
Հայաստանը ՄԱԿ-ում ռազմական կցորդ կունենա
Հայաստանը Միավորված ազգերի կազմակերպության մշտական ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա։ Որոշումն ընդունվեց Կառավարությունը մարտի 20-ի նիստում։
Ըտս որոշման հիմնավորման՝ ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին մասնակցելը դրական ազդեցություն է ունեցել մեր երկրի վարկանիշի վրա և բարձր է գնահատվել միջազգային գործընկերների կողմից:
Կցորդի առաքելությունը լինելու է ՄԱԿ Քարտուղարության խաղաղության գործողությունների վարչության (DPO) հետ համագործակցության խորացումը։ Ըստ Պաշտպանության նախարարության՝ այն կարող է նպաստել ՀՀ խաղաղապահ զինված ուժերի կարողությունների բարձրացմանը և ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցության խորացմանը:
Կցորդը կիրականացնի միջազգային կազմակերպության հետ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության կոորդինացման աշխատանքներ:
Ըստ հիմնավորման՝ նա ներկայացնելու է Հայաստանի ռազմական, ռազմա-քաղաքական առաջնահերթությունները և միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման մոտեցումները:
Կցորդը ներկայացնելու է ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերը, ինչպես նաև՝ իրականացնելու է ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է ՄԱԿ-ի տարբեր գերատեսչությունների և կառույցների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում։
Շաբաթներ առաջ գրել ենք, որ ՀՀ-ն պատրաստվում է ԵՄ-ում և Բելգիայում դեսպանություններին կից ռազմական կցորդ ունենալ։
Մեկնաբանել