HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զավեն Բոյաջյան

Անկոտրում «Ամերիկյան երազանքը»

Կասկածից վեր է, որ եթե անցյալ տարի Կաննի միջազգային կինոփառատոնի ժյուրին ամերիկյան անկախ կինոյի երբեմնի գործիչ Գրետա Գերուիգի գլխավորությամբ «Ոսկե արմավենու ճյուղը» չպարգևեր այդ կինոյի նրա ներկա եղբայրակցի՝ Շոն Բեյքերի «Անորա»-ին և ապա սուրբ Գրետայի հովանու տակ բախտի ձին թամբած չարքաշ Բեյքերի ֆիլմին կինոակադեմիկոսների շռայլ ձեռքով չորս «Օսկար» չշնորհվեր, այն էլ՝ հիմնական անվանակարգերում, ապա «Անորան» ներկա ուշադրության կեսն անգամ հազիվ վաստակեր: Թեև հանուն ճշմարտության անհնար է չընդունել, որ Բեյքերի նոր աշխատանքը զուտ կինեմատոգրաֆիական առումով ճոխ առաջընթաց է նրա նախորդ, շատ ավելի համեստ գործերի համեմատ, որքան էլ «Անորան» բովանդակային առումով այդ գործերի՝ «Մանդարին» (2015), «Ֆլորիդա նախագիծը» (2017), «Կարմիր հրթիռը» (2021) ֆիլմերի վարիացիան լինի:

Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Շոն Բեյքերին կարելի է կոչել բրիտանական կինոյի ականավոր դեմքերից մեկի՝ Մայք Լիի ամերիկյան տարբերակը, որ, խոսք չկա, ամեն պատճենի պես զիջում է բնօրինակին: Ինչևէ, Բեյքերը միհարկանի, հետնախորշային Ամերիկայի երգիչն է, նրա հերոսները քիչ է ասել, թե հասարակ, անշուք մահկանացուներ են, Բեյքերն առանձնակի համակրանք ունի լուսանցքում ապրողների հանդեպ (ձախողակներ, գործազուրկներ, թմրամոլներ ու թմրավաճառներ, պոռնիկներ, տրանսգենդերներ, տարագիրներ և այլն): Հրեշտակային նկարագրից շատ հեռու, մեծ ու մանր մեղքերի մեջ թաղված փոքր մարդու դատապաշտպանն է Բեյքերն էությամբ և կարեկցական ու ներողամիտ հայացքով է նայում իր հակահերոսին, որին շատերն ուղղակի բեղից ընկած բրինձ կհամարեն, մինչդեռ հենց այս «բրինձ» համարվածի նսեմացումն ու արժանապատվության ոտնահարումն են հուզում Բեյքերին և այն աստիճանի, որ հիրավի թեմատիկ սևեռման են վերածվել:

«Անորա»-ի սյուժեն այդ սևեռման տիպիկ դրսևորում է: Բեյքերը, ըստ սովորության, պատումն այնպես է կառուցել, որ դրա միջուկը դառնա գլխավոր կերպարին բաժին ընկած ոտնահարման դրաման: Բայց այս անգամ նա նոր խաղաքայլերի է դիմել նախորդ ֆիլմերի համեմատ: «Անորան» գրականությունից, թատրոնից և կինեմատոգրաֆից  քաջ հայտնի կլիշեների ու կարծրատիպերի շքահանդես է: Հերոսուհու կերպարը ջուր է առնում դեռ Մարգարիտ Գոթիեի և Սոնյա Մարմելադովայի ժամանակներում շահարկվող «ոսկի սրտով պոռնիկի» ամպլուայից: Մեծահարուստի որդի Վանյան զուտ հաճույքի ու սպառման համար ապրող ոսկե երիտասարդության տիպիկ ներկայացուցիչ է, որի դասական մարմնավորումներից մեկին՝ Միքայելին, եթե հեռու չգնանք, հանդիպել ենք Շիրվանզադեի «Քաոս» վեպում: Օլիգարխ Նիկոլայ Զախարովը և մանավանդ նրա դիվային կողակցուհին՝ Գալինան, մեծ մասամբ հիշեցնում են դեռ հնուց Հոլիվուդում շրջող գրոտեսկային տրաֆարետները ռուսների մասին: Օլիգարխի կամակատար և Վանյայի կնքահայր Թորոսի ու նրա արբանյակ Գառնիկի զույգը կոմեդիա դելլ’արտեի դարաշրջանից սերող հաճկատար սպասավորների կոմիկական երկյակ է, որն անհամար նմանակներ ունի, իսկ Թորոսի ռուս արբանյակը՝ սափրագլուխ Իգորը, սակավախոս ու խորհրդավոր «իսկական տղամարդու» տիպար է, որի անհաղորդության և կարծր կրծքի տակ, ինչպես անպայման կպարզվի, փխրուն ու ազնիվ սիրտ է թաքնված:

Կարելի է կարծել, թե արդեն վաղուց մորուքավոր կլիշեների սույն հավաքածուն գիտակցաբար է ընտրված պոստմոդեռնիստական նորօրյա ոգով խաղարկելու, ասել կուզի՝ վերաիմաստավորելու գեղարվեստական նպատակով: Բայց սա մնում է լոկ ցանկություն լավագույն մաղթանքների ժանրից: Ասենք, եթե այդ կլիշեները դեռ այնքան կենսունակ են, որ արձագանք են տալիս ոչ միայն զանգվածային գիտակցության մեջ, այլև կինոյով ներծծված մասնագիտական ուղեղներում, ուրեմն դուրս է գալիս, որ դրանց փոշին թափ տալու ջանքերի հարկ չկա: Եվ այսպես, կլիշեների շարանը հպարտ շուքով իր սնդուսափայլ նավթալինն է ցուցադրում, և միայն Բեյքերի կոմիզմի զգացումը, Տարանտինոյի կամ Գայ Ռիչչիի ֆիլմերին հատուկ «դրայվն» ու աբսուրդիզմը, դերասանների խաղն են տեղ-տեղ դրանց շունչ տալիս: Իրականում Բեյքերը խաղարկել է մեն-մի կլիշե՝ հաջողության հասնելու՝ «ամերիկյան երազանքի» մոտիվը, որի մշտահոլով տարբերակներից մեկը դեռ համր Հոլիվուդի ոսկի օրերից (Մերի Փիքֆորդի ականջը կանչի) Մոխրոտի պատմության սյուժետային սխեման է: Վերջինս այստեղ լծորդվել է անհավասար ամուսնության վաղեմի մելոդրամատիկ շաբլոնով: Մերկապարուհուն բաժին ընկած թեթևսոլիկ արքայազնը խորտակում է սոցիալական սանդուղքով վեր մագլցելու նրա անրջալի շանսը, և «ամերիկյան երազանքը» ճռինչով փուլ է գալիս կարծես, իսկ Բեյքերը Մոխրոտի ճակատագրի բացասական տարբերակով հնարավորություն է ստանում հերոսուհու  նսեմացման ու ոտնահարված արժանապատվության իր սիրելի դրաման պատկերելու: Միայն թե «կարծես» բառը զուր չի օգտագործված, որովհետև Բեյքերը մի ձեռքով փլուզում է Մոխրոտի արքետիպային պատումի կլիշեն, մյուս ձեռքով էլ վերականգնում ֆիլմի եզրափակիչ տեսարանում, որտեղ արքայազնից զրկված տարաբախտ Մոխրոտը կորստի դիմաց առնվազն կարեկից սիրտ է գտնում՝ ի դեմս Իգորի, որի խորհրդավորությունը, ի միջի այլոց, այնքան էլ անըմբռնելի չէ տվյալ սյուժետային քայլը (մի շարք այլ քայլերի պես) չկանխատեսելու համար: Մի խոսքով՝ թող խեղճ ու տանջված Անորան էլ իր բախտին տիրանա, ինչպես լավագույն մելոդրամներում:

Բեյքերի այս ակնհայտ տուրքը Հոլիվուդին նրա հրաժեշտն է ռոմանտիկ անկախ կինոյին և մուտքը մերկանտիլ մեյնսթրիմ: «Օսկարները» հենց դրա հավաստիքն են, այլ խոսքով՝ իրականացած «ամերիկյան երազանքը» հենց Բեյքերի կյանքում: Ի դեպ, Կաննի նրա կնքամայրը՝ Գրետա Գերուիգը, նույն անցումն է արել (թեև անհամեմատ սուղ օսկարյան արդյունքներով), ինչպես շատ ավելի համբավավոր Հել Հարթլին, Սթիվեն Սոդերբերգը և այլք՝ ժամանակին, որոնք հետզհետե կորան մեյնսթրիմի ջրերում:

P. S. Մի քանի խոսք էլ «Անորա» ֆիլմի հայ դերակատարների մասին, որոնք աղմուկ են հանել հայկական մեդիայում ու հայտնի սոցցանցերում:

Նկատի առնենք, որ Թորոսի ու Գառնիկի դերակատարներ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը պարզապես կոմիկական կերպարներ են խաղում գեղարվեստական ֆիլմում, ուստի բնավ կոչված չեն ներկայացնելու հայ ժողովրդի հավաքական կերպարը, ինչպես թվում է խոր չափազանցության գիրկն ընկած ոմանց: Ընդհանրացման հարկ բոլորովին չկա, քանի որ դրա տեղը չէ: Այս կերպարները շատ հանգիստ կարող էին և այլազգի լինել, դրանից հազիվ թե բան փոխվեր «Անորա»-ում: Բայց ավելացնեմ, որ Կարագուլյանը թերևս լրջորեն վտանգի ազգային անթերիության ջատագովների առողջությունը, եթե մի օր տեսնեն Շոն Բեյքերի «Մանդարինը», որտեղ նրա պատկերած տաքսիստ Ռազմիկի թաքուն մոլությունը սեքսն է տրանսգենդերի հետ:  

Գլխավորը լուսանկարը՝ Mike Coppola/Getty Images                                                                                             

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter