
Ամեն ամսվա վերջին շաբաթ օրը մուտքը Հայաստանի թանգարաններ ազատ է
Արվեստը հանրության համար ավելի մատչելի դարձնելու նպատակով Հայաստանի թանգարանները յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրն իրենց դռներն անվճար բացում են այցելուների համար։ Դա հնարավորություն է տալիս ինչպես տեղացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին, անկախ ֆինանսական վիճակից, ծանոթանալու երկրի մշակութային ժառանգությանը։
Հայաստանի պատմության թանգարանի այցելուներից Անին ասում է, որ ինչպես շատ ուսանողներ, ինքը ևս չի ունեցել բավարար միջոցներ թանգարաններ այցելելու համար։ «Ամեն ամսվա վերջին շաբաթ օրը անվճար մուտքն ինձ համար իսկական նվեր է։ Այս օրերը հնարավորություն են տալիս ծանոթանալու մեր մշակույթին»,- ասում է նա։ Լուիզան Մատենադարան էր այցելել իր երկու երեխաների հետ։ «Երեխաներիս արվեստին ծանոթացնելը միշտ առաջնահերթություն է եղել ինձ համար, իսկ այս օրերը լավագույն տարբերակն են՝ ընտանիքով մշակութային ժամանց ունենալու համար»,- ասում է նա։
Հայաստանի պատմության թանգարանի և Մատենադարանի աշխատակիցները տեղեկացնում են, որ ամեն ամսվա վերջին շաբաթ օրը այցելությունների թիվը նկատելիորեն աճում է, բայցեւ նշում են, որ շատերը չգիտեն, որ այդ օրերին մուտքն անվճար է։
Էլեն Մինասյան
Վ. Բրյուսովի անվ. պետհամալսարանի Հանրային հաղորդակցության եւ սերվիսի ֆակուլտետի Լրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանող
Մեկնաբանել