HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մինչև 2029-ը Ծաղկաձորը նոր վարչական շենք, թատրոն և զբոսայգի կունենա

Ծաղկաձոր համայնքը, ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, չունի զբոսայգի։ «Համայնքի այն տարածքները, որտեղ հնարավոր է կառուցել համայնքային զբոսայգի, արդեն իսկ մասնավոր սեփականություններ են»,- ասված է նախարարության հիմնավորման մեջ:

Նախարարությանը համայնքի ղեկավարը տեղեկացրել է, որ Կեչառիս վանական համալիրին հարակից պետական սեփականություն հանդիսացող տարածքը զբաղեցնում է մոտ 3 հա: Այն տեղի ազգաբնակչության համար ունի պատմական նշանակություն։ Նախկինում այս տարածքում տեղակայված է եղել գիշերօթիկ դպրոց, որը 1990-ական թվականներից չի գործում։ Տարածքում առկա է 5 շինություն, որոնք, նախարարության հիմնավորմամբ, անմխիթար վիճակում են և շահագործման ենթակա չեն։ 

Նախատեսվում է ապամոնտաժել գոյություն ունեցող շինությունները և տեղում մինչև 3 վերգետնյա հարկով երկու մասնաշենք կառուցել․ մեկը որպես Ծաղկաձոր համայնքապետարանի վարչական շենք, իսկ մյուս մասնաշենքը՝ թատրոնի համար։ Երկու մասնաշենքերի ստորգետնյա հարկում և բակային տարածքում նախատեսվում է կառուցել ավտոկայանատեղիներ 110-200 մեքենայի համար, ինչն ըստ գործադիրի՝ կնպաստի նաև համայնքի կենտրոնական փողոցների բեռնաթափմանը։ 

«Մենք Ծաղկաձորում 3 հա տարածք փրկում ենք կոմերցիոն ներդրման տրամաբանությունից և հանրային ներդրում ենք ապահովում»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ներդրումը կարևոր է համայնքի հետագա զարգացման համար։ Նա նաև հույս հայտնեց, որ լեռնադահուկային հատվածի հարցով էլ կզբաղվեն։

Հողատարածքի մնացած հատվածում նախատեսվում է իրականացնել բարեկարգում՝  կանաչապատում, զբոսայգի, ճեմուղիներ։ Համայնքային զբոսայգին կկառուցվի մոտ 2 հա մակերեսի վրա, որը կազմում է հողամասի մակերեսի մոտ 70 տոկոսը: 

«Ծաղկաձոր համայնքի բնակիչները, երեխաները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք կարող են լիարժեք կերպով անցկացնել իրենց հանգիստը գեղեցիկ և ժամանակակից համայնքային զբոսայգում»,- նշված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հիմնավորման մեջ: Նախարարությունը հավելում է, այս ծրագիրը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։

Ծաղկաձոր համայնքի վարչական շենքի կառուցման համար համայնքը կներդնի 1 մլրդ դրամ՝ յուրաքանչյուր տարի 0․2 մլրդ դրամ հավասարաչափ։ Կառուցապատման ավարտը նախագծով սահմանվել է 2029 թվական։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter