
«Մինչև օրս չգիտեմ՝ տղաս ինչպես և երբ է զոհվել». Խուռհատի գործով հարցաքննվեցին զոհվածների ծնողները
Շուրջ 2,5 տարի է՝ զոհվածների ծնողները մասնակցում են Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստերին։ Նրանցից յուրաքանչյուրին դատարանում հարցնում են իրենց որդիների հետ ունեցած վերջին զրույցի մասին։ Ծնողները պատմում են՝ ինչ են խոսել իրենց որդիների հետ, ինչպես ստացվեց, որ նորակոչիկները հայտնվեցին շրջափակման մեջ, արդյոք նրանք հայտնել են այդ մասին, նրանց հետ կա՞ր որևէ սպա։
2020թ. հոկտեմբերի 10-ին ադրբեջանցիները հարձակվել են Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա, որտեղ այդ ժամանակ տեղակայված էր Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակը, մեծամասամբ՝ 2 ամսվա զինծառայողներ։
Ըստ վկայությունների՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին, երբ հակառակորդը հարձակվել է, Իշխան Վահանյանն իջել է սարից՝ ասելով, թե վիրավոր է, նստել է մեքենան և գնացել՝ իր հետ տանելով նաև կապի միջոցը։
Գումարտակի մեծ մասը նահանջել է և, չիմանալով հակառակորդի տեղակայման մասին, գնացել դեպի Հադրութ, որի հետևանքով զինծառայողները զոհվել կամ գերեվարվել են։
Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը մեղադրվում է ուսումնական գումարտակի նորակոչիկներին մարտի դաշտում միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։
Դատավոր Ջոն Հայրապետյանը այսօրվա՝ հունվարի 27-ի նիստի մեկնարկին նախ հայտնեց, որ քրեական գործում առկա բոլոր ապացույցները հետազոտվել են, ապա այն ծնողները, որոնք նախաքննության ընթացքում չէին հարցաքննվել, տուժողի իրավահաջորդ ճանաչվեցին և ցուցմունք տվեցին։
«Մինչև օրս չգիտեմ՝ տղաս ինչպես և երբ է զոհվել, վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 12-ին, Թաղասեռ գյուղում էր»,- պատմեց զոհված զինծառայող Լևոն Գալստյանի մայրը՝ Արմենուհի Գալստյանը։
Դրանից առաջ Արմենուհին որդու հետ խոսել էր հոկտեմբերի 11-ին։ Այդ ժամանակ Լևոնն ասել է, որ շրջափակման մեջ են հայտնվել, այդ մասին տեղյակ են պահել, և իրենց հետևից գալու են։
«Էդ ժամանակ իրենք ինչ-որ տան մեջ էին։ Սկսում ենք զանգել տարբեր տեղեր, հոկտեմբերի 11-ին զանգում եմ ՊՆ, ասում եմ, որ 15 երեխա շրջափակման մեջ է։ Արայիկ Հարությունյանին, ում հնարավոր ա, տեղյակ ենք պահում։ Արայիկն ասում է՝ Թաղասեռի գյուղապետը և Հադրութի ղեկավարը կօգնեն։ Երեխեքին ուղղորդում են դեպի Թաղասեռ, իրենց պետք է ընդառաջ գնային»,- պատմեց Արմենուհի Գալստյանը։
Ըստ նրա՝ զինծառայողները մարտեր վարելով հասել են Թաղասեռ։ Այս ընթացքում որդին՝ Լևոնը վիրավորվել էր։
«Հոկտեմբերի 12-ին առավոտյան զանգում է, ասում է՝ մեր հետևից չեն եկել։ Ասում ենք՝ ձորակն անցեք, ասեց՝ դիտարկման տակ ա, չենք կարող, 4 հոգի էլ վիրավոր կա, հազիվ ենք բերել։ Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12-ին զանգեց, ասաց՝ վերջին զանգս է, զարյադկա չունենք, չեմ կարող զանգել։
Հոկտեմբերի 12-ին և դրանից հետո, գիտե՞ք՝ քանի անգամ եմ Պաշտպանության նախարարություն զանգել, ամեն անգամ ՊՆ զանգելուց ասում էին՝ գրանցում ենք, ասում էի՝ ո՞նց, նորից պիտի գրանցե՞ք։
Ես իմ տղային գտել եմ պատերազմից 9 ամիս հետո, հունվարից իմ տղան նույնականացված ա եղել, իսկ ես ամբողջ օրը Կառավարության դիմաց խնդրում էի, որ իմ բալին ինձ տվեք, անգամ հուսահատությունից գետնին նստել էի, ասում էի՝ տուն չեմ գնալու, իմ բալին ինձ տվեք, ոչ մեկ պատասխան չի տալիս։ Էսօր եկել եմ, աղաչում եմ, որ ասեք՝ իմ երեխեն ինչից ա զոհվել»,- ասաց Լևոնի մայրը։
Սերյոժա Երանոսյանի մայրը՝ Մելինե Երանոսյանը դատարանին հայտնեց, որ որդու հետ խոսել է հոկտեմբերի 11-ին, որդին ասել է, որ սպասի իր զանգին, չի հայտնել, որ շրջափակման մեջ են։ Սակայն քեռու հետ խոսելիս ասել է, որ Հադրութում են, չորս կողմը թուրքեր են, ասել է, որ 12 հոգով են, մի սերժանտ կա իրենց հետ։
«Ամբողջ գյուղը խուճապի էր մատնվել, աղջկաս դպրոցում հարցրել էին՝ Սերոժը գերի՞ է ընկել։ Հոկտեմբերի 18-ին կամ 19-ին զանգեցի ինչ համարներով որ զանգել էր, բոլորն անհասանելի էին, զանգեցի վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանի համարին, նրան ներկայացել եմ որպես Սերյոժայի բարեկամ, ոչ թե մայր։ Ասել եմ, որ կապ չկա, ծնողներն անհանգիստ են, խնդրել տեղեկություն տալ։ Հայկազը հարցրեց՝ որտեղից ա, ասեցի՝ Կոշ գյուղից, Երանոսյան Սերոժ, հարցրեց՝ տղերք կա՞ ձեր մեջ Երանոսյան Սերոժ, հետո ասեց՝ Սերոժն ընկել է շրջափակման մեջ, չենք կարողացել օգնել»,- հայտնեց զոհվածի մայրը։
Դատարանն այսօր նաև քննեց Իշխան Վահանյանի կալանք խափանման միջոցը փոխելու հարցը։
Եթե փոխվի, լավ կլինի,- ասաց Իշխան Վահանյանը։
-Դատաքննությունն, ըստ էության, ավարտվել է, կարելի է փոխել,- նման դիրքորոշում հայտնեց հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը։
Հանրային մեղադրող Գևորգ Ավետիսյանն էլ նշեց, որ դեռևս կա երկու վկա, նաև պետք է հարցաքննվի Արթուր Քարամյանը, և շարունակում է մնալ այն ռիսկը, որ մնալով ազատության մեջ, Վահանյանը կարող է խոչընդոտել դատավարությանը։
Դատարանը մերժեց միջնորդությունը, Վահանյանը կմնա կալանավորված։
Դատարանը հաջորդ դատական նիստերի համար Գլխավոր շտաբից կպահանջի զինված ուժերի կանոնագիրքը և մարտական կանոնադրությունը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 13-ին՝ ժամը 16:00-ին:
Գլխավոր լուսանկարում՝ զոհված Լևոն Գալստյանի մայրը՝ Արմենուհի Գալստյանը
Մեկնաբանել