
Աշխատավարձի հավելավճարից մինչև անվճար մանկապարտեզներ․ ինչ են խոստանում Գյումրիում մրցող քաղաքական ուժերը
Մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ։ Քարոզարշավի մեկնարկի օրը՝ մարտի 15-ին, ներկայացրել էինք Փարաքար համայնքում առաջադրված 4 քաղաքական ուժերին։
Գյումրիում ընտրապայքարին մասնակցում է 9 քաղաքական ուժ։ Դրանցից 6-ին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում։
- Քաղաքային, քաղաքական, թե աշխարհաքաղաքական ընտրություններ. ինչ օրակարգով են Գյումրու ընտրություններին մասնակցում քաղաքական ուժերը
- Ազատ տնտեսական գոտի, փառատոների մայրաքաղաք, «խելացի քաղաք». ի՞նչ են խոստանում Գյումրու համայնքապետի թեկնածուները
Այս հրապարակմամբ կներկայացնենք Հայաստանի կոմունիստական, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունները և «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը։
Հայաստանի կոմունիստական կուսակցություն
Գյումրու արտահերթ ընտրություններին Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակը գլխավորում է Գյումրու նախկին քաղաքապետ, անկուսակցական Վարդան Ղուկասյանը։ Կուսակցության ցուցակում ընդգրկված է 33 անձ։ Քվեաթերթիկում կուսակցությունը 2-րդն է։
Վարդան Ղուկասյանը 1999թ. ընտրվել և մինչև 2008 թվականը երեք անգամ վերընտրվել է Գյումրու քաղաքապետ: 2017թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ցուցակով։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին էլ պատգամավոր է ընտրվել ԲՀԿ ցուցակով։ 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի առաջադրվել։ Ըստ հայտարարագրի՝ Վարդան Ղուկասյանն այժմ չի աշխատում, «Ալեքպոլ» ՍՊԸ-ում ունի 50% բաժնեմաս։
Չնայած Վարդան Ղուկասյանը Գյումրու արտահերթ ընտրություններին մասնակցում է Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակով, նրա կարգախոսն աստվածաշնչյան է՝ «Եվ՛ հույս, և՛ հավատ, և՛ սեր»։
Փետրվարի 20-ին, երբ արդեն հայտնի էր, որ Վարդան Ղուկասյանը մասնակցելու է Գյումրու քաղաքապետի ընտրություններին, նրան և թիկնապահին ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալեցին, սակայն մի քանի ժամ անց ազատ արձակեցին՝ ապօրինի զենք չհայտնաբերելով։ Վարդան Ղուկասյանը հայտնել էր, որ դա արվել է իրեն ընտրապայքարից հետ պահելու համար։ «Դեմոկրատիա քարոզող Նիկոլը այ էս ձևի բաներով է ուզում մարդկանց կոտրել, բայց գիտեցեք՝ մինչև վերջ պայքարելու ենք»,- լրագրողներին ասել էր Վարդան Ղուկասյանը։
Վարդան Ղուկասյանն անցնում է նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթով։ Դատախազությունը պահանջում է Վարդան Ղուկասյանից հօգուտ Հայաստանի բռնագանձել 17 անշարժ գույք ու շուրջ 224 միլիոն դրամ: Գյումրիի նախկին ղեկավարը մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով հողամասերի օտարման մեջ։
Կուսակցության նախընտրական ծրագիրը բաղկացած է մի քանի մասից՝ իրավա-տնտեսական, սոցիալական, քաղաքաշինական, կրթության, սպորտի, մշակույթի, առողջապահության և տուրիզմի ոլորտներում առաջարկվող բարեփոխումներ։ Կարևորություն է տրված Գյումրու անօթևանների և տնակներում ապրողների խնդրին։ Մասնավորապես, առաջարկվում է «Լինս հիմնադրամի» կառուցած բազմաբնակարան շենքերին ավելացնել ևս մեկ հարկ՝ անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու համար։ Առաջարկվում է նաև համագործակցել ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ՝ «իրենց պատկանելության տակ գտնվող Մարմաշենի խճուղում տեղակայված կիսակառույց շենքերի շինարարությունն ավարտին հասցնելու և անօթևաններին հատկացնելու համար»։ Ծրագրով առաջարկվում է նաև Կառավարության առաջ խնդիր դնել՝ գյումրեցիներին հատկացնելու աշխատավարձի հավելավճար՝ որպես բարձրլեռնային գոտու բնակիչների։
Քարոզարշավի ժամանակ Վադան Ղուկասյանի հիմնական խոստումը նոր աշխատատեղեր ստեղծելն է, նա խոսել է նաև Գյումրու տեքստիլ գործարանի վերաբացման մասին։
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը քվեաթերթիկում 8-րդն է։ Այն ստեղծվել է «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցությունների միավորմամբ։ «Հայրենիք» կուսակցությունը հիմնադրվել է 2020 թվականին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից։ «Հայրենիք» կուսակցությունը «Հայաստանի Հանրապետական» կուսակցության հետ միասին ներկայացված է խորհրդարանում՝ «Պատիվ ունեմ» դաշինքով։ Իսկ «Միացյալ Հայաստան»-ը հիմնադրվել է 2021-ին, կուսակցությունը գլխավորում է գործարար Երվանդ Թարվերդյանը, որը Երևանի ավագանու 2023թ. ընտրություններին եղել է քաղաքապետի թեկնածու։
Ընտրական ցուցակը բաղկացած է 34 հոգուց։ Այն գլխավորում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Նա 2007-2012 թթ. եղել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր։ 2012-2017թթ․ նա վերընտրվել է նույն խմբակցությունից։ 2015թ. դադարեցրել է անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ 2018-ին կրկին ընտրվել է ԱԺ պատգամավոր, այս անգամ` Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով։ 2022թ. կրկին ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ «Պատիվ ունեմ» դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Այժմ Մարտուն Գրիգորյանն անկուսակցական է։
Նա մասնագիտությամբ տնտեսագետ է։ Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրվել է նաև 2008-ին, սակայն 11 470 ձայների տարբերությամբ զիջել է Վարդան Ղուկասյանին։
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը ընտրություններին մասնակցում է «Քաղաք, որին արժանի ես դո՛ւ․․․» կարգախոսով։
Դաշինքի ցուցակի երկրորդ համարը Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության անդամ Սվետլանա Ադամյանն է։ Նրա ֆեյսբուքյան էջում նշված է, որ քաշի կառավարման մասնագետ-խորհրդատու է, ինչպես նաև՝ «Ֆաբերլիք» ընկերությունում տնօրեն է աշխատում։
Ընտրացուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանն ասել է, որ իրենց ծրագրում առաջնայինը աշխատատեղերի ավելացումն է։ «Այն ծրագրերը, որ մենք ունենք, դրանք միանշանակ Գյումրի քաղաքին լուրջ ներդրումներ են բերելու, լուրջ աշխատատեղեր են բացվելու Գյումրիում, նաև քաղաքաշինական աշխատանքներ են տարվելու, որտեղ մեր արհեստավորներն ու մյուս բանվորական աշխատակազմը նորից ունենալու է մեծ թափով աշխատանք, ստիպված չի լինելու արտագաղթել»,- ասել է նա գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ։
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը (ՀԱՍԿ) ընտրություններին ներկայանում է 32 հոգանոց ցուցակով։ Քվեաթերթիկում կուսակցությունը 5-րդն է։ ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանը չի բացառել, որ Գյումրու ընտրությունները համահայկական մասշտաբով դերակատարում ունենան:
Կուսակցության ցուցակը գլխավորում է «ամենակոլորիտային» թեկնածուն՝ Արտյոմ Թումանյանը։ Կարգախոսն է՝ «Հպարտ եմ, որ հայ եմ․ կրկնակի հպարտ եմ, որ գյումրեցի եմ»։ Թումանյանն ընտրապայքարը մեկնարկեց մի տեսահոլովակով, որը համացանցում բուռն քաննարկումների և մեկնաբանությունների առիթ դարձավ։ Տեսահոլովակում նա Գյումրու խորհրդանիշ հանդիսացող ֆայտոնի մեջ կանգնած՝ ձեռքը սրտին դրած և հպարտ դեմքով պտտվում է քաղաքի տարբեր հատվածներում, իսկ ֆոնային ձայնով գովեստի խոսքեր են հնչում իր մասին։
Արտյոմ Թումանյանն անկուսակցական է, «Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտե» ՀԿ-ի նախագահն է։ Նա հայտարարել է, որ ոչ մեկի հետ դաշինք չեն կազմել և չեն կազմելու, նման պայմանավորվածություն չունեն։ Արտյոմ Թումանյանն իրեն համարում է ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի քաղաքականության շարունակողը։ Քարոզարշավն էլ սկսել է Դեմիրճյանի արձանին ծաղիկներ դնելով։ Մինչև վերջերս ակտիվ աջակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Արտյոմ Թումանյանին աջակցություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի նախկին ՔՊ-ական, ներկայում՝ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը և իր ստեղծած կուսակցությունը՝ Միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը (ՄԱՍԿ)։
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախընտրական ծրագրով նախատեսվում է կառուցել բնակարաններ՝ երկրաշարժից տուժած անօթևան ընտանիքների համար, անվճար մանկապարտեզներ և սպորտդպրոցներ, Գյումրիում գործող տաքսիի վարորդների համար գույքահարկի վերացում, սփյուռքի ներդրումների միջոցով աշխատատեղերի ավելացում։
Մեկնաբանել