HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արվեստն ընդդեմ անարդար համակարգերի․ Կանանց աջակցման կենտրոնի նախաձեռնությունը

Մարտի 12-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում Կանանց աջակցման կենտրոնի (ԿԱԿ) նախաձեռնությամբ «Արվեստն ընդդեմ անարդար համակարգերի» խորագրով միջոցառում տեղի ունեցավ։

Միջոցառման առանցքում արվեստի դերն էր՝ որպես դիմադրության և փոփոխության գործիք։ ԿԱԿ-ի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը նշեց, որ արվեստը միշտ եղել է հզոր միջոց՝ բարձրաձայնելու ճնշվածների ձայնը, կոտրելու լռությունը և ոգեշնչելու՝ փոփոխություններ անել։

«Անարդար համակարգերն առաջին հերթին ճնշում են կանանց ձայնը, սահմանափակում նրանց ազատությունը և խախտում հիմնարար իրավունքները։ Այս միջոցառումը նպատակ ունի ներկայացնել կանանց իրավունքների խախտումները և ընդգծել արվեստի ուժը՝ որպես դիմադրության և փոփոխության գործիք»,- ընդգծեց Հովհաննիսյանը։ Միջոցառումը երաժշտության և կերպարվեստի համադրություն էր՝ որպես կանանց իրավունքների պաշտպանության միջոց։

ԿԱԿ-ի աշխատակիցները կարդացին հատվածներ Ջուդիթ Լ․ Հերմանի «Ճշմարտություն և վերականգնում. տրավմա վերապրածների՝ արդարության հասնելու տեսլականը» գրքից, որը 2024-ին թարգմանվել է հայերեն՝ Կանանց աջակցման կենտրոնի նախաձեռնությամբ։

«Այս տարի ամփոփման տարի ենք հայտարարել մեզ համար, որոշեցինք հոգեկրթությամբ զբաղվել՝ նմանատիպ գիրք թարգմանելով, արվեստային միջոցառումներ կազմակերպելով, թերապիաներ կազմակերպելով, որովհետև, երբ դու անընդհատ համակարգի հետևից ես վազում, դու ևս դառնում ես նրա օղակներից մեկը, մենք փորձում ենք անընդհատ մեզ դուրս պահել, որովհետև, օղակի մաս դառնալով, մենք նույնպես չենք կարողանա այդ աջակցության ամբողջական մեխանիզմներն իրականացնողը լինել»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը։

 Գրքում ներկայացվում է տրավմա վերապրածների պայքարը և նրանց վերականգնման ուղին։ Թարգմանիչ Անի Կոջոյանը նշեց, որ այս աշխատությունը հնարավորություն է տալիս ճանաչելու համակարգային բռնության հետևանքները և այն մարտահրավերները, որոնց բախվում են բռնության ենթարկված կանայք։

«Թարգմանությունը ոչ միայն մասնագիտական գործունեություն էր ինձ համար, այլև խորապես անձնական փորձառություն։ Յուրաքանչյուր ընթերցող այս գիրքը կարդալիս կարող է տեսնել իրեն տարբեր տարիքում, տարբեր դերերում՝ բռնության տարբեր դրսևորումների մեջ»,- ասաց Կոջոյանը։

Միջոցառմանը քննարկվեցին նաև բռնության ենթարկված կանանց աջակցման խնդիրները, մասնավորապես՝ մարզերում աշխատատեղերի և վերապատրաստման հնարավորությունների պակասը։

«Մեր հասարակության ամենաթույլ կետերից մեկն այն է, որ բռնության ենթարկված կանանց աշխատելու և հմտանալու հնարավորություններ գրեթե չեն ընձեռվում։ Մարզերում հատկապես մեծ խնդիր է նրանց ֆինանսական անկայունությունը, ինչը խոչընդոտում է անկախություն ձեռք բերելուն»,- ասաց բռնությունը հաղթահարած  Սիրանուշ Գալոյանը։

Միջոցառման առանցքային ուղերձն այն էր, որ տրավմա վերապրածները եւ նրանց աջակիցները արվեստի միջոցով կարող են ոչ միայն բարձրաձայնել խնդիրները, այլև ինքնամոքվել։ 

«Մենք ամեն օր առճակատվում ենք համակարգային խնդիրների, որոնք խեղդում են մեզ։ Արվեստի միջոցով մենք կարող ենք ոչ միայն բարձրաձայնել կանանց իրավունքները, այլև ինքնամոքվել, քանի որ յուրաքանչյուր համակարգային պայքար պահանջում է մեծ հոգեբանական ուժ։ Արվեստն ունի հզոր ազդեցություն հասարակական փոփոխությունների խթանման գործում՝ ձայն տալով նրանց, ում ձայնը հաճախ անտեսվում է»,- նշեց Հովհաննիսյանը։

Կանանց աջակցման կենտրոնն այս պահին իր գործընկերների հետ համատեղ հետազոտություն է իրականացնում անհետաձգելի միջամտության և պաշտպանական միջոցների անվավեր ճանաչման ուղղությամբ․ «Կփորձենք հասկանալ՝ որքանով կարելի է ավելի զգայուն դարձնել իրավական համակարգերը, որպեսզի եթե մի համակարգում որոշում է կայացվել, մյուս օղակում որոշումն անվավեր չճանաչեն և անպաշտպան թողնեն վտանգի տակ գտնվող անձին»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը։

Տեքստը՝ Անահիտ Դիվանյանի

Լուսանկարները՝ Սյուզի Խաչատրյանի

Վ. Բրյուսովի անվ. պետհամալսարանի

Հանրային հաղորդակցության եւ սերվիսի ֆակուլտետի

Լրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանողներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter