
Ռուբեն Վարդանյանը կրկին հրաժարվել է ցուցմունք տալուց և որևէ հարցի պատասխանելուց
Մարտի 4-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։
Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, նիստի սկզբում Վարդանյանի պաշտպան Ավրահամ Բերմանը միջնորդություններ է ներկայացրել դատարանին, որ իր պաշտպանյալին տրամադրեն ծանուցագիր՝ բացատրելով նրա իրավունքներն ու պարտականությունները, լրացուցիչ պայմաններ ստեղծեն գործի նյութերին, այդ թվում՝ դատական նիստի արձանագրությանը ծանոթանալու համար և տրամադրեն ռուսերեն թարգմանությամբ նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը, ինչպես նաև թույլտվություն տան Ռուբեն Վարդանյանի օտարերկրացի փաստաբան Ջարեդ Գենսերին մասնակցել դատավարությանը։
Դատավոր Զեյնալ Աղաևը նշել է, որ Ռուբեն Վարդանյանը դատարանի կողմից պաշտոնապես ծանուցվել է իր իրավունքների ու պարտականությունների մասին։ Ըստ դատարանի՝ Վարդանյանին տրվել է բավարար ժամանակ՝ գործի նյութերին ծանոթանալու համար, սակայն եթե Վարդանյանը ցանկանա ծանոթանալ գործի նյութերում պարունակվող փաստաթղթերին, այդ թվում՝ դատական նիստի արձանագրությանը, ապա այս առումով նրա համար կրկին պայմաններ կստեղծվեն։
Այնուհետև Ռուբեն Վարդանյանին կրկին առաջարկել են ցուցմունք տալ, ինչից նա հրաժարվել է։ Պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները հարցեր են ուղղել Վարդանյանին։ Ռուբեն Վարդանյանը կրկին հրաժարվել է պատասխանել որևէ հարցի։
Դատական նիստի ընթացքում որպես ապացույց ներկայացվել են նաև WhatsApp, Signal և Telegram հավելվածներով ուղարկված ձայնային հաղորդագրություններ, նամակագրություններ, ֆոտո և վիդեո նյութեր։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 11-ին։
Նշենք, որ փետրվարի 19-ին Ռուբեն Վարդանյանը իր ընտանիքի հետ հեռախոսազանգի ժամանակ ասել է, որ հացադուլ է հայտարարում՝ ի նշան Բաքվում իրականացվող կեղծ դատավարության։ Նա դիմել էր աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին․ «Այս գործընթացը ձեր ուշադրությունն է պահանջում: Արդարադատության իմիտացիան ապօրինությունն ու անարդարությունն արդարացնելն է: Նման խախտումներն անարձագանք թողնելը ճանապարհ է հարթելու ապագա ողբերգությունների համար՝ թշնամանքի ու ատելության նոր ալիք հրահրելով: Միայն ճշմարտության, օրենքի ու հումանիզմի միջոցով է հնարավոր տարածաշրջանում արդարություն ու խաղաղություն ապահովել»,- նշել էր նա։
Հացադուլի առաջին շաբաթվա վերջում Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր։ Չնայած դրան՝ նրան ստիպել էին կանգնել Բաքվի ռազմական դատարանի դատական կոլեգիայի առջև և մասնակցել նիստին։
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի գործն անջատվել է Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմա-քաղաքական մյուս ղեկավարների գործից և քննվում է առանձին վարույթով։ Նրան առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է մինչև ցմահ ազատազրկում: Ռուբեն Վարդանյանը իր գործով առաջին նիստից առաջ՝ հունվարի 16-ին, ընտանիքի հետ հեռախոսազանգի միջոցով ուղերձ էր փոխանցել, որում նշել էր, որ մինչև հիմա իրեն հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը։ Ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ինքը չի տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված։ Նա նաև նշել էր, որ ճնշում է գործադրվել իր, իր փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Վարդանյանը պահանջում է բաց, հրապարակային դատաքննություն։
Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության
Մեկնաբանել