HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Ժողովրդագրական փոփոխություն և գենդերային հավասարություն» թեմայով քննարկմանը

Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել «Ժողովրդագրական փոփոխություն և գենդերային հավասարություն» թեմայով հարակից քննարկումը այն կազմակերպվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, Հայաստանի, Էկվադորի, Կոտ դ'Իվուարի, Մեքսիկայի կառավարությունների և ԵՄ համատեղ ջանքերով։ Այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից։

Միջոցառման հիմնական բանախոսը եղել է քաղաքական ժողովրդագրության աշխարհահռչակ մասնագետ Ջենիֆեր Սքյուբբան, ով ներկայացրել է անվտանգության, տնտեսության և գլոբալ գործընթացների վրա բնակչության փոփոխությունների ունեցած ազդեցությունները։

Քննարկմանը ելույթով հանդես է եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Անդրադառնալով ժողովրդագրության ոլորտում սահմանված առաջնահերթություններին՝ նախարարը խոսել է ծնելիության մակարդակի նվազեցման, ծերացման ցուցանիշի աճի և մի շարք այլ մարտահրավերների կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին։ Այս համատեքստում նա ընդգծել է 2024-2040 թթ Ժողովրդագրության ռազմավարության մշակման կարևորությունը, որով սահմանված միջոցառումներն ուղղված են ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծմանը, մահվան ռիսկի գործոնների նվազեցմանը, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովմանը, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորմանը։

«Ժողովրդագրական խնդիրների լուծումը պահանջում է երկարաժամկետ, իրավունքների վրա հիմնված և կառուցվածքային անհավասարությունների լուծմանն ուղղված մոտեցումներ: Արդյունքում՝ մեր նպատակն է ունենալ հասարակություն, որտեղ, օրինակ՝ երեխաներ ունենալու որոշումը ընտանիքները կկայացնեն ազատորեն՝ առանց տնտեսական հարկադրանքի կամ գենդերային խտրականության»,- նշել է նախարարը։  

Շեշտելով ծնելիության խթանմանը նպաստող մեխանիզմների կարևորությունը՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ այս ուղղությամբ ՀՀ-ում առկա անհամամասնությունը բխում է ոչ թե մշակութային նախապատվություններից, այլ համակարգային խոչընդոտներից, որոնք են՝ աշխատավայրում խտրականությունը, վերարտադրողական առողջության սահմանափակ հասանելիությունը, միգրացիան և այլն: Նախարարի խոսքով՝ Ժողովրդագրության ռազմավարությունը վերոնշյալ խնդիրներին արձագանքում է երեխայի նպատակային պլանավորմանն աջակցող խթանների ներդնման, մայրերի առողջության պահպանման բարելավված ծառայությունների ստեղծման, հղիության ու հետծննդաբերական շրջանում կրթական և աշխատանքային ճկուն հնարավորությունների ստեղծման միջոցով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter