը։

31-րդ գումարտակի ամբողջ անձնակազմը մինչև սեպտեմբերի 23-ը մնացել է դիրքերում։ Կապի բացակայության պատճառով նրանք մինչ այդ օրը չեն իմացել՝ ինչ իրավիճակ է շփման գծի մյուս հատվածներում և թիկունքում։ Միայն սեպտեմբերի 23-ին, երբ Սամվել Շահրամանյանը այցելել է նրանց դիրք, 31-րդ գումարտակի աշխարհազորայինները տեղեկացել են հրադադարի պայմանավորվածության և մարտական գործողությունների դադարեցման մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter