HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որքան աշխատավարձ են ստանում մարդիկ Հայաստանում. աշխատաշուկան` թվերով

Պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատատեղերը ավելացել, աշխատավարձերը բարձրացել են։ Այս հանգամանքը ներկայացվում է որպես տնտեսության զարգացման և ստվերի կրճատման արդյունք։ Մենք ուսումնասիրեցինք 2020-2024-ի տվյալները՝ 5 տարվա կտրվածքով վերլուծություն անելու համար և զրուցեցինք ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վահե Բուլանիկյանի հետ, որը մեզ պատմեց, թե որքանով է իրական միջին աշխատավարձի՝ պաշտոնյաների կողմից հայտարարվող թիվը, և ինչ խնդիրներ կան աշխատաշուկայում։

Վիճակագրական կոմիտեն պարբերաբար հրապարակում է Հայաստանում աշխատաշուկային վերաբերող տվյալներ, օրինակ՝ ամսական միջին աշխատավարձ, աշխատողների քանակ՝ ըստ մարզերի, սեռի։ Այս տվյալները վերլուծելով՝ փորձենք հասկանալ՝ ինչ շարժ կա, օրինակ՝ աշխատողների մոտ 70%-ը կենտրոնացած է Երևանում։ 

Աշխատաշուկայի ընդհանուր պատկերը

Այս տվյալներն արտացոլում են Հայաստանում ամսական միջին աշխատավարձը, բայց եկեք դիտարկենք այն ըստ մարզերի և մայրաքաղաքի։ 2024-ին ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը եղել է Սյունիքի մարզում՝ 329,618 դրամ, սրա հիմնական պատճառն այն է, որ բնակչության զգալի մասն աշխատում է հանքարդյունաբերության ոլորտում, օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Երկրորդ տեղում Երևանն է՝ 328,911 դրամ։ Մյուս մարզերում միջին ամսական աշխատավարձը ցածր է հանրապետության մակարդակով գրանցված ամսական միջին աշխատավարձից՝ 287,172 դրամից։ Ամենացածրը Գեղարքունիքի մարզում է՝ 144,908 դրամ։ Մարզերի պատկերը՝ ինֆոգրաֆիկայում։

Տնտեսագետ Վահե Բուլանիկյանի կարծիքով՝ միջին աշխատավարձի թիվը առանձին դիտարկելը սխալ է։ Միջին աշխատավարձի ավելի իրական պատկեր ստանալու համար Բուլանիկյանն առաջարկում է դիտարկել յուրաքանչյուր ոլորտի միջին աշխատավարձերն առանձին։

«Օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջին աշխատավարձը 1 մլն դրամ է, իսկ կրթության ոլորտում՝ 150 հազար։ Բայց ՏՏ ոլորտում զբաղվածների թիվը անգամներով պակաս է կրթության ոլորտում աշխատողների թվից»,- ասում է Բուլանիկյանը։ 

Տնտեսագետի կարծիքով՝ անհրաժեշտ է տեսնել նաև, թե որքան են ավելացել հարկերը, քանի տոկոս են եղել գնաճը և ինֆլյացիայի մակարդակը։

«Ամենակարևորը, որ չի արվում, նվազագույն սպառողական զամբյուղի ինդեքսավորումն է, որպեսզի հասկանանք արդյոք միջին վիճակագրական քաղաքացին այս տարի ավելի լավ է ապրում, քան նախորդ տարի»,- նշում է տնտեսագետը։

Բուլանիկյանը նաև նշում է, որ եթե ունենանք մեդիան աշխատավարձի տվյալները կկարողանանք իրականությանն ավելի մոտ պատկեր ունենալ աշխատավարձերի մասին։ Մեդիանը միջին արժեքն է՝ վիճակագրության մեջ թվերի մի շարք դասակարգելուց հետո գտնված այն թիվը, որը շարքի մեջտեղում է։

2024-ի ապրիլի տվյալներով՝ աշխատողների 69․5%-ը Երևանում է, երկրորդ տեղում Կոտայքի մարզն է՝ 5․5%: Ամենաքիչը Վայոց Ձորի մարզում՝ 1%:

Հայաստանում տղամարդկանց ամսական միջին աշխատավարձը զգալիորեն տարբերվում է կանանց աշխատավարձից։ Օրինակ՝ 2024-ին տղամարդկանց ամսական միջին աշխատավարձը եղել է 360,025 դրամ, կանանց դեպքում՝ 218,325 դրամ։ 

Վահե Բուլանիկյանը խնդրահարույց է համարում մարզերում և Երևանում աշխատավարձերի տարբերությունը։ Ըստ տնտեսագետի՝ անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել մարզերում տնտեսության աշխուժացման համար։ «Կարելի է, օրինակ, հարկային փոփոխություններ կատարել և մարզերում գործունեություն ծավալող բիզնեսների համար սահմանել ավելի ցածր հարկեր։ Դա կխթանի բիզնեսի տեղափոխումը Երևանից մարզեր»,- կարծում է Բուլանիկյանը։

Աշխատաշուկան` ըստ տնտեսական գործունեության տեսակի

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ աշխատողները և ամսական միջին աշխատավարձերը դասակարգված են ըստ տնտեսական գործունեության 19 տեսակի[1]։ Այս 19 ոլորտում 2024-ի նոյեմբեր ամսվա դրությամբ 786 970 մարդ է աշխատել։ Նույն ժամանակահատվածում Հայաստանում միջին ամսական աշխատավարձը եղել է 291 061 դրամ։ Վիճակագրությունը փաստում է, որ 2024-ի նոյեմբերին 13 ոլորտում և ընդհանուր աշխատողների 79․1%-ի ամսվա միջին աշխատավարձը եղել է 291 հազար դրամից պակաս։ Միայն 6 ոլորտում է, որ ամսական միջին աշխատավարձը ավել է 291 հազարից։ 2024-ի դեկտեմբեր ամիսը չդիտարկելու պատճառն այն է, որ նշված ամսին որոշ ոլորտներում աշխատավարձերը միջինից բարձր են՝ զգալի տարբերությամբ, ինչը իրական պատկերը ցույց չի տա։

Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում աշխատակիցների թիվը աճել է վերջին երկու տարում, դրան նախորդող 3 տարվա այդ թիվը տատանվել է 21 400 աշխատողի շուրջ՝ մոտ 1 400 աշխատողով։ 2023-ից սկսած այն աճել է՝ 2024-ի դեկտեմբերին հասնելով առավելագույն 24 777-ի։ Այս ոլորտում աշխատավարձը ևս բարձր է, բայց հաճախ՝ կտրուկ տատանվող։ Հինգ տարվա ընթացքում այն զգալիորեն ավելացել է։ 2024-ի մարտ, նոյեմբեր, դեկտեմբեր ամսիներին ամսական միջին աշխատավարձը գերազանցել է 1 մլն դրամը, իսկ մյուս ամիսների միջինը գերազանցել է 700 հազար դրամը։

Տեղեկատվության և կապի ոլորտում 2020-ի սկզբին աշխատողների թիվը եղել է 24․5 հազար մարդ, որը մինչև 2023 թվական աճել է՝ հասնելով մոտ 45 հազարի։ Այս թիվը վերջին երկու տարվա ընթացքում գրեթե չի փոխվել։ 2024-ի դեկտեմբերին՝ հինգ տարվա ընթացքում, աշխատողների առավելագույն թիվը եղել է 45 610։ 2023-2024-ի բոլոր ամիսներին ամսական միջին աշխատավարձը բարձր է եղել 800 հազար դրամից։ Այս ոլորտում աշխատողների հիմնական մասը տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներն են։ Վերջին երկու տարում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների ամսական միջին աշխատավարձը 1 մլն դրամից ավել է եղել։ 

Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում 2024-ի դեկտեմբերի դրությամբ աշխատել է 12 311 մարդ։ 2020-ի համեմատ 2024-ին այն աճել է՝ ավելանալով մոտ 1 500 մարդով։ Այս ոլորտում աշխատավարձը, համեմատ մյուսների, բարձր է։ 2024-ի դեկտեմբերին՝ 821 հազար դրամ։ Բայց սա դժվար է հիմնական աշխատավարձ համարել, քանի որ 2021-2024-ի հունիս և դեկտեմբեր ամիսներին աշխատավարձերը ավելի բարձր են, քան մյուս ամիսներին, 2020-ին ևս առկա է այս պատկերը, բայց ավելի քիչ տարբերությամբ։ 2024-ի մյուս ամիսներին տատանումները փոքր են եղել և միջինում աշխատավարձը կազմել է 494 հազար դրամ։

Ստորև կարող եք տեսնել աշխատավարձերը և աշխատողների թիվը 2020-2024-ին՝ ըստ ոլորտների։ Ինֆոգրաֆիկաներում կարող եք տեսնել տարբեր ոլորտների միտումները՝ ըստ ամսական միջին աշխատավարձի կամ աշխատողների թվի (յուրաքանչյուր ոլորտ առանձնացված է գույնով)։ 

Պետական կառավարման և պաշտպանության, պարտադիր սոցիալական ապահովության ոլորտում հինգ տարվա ընթացքում աշխատողների թիվը փոքր տեմպով նվազել է։ 2024-ի դեկտեմբերին այս ոլորտում աշատողների թիվը եղել է 35,151։ Աշխատավարձը կտրուկ տատանումներ է ունեցել, բայց 2024-ին որոշ ամիսների այն հատել է 400 հազար դրամը։ Իսկ դեկտեմբեր ամսին ամեն տարի սովորականից ավելի բարձր է եղել։ 

Մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում աշխատողների թիվը կտրուկ ավելացել է 2023-ի հունվարին՝ նախորդ ամսվա համեմատ ավելանալով մոտ 3 500-ով՝ դառնալով 21 897։ Աճողական տենդենցը, հիմնականում, պահպանվել է։ 2024-ի դեկտեմբերին եղել է 24 263 աշխատող։ Այս ոլորտի մեջ են մտնում նաև մշակույթը և արվեստը, որտեղ աշխատողների թիվը էապես չի փոխվել։ 2020-2021-ին՝ 9 800 աշխատող՝ տատանվելով մի քանի հարյուրով, իսկ վերջին 3 տարում այն գերազանցել է 10 000-ը, առավելագույնը եղել է 10 773 աշխատող։ Մշակույթով և արվեստով զբաղվելը աշխատավարձի տեսանկյունից այնքան էլ գրավիչ չէ։ 2024-ի նոյեմբերին ամսական միջին աշխատավարձը կազմել է 148 հազար դրամ։ Իսկ ընդհանուր մշակույթի, զվարճությունների և հանգիստի ոլորտում աշխատողներինը նույն ժամանակահատվածում՝ 332 հազար դրամ։ 

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի[2] մատակարարման ոլորտում աշխատողների թիվի տատանումները մեծ չեն եղել, բայց թիվը հստակ նվազել է։ Եթե 2020-ի գրեթե բոլոր ամսիներին այս ոլորտում աշխատողների թիվը գերազանցել է 20 հազարը, ապա հաջորդող տարիներին այն, հիմնականում նվազել է՝ 2024-ին հասնելով միջինում մոտ 17 500 աշխատողի։ Այս ոլորտում միջին ամսական աշխատավարձը դեկտեմբեր ամսին բոլոր հինգ տարիներին միշտ ավելի բարձր է եղել մյուս ամիսների համեմատ, գրեթե կրկնակի։ 2020-ի միջին ամսական աշխատավարձը եղել է 240 հազար դրամ՝ դեկտեմբեր ամիսը չհաշված։ Հաջորդող տարիներին աշխատավարձի թիվը պարբերաբար տատանվել է՝ որոշակի չափով ավելացել, 2024-ի բոլոր ամիսների՝ բացառությամբ դեկտեմբերի, միջին աշխատավարձը եղել է մոտ 300 հազար դրամ։

Փոխադրումների և պահեստային[3] տնտեսության ոլորտի աշխատողների ամենամեծ թիվը հինգ տարվա ընթացքում եղել է 2024-ի դեկտեմբերին՝ 22 750 մարդ, ամենացածրը՝ 19 085։ Ոլորտում աշխատավարձը հինգ տարվա ընթացքում, հիմնականում, աճել է։ 2024-ի ամսիներին այն տատանվել է 260-300 հազարի միջև։ Այս ոլորտում ևս բոլոր տարիներին դեկտեմբեր ամիսը տարբերվում է՝ մյուս ամիսների համեմատ ավելի բարձր աշխատավարձի չափով։ 

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտում հինգ տարվա ընթացքում աշխատողները, հիմնականում, ավելացել են, նվազագույնը եղել է 2020-ի տարեսկզբին՝ 19 116 մարդ, իսկ առավելագույնը 29 016 մարդ՝ 2024-ի դեկտեմբերին։ Այս ոլորտի մեջ է մտնում նաև գիտական հետազոտություններ և մշակումները, որտեղ աշխատողների թիվը ևս որոշակի չափով ավելացել է՝ բայց անընդհատ տատանվելով 5-6․5 հազարի մեջ, 2024-ի դեկտեմբերին՝ 6 462 աշխատող։ Աշխատավարձը ևս աճել է՝ 2024-ի որոշ ամիսների հասնելով գրեթե 290 հազար դրամի։ Գիտական հետազոտությունների և մշակումների ոլորտում աշխատավարձը մի փոքր ավելի ցածր է, 2024-ի ամիսների միջինը կազմել է 254 հազար դրամ։

Շինարարության ոլորտում աշխատողների թիվը հինգ տարվա ընթացքում զգալիորեն աճել է, 2020-ին միջինում աշխատողների թիվը եղել է 22․5 հազար, տարվա երկրորդ կեսին աշխատակիցների թիվը կտրուկ աճել է՝  18 600-ից հասնելով առավելագույն մոտ 26 հազար աշխատողի։ Այս թվերը, իհարկե, ամիսների կտրվածքով փոխվել են, բայց, ի վերջո, այն հիմնականում աճել է, 2024-ի դեկտեմբերին հասնելով 42 հազար մարդու։ Մոտարկված թվերով, կարելի է ասել, որ աշխատողների թիվը հինգ տարվա ընթացքում երկու անգամ ավելացել է։ Բոլոր տարիներին հատուկ է այն, որ հունվար ամսին աշխատողների թվի կտրուկ նվազում է եղել։ Ամսական միջին աշխատավարձը ևս, տատանումներով, բայց ավելացել է։ 2020-ին աշխատավարձը միջինում եղել է 201 հազար դրամ, 2024-ին՝ 260 հազար դրամ։ Ամսական միջին աշխատավարձի առավելագույնը եղել է 2024-ի դեկտեմբերին՝ 283 հազար դրամ։

Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում աշխատողների թիվը դանդաղ, բայց հստակ ավելացել է՝ հինգ տարվա ընթացքում աճելով մոտ 9 000-ով։ Աշխատավարձը պարբերաբար կտրուկ տատանումներ է ունեցել։ 2020-ի ամիսների միջին թվի համեմատ այն աճել է մոտ 60 հազար դրամով։ 2024-ի ամիսների միջինը եղել է 247 հազար դրամ։ Ամենաբարձր ցուցանիշը եղել է 2024-ի դեկտեմբերին՝ 271 հազար դրամ։

Մշակող արդյունաբերության ոլորտում, ի տարբերություն հանքագործական արդյունաբերության, ամսական միջին աշխատավարձն ավելի ցածր է, բայց աշխատողները՝ շատ։ Հինգ տարվա ընթացքում ոլորտում աշխատողները զգալիորեն ավելացել են։ Օրինակ՝ 2020-ին միջինում եղել է մոտ 75 հազար աշխատող, իսկ 2024-ին միջինում մոտ 90 հազար։ 2024-ի դեկտեմբերին եղել է 90 850 աշխատող։ Մշակող արդյունաբերության ոլորտն աշխատակիցների քանակով երրորդն է Հայաստանում։ Այս ոլորտում հինգ տարվա ընթացքում աշխատավարձը աճել է՝ ամիսների կտրվածքով որոշակի տատանումների ենթարկվելով։ 2020-ին միջինում՝ 167 հազար դրամ, 2024-ին՝ 224 հազար դրամ։ 

Մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում հինգ տարվա ընթացքում աշխատողների թիվը աճել է։ 2020-ին 108 հազար աշխատող է եղել, 2024-ին՝ 130 հազար։ Աշխատողների թիվն առավելագույնը եղել է 2024-ի դեկտեմբերին՝ 134 849։ Այս ոլորտն աշխատողների թվով առաջատարն է։ Աշխատավարձը ևս աճել է, բայց այն շարունակում է ավելի ցածր մնալ, քան Հայաստանի մակարդակով միջինը։ 2020-ի ամիսների միջինը կազմել է 137 հազար դրամ, իսկ 2024-ին՝ 207 հազար դրամ։ Ամենաբարձր աշխատավարձը հինգ տարվա ընթացքում եղել է 2024-ի դեկտեմբերին՝ 228 հազար դրամ։

Անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտում աշխատողների թիվը մեծ չէ՝ 2024-ի դեկտեմբերին՝ 8 757 մարդ։ Հինգ տարվա ընթացքում այս թիվը նույն միջակայքում է մնացել ՝ որոշակի տատանումների ենթարկվելով։ Ոլորտում աշխատավարձը, համեմատած Հայաստանի ամսական միջին աշխատավարձի, ցածր է։ Հինգ տարվա ընթացքում ամսական միջին աշխատավարձն ամենաբարձրը եղել է 2024-ի դեկտեմբերին՝ 229 հազար դրամ։  

Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում հինգ տարվա ընթացքում աշխատողների թիվը որոշակիորեն տատանվել է՝ մինչև 1 300 մարդ։ Աշխատողների թիվը նշված ժամանակահատվածում եղել է  6 200-7 400-ի սահմաններում։ 2024-ի դեկտեմբերին աշխատողների թիվը եղել է 6 805։ Այս ոլորտում աշխատողների ամսական միջին աշխատավարձը հինգ տարվա ընթացքում բարձրացել է, բայց այն ցածր է Հայաստանում գրանցված ամսական միջին աշխատավարձից։ Օրինակ՝ 2020-ի ամսիներին, բացառությամբ դեկտեմբերի, միջինացված ամսական աշխատավարձը եղել է 175 հազար դրամ, իսկ 2024-ին՝ 196 հազար դրամ։ Դեկտեմբերին աշխատավարձերը զգալիորեն բարձր են, օրինակ, 2024-ի դեկտեմբերին՝ 334 հազար դրամ։ 

Գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտում 2024-ի դեկտեմբերին ամսական միջին աշխատավարձը 232 հազար դրամ է եղել, որը Հայաստանում 2024-ին գրանցված միջին աշխատավարձից պակաս է մոտ 55 հազար դրամով։ Ոլորտում աշխատողների թիվը միջինում ևս աճել է։ Աշխատողները, հիմնականում, նվազում են տարվա ցուրտ ամիսներին՝ ուշ աշնանը և ձմռանը։ 2024-ի դեկտեմբեր ամսին եղել է 11 470 աշխատող։ Աշխատողների առավելագույն թիվը գրանցվել է 2024-ի սեպտեմբերին՝ 12 859, նվազագույնը 2020-ի փետրվարին՝ 6 533։

Վարչարարական և օժանդակ գործունեության ոլորտում աշխատակիցների թիվը հինգ տարվա ընթացքում զգալիորեն աճել է՝ 14 հազարից հասնելով 23 հազարի։ Ամսական միջին աշխատավարձը ևս աճել է, բայց Հայաստանում գրանցված ամսական միջին աշխատավարձից ցածր է եղել։ 2024-ին միջինը չի գերազանցել 200 հազար դրամը։

Կրթության ոլորտը աշխատողների քանակով երկրորդն է, 2024-ի դեկտեմբերի տվյալներով աշխատողների թիվը եղել է 128 033։ 2024-ի նոյեմբերի դրությամբ ամսական միջին աշխատավարձը եղել է 159 հազար դրամ։ 

Սպասարկման այլ ծառայությունների ոլորտում աշխատողների թիվը հինգ տարվա ընթացքում մոտ կրկնակի ավելացել է՝ 2024-ի դեկտեմբերին հասնելով առավելագույն 33 140-ին։ Աշխատավարձը ևս աճել է, բայց, կրին, ցածր է Հայաստանի համար միջին՝ 287 հազար դրամից։ Առավելագույն աշխատավարձը եղել է 2024-ի դեկտեմբերին՝ 175 հազար դրամ։

Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում հինգ տարվա կտրվածքով աշխատողների թիվը ևս աճել է։ Տարվա տաք շրջանում ոլորտում աշխատողների թիվը ոչ մեծ թվով, բայց ավելանում է և արդեն աշնան կեսերին՝ նվազում։ 2024-ի ընթացքում, միջինացված, 40 հազար մարդ է աշխատել, իսկ 2020-ին՝ 25 հազար։ Աշխատավարձը, համեմատած Հայաստանում միջին աշխատավարձի, բավականին ցածր է եղել բոլոր տարիներին։ 2024-ի դեկտեմբեր ամսին՝ 151 հազար դրամ, որը հինգ տարվա ամենաբարձր ցուցանիշն է։

Մենք ուսումնասիրեցինք նաև աշխատանքի վերաբերյալ հայտարարությունները Staff.am կայքում՝ հասկանալու համար, թե որ ոլորտներում ազատ հաստիքներ կան։ 2025 թ․ հունվարի 23-ին կայքում եղել է աշխատանքի 1 139 հայտարարություն, որոնց մեծ մասը՝ 985-ը, Երևանում։ Առաջատարը տեղեկատվության և կապի ոլորտն է՝ 431 հայտարարություն, երկրորդ տեղում՝ ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը՝ 281, երրորդը մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտը՝ 87։

Staff.am-ը այս տարի իրականացրել է աշխատաշուկայի վերլուծություն։ Ըստ այդ վերլուծության՝ 2024-ի ամենապահանջված 20 մասնագիտությունների ցանկում են բանկային/վարկային գործը, վաճառքի և սպասարկման կազմակերպումը, ծրագրավորումը, մարքեթինգը և այլն։ Staff.am-ի տվյալներով 2024-ին աշխատատեղերի միայն 11․8 %-ն է եղել մարզերում։ 2023-ի համեմատ այս թիվը նվազել է։ 2023-ին Stuff.am հարթակում առկա  աշխատանքի առաջարկների 86․9%-ը եղել է Երևանում, 13․1%-ը՝ մարզերում։

 

[1]Վիճակագրական կոմիտեի տվյալները առանձնացված են տնտեսական գործունեության 19 տեսակների։ Այս տեսակների մեջ ներառված են մի քանի աշխատանքային ոլորտներ, օրինակ՝ տեղեկատվության և կապ տեսակում ներառված են գրքերի հրատարակչության, թերթերի հրատարակչության, այլ համակարգչային ծրագրերի հրատարակչության, կինոֆիլմերի ցուցադրման և այլ ոլորտներում գործունեություն իրականացնողները։ Հոդվածի մնացյալ հատվածում տեսակ բառի փոխարեն կօգտագործենք ոլորտ բառը։

[2]Գոլորշու և լավորակ օդի մատակարարում: Այս ենթադասը ներառում է գոլորշու, տաք ջրի արտադրություն, հավաքում և բաշխում` ջեռուցման, էներգիայի արտադրության և այլ նպատակների համար, հովացնող օդի արտադրություն և բաշխում, հովացնող ջրի արտադրություն և բաշխում, հովացման կամ սառեցման համար սառույցի արտադրություն։

[3]Պահեստավորում և պահում։ Այս ենթադասը ներառում է բոլոր տեսակի ապրանքների պահման և պահեստավորման ծառայություններ` հացահատիկի շտեմարանների, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստների, սառնարան-պահեստների, զետեղարանների, պահեստարանների և այլ ապրանքների պահում արտաքին առևտրային գոտիներում ապրանքների պահում սառնարանային կայանքներում: Բացառվում է ավտոկայանատեղերի ծառայությունները։

Գլխավոր նկարը՝ Նարե Պետրոսյանի
Օգտագործվել է արհեստական բանականություն (Midjourney)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter