
Դատավոր Դավիթ Հարութունյանը նոր գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ. ԲԴԽ-Ն օրենքի բացը «լրացրել» է թերի կարգավորված ընթացակարգով
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական վարույթով հերթական գանգատն է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Պատճառն այն է, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշում է կայացրել չվերանայել Դ. Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումը, այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը 2024թ. մայիսի 21-ին կայացրած որոշմամբ վերանայման անհրաժեշտութուն էր տեսել:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը 2023թ. ապրիլի 14-ին Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողին զեկուցագիր է ներկայացրել՝ զանգվածային լրատվության միջոցի հրապարակման առիթով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու 4 հիմքերի ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտությունը դիտարկելու վերաբերյալ: Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
2023թ. մայիսի 24-ին նախարարի պարտականությունները կատարողի կողմից միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Հունիսի 19-ին հրավիրված նիստին ԲԴԽ-ն որոշել է դատավորին կարգապահական պատասխանատվության հարցը քննել դռնփակ եղանակով: Նիստերը դռնփակ անցկացնելուն դեմ էր և՛ դատավոր Դավիթ Հարությունյանը, և՛ նրա ներկայացուցիչ փաստաբանները: Վերջիններս պարբերաբար բարձրաձայնում էին, որ ԲԴԽ-ն խախտումներով է քննում գործը:
2023թ. հունիսի 26-ին հրավիրված նիստի ընթացքում ԲԴԽ-ն դատավորի նկատմամբ կիրառել է «դատական նիստերի դահլիճից հեռացում» սանկցիան՝ շարունակելով գործի քննությունն առանց Դ. Հարությունյանի և նրա ներկայացուցիչների մասնակցության: ԲԴԽ-ն թույլ չի տվել, որ դատավորի ներկայացուցիչները մասնակցեն նիստին:
2023թ. հուլիսի 3-ին ԲԴԽ-ն որոշեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորություններն «էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել», ինչից հետո դատավորը դիմել է ՄԻԵԴ և ՍԴ:
Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչ, փաստաբան Զորայր Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ՄԻԵԴ ներկայացված նոր գանգատով շարադրված փաստակազմով հիմնավորվել է դատավոր Դավիթ Հարությունյանի` դատարանի մատչելիության, արդարացի և հրապարակային դատաքննության, անկախ ու անաչառ դատարանի կողմից գործի քննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտումները:
«ՍԴ կողմից վերանայման ենթակա լինելու արձանագրումը կատարելու պահից Դավիթ Հարությունյանի մոտ առաջացել է դատարանի մատչելիության իրավունքը: Այսինքն՝ վերջինս պետք է հնարավորություն ունենար իր վերաբերյալ կարգապահական վարույթը վերաբացելու ու տվյալ վարույթով իր իրավունքները պաշտպանելու, ինչը ԲԴԽ կողմից մերժվել է՝ հղում անելով ԲԴԽ հայեցողության վրա, որն, ըստ ԲԴԽ-ի, բացարձակ կանոն է նախատեսված «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով։ Դա, իհարկե, այդպես չէ, կանոնը բացարձակ չէ, առավել ևս երբ ԲԴԽ այս «իրավունքը» քննարկվում է ՍԴ որոշման եզրափակիչ մասով արձանագրված՝ պարտադիր վերանայման ենթակա լինելու հանգամանքի համատեքստում»,- ասում է Զ. Հարությունյանը։
Փաստաբանի խոսքերով՝ այն պահից, երբ Դավիթ Հարությունյանը ԲԴԽ ներկայացրեց իր վերաբերյալ որոշման վերանայման դիմում, այդ դիմումի քննությունը պետք է իրականացվեր Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների իրացմամբ, այն է՝ արդարացի ու հրապարակային։ Առավել խնդրահարույցը այստեղ ընթացակարգի «բացակայությունն» էր ու օրենքի անալոգիայի կիրառմամբ բողոքարկման ընթացակարգով դիմումի քննարկումը։
Այս ընթացակարգի կիրառման վերաբերյալ մի քանի անգամ Դ. Հարութունյանն ու իր փաստաբանները խնդրել են տրամադրել իրավունքների իրազեկում, որը մերժվել է։
Զորայր Հարությունյանն ասում է, որ ԲԴԽ կողմից կիրառված բողոքարկման ընթացակարգը նախատեսում է և գրավոր, և դատական նիստում քննության հնարավորություն՝ տարբերվող կարգավորումներով, սակայն կիրառվել է գրավորի ու դատական նիստում քննության համակցված ընթացակարգ, որը նախատեսված չէ օրենսդրությամբ։ Արդյունքում, ԲԴԽ օրենքի բացը «լրացրել է» թերի կարգավորված ընթացակարգով, մինչդեռ կարող էր քննությունն իրականացնել՝ երաշխավորելով ՍԴ որոշման ու Դավիթ Հարությունյանի իրավունքների իրացումը։
«Կարծում եմ ԲԴԽ անկախության ու անաչառության մասին առնվազն մտահոգությունները պարզ են իրավաբանական ամբողջ համայնքին: Բոլորս էլ հասկանում ենք, որ ԲԴԽ-ն չունի ինստիտուցիոնալ անկախություն՝ չնայած օրենսդրությամբ նախատեսված որոշակի երաշխիքների, իսկ Դավիթ Հարությունյանի դեպքում ԲԴԽ նաև չի բավարարել անաչառության չափորոշիչին»,- նշում է փաստաբանը։
Հարկ է նշել, որ ՍԴ կողմից արձանագրվել է Դավիթ Հարությունյանի երկու սահմանադրական իրավունքների խախտումներ, ինչը նշանակում է, որ ԲԴԽ-ի դատական ակտը պետք է լինի նոր հանգամանքի հիմքով վերանայում։ Ըստ Զորայր Հարությունյանի՝ այս տրամաբանությանը հակառակ գնալը, ինչն արել է ԲԴԽ-ն, նշանակում է խախտել մարդու արդյունավետ պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքը և իմաստազրկել անհատական դիմումներով սահմանադրական վերահսկողության ինստիտուտի գոյությունը։
Մեկնաբանել