
Հոգեկան առողջության պահպանման «7 ճանապարհ»
Հոգեկան առողջությունը, ինչպես ֆիզիկականը, պահանջում է ուշադրություն և խնամք, հատկապես մեծ աղետներից՝ պատերազմից, տեղահանությունից հետո։ Մասնագետները առաջարկում են հոգեկան խնամքի տարբեր ճանապարհներ։ «Մենք և մունք» հումանիտար ծրագրի հրատարակած գրքույկում ներկայացված է հոգեկան առողջության պահպանման և կայունության յոթ ճանապարհ։
Մարտի 14-ին «Զանգակ» գրատանը կայացավ հոգեկան առողջությանը նվիրված «7 ճանապարհ» ինքնակարգավորման ինտերակտիվ գրքույկի շնորհանդեսը։
«Գրքույկն ունի յոթ բաժին՝ «Ես շնչում եմ», «Ես ներկա եմ», «Իմ մարմինը», «Իմ կյանքը հիմա», «Հանգիստ/ապահովություն», «Ուրիշը» և «Ես կամ»: Դրանք մեր կյանքի այն յոթ ոլորտներն են, որոնք առաջինն են տուժում սթրեսային իրավիճակներում»,- ասաց գրքույկի հեղինակ, սահմանամերձ շրջաններում ապրող և Արցախից տեղահանված մարդկանց հետ աշխատանքի փորձ ունեցող կլինիկական հոգեբան Նարե Գրիգորյանը:
Նարե Գրիգորյանը պատմում է, որ «7 ճանապարհ» ձեռնարկի վրա աշխատելիս առաջնորդվել է բարդ հոգեբանական թեմաները մաքսիմալ պարզ ու հասանելի ներկայացնելու սկզբունքով.
«Նյութը չենք ծանրաբեռնել տերմիններով, ինչի շնորհիվ այն ավելի մեծ ընդգրկում կունենա մեր հասարակության տարբեր շերտերում: Ես նաև խորհուրդ եմ տալիս անպայման թեմային զուգահեռ լսել մեր զրույցները, քանի որ դրանք նույնպես կօգնեն մոտենալ թեմային»:
Նախագիծը բացի «7 ճանապարհ» անվճար ինքնակարգավորման ինտերակտիվ գրքույկից թողարկել է համանուն տասը էպիզոդներից կազմված փոդքասթ։ Զրույցները վարում է re:arrange փոդքասթի հիմնադիր և հաղորդավար Նարեկ Ամիրխանյանը:
«Մենք և մունք» ծրագրի նպատակն է օգնել Արցախից տեղահանված բնակչությանը և, ընդհանրապես, հայությանը հաղթահարել կյանքի բարդ փուլերը, ճգնաժամը, ճանաչել նոր իրականությունը և փնտրել նոր ճանապարհներ՝ շարունակելով ապրել և արարել։
Գրքույկի խմբագիր, կլինիկական հոգեբան Աննա Եվդոկիմովան համոզված է, որ ձեռնարկում տեղ գտած պարզ վարժությունները կարճ ժամանակում զգալի արդյունքների կհանգեցնեն։
«Մենք ընտրել ենք պարզ ու հասարակ տեխնիկաներ, որոնց միջոցով կայունացնում ենք հոգեկան ապրումները սթրեսների ժամանակ: Վարժությունները հասանելի են բոլորին, և մեր փորձը ցույց է տալիս, որ բավականին արդյունավետ են»,- ասաց Եվդոկիմովան:
Գրքույկը հոգեկան առողջության ինքնախնամքի, կարգավորման համար է, բայց, ինչպես հեղինակներն են նշում, այն չի փոխարինում խնդիրների դեպքում մասնագետին, հոգեբանին դիմելուն։
«7 ճանապարհ» փոդքասթը հասանելի է նախաձեռնության YouTube-յան ալիքում, ինքնակարգավորման ինտերակտիվ գրքույկի օնլայն տարբերակն անվճար կարելի է ներբեռնել այստեղ։
«Մենք և մունք» ծրագիրն իրականացվում է «Զարգացման Սկզբունքներ» ՀԿ-ի կողմից՝ Hoffnungszeichen | Sign of Hope (SoH) կազմակերպության հետ համատեղ և Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության (GFFO) ֆինանսավորմամբ։
Մեկնաբանել