HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի շարք երկրներում հայ դիվանագետները դժվարանում են բնակարանի վարձավճար տալ

Ըստ ԱԳՆ-ի՝ մի շարք երկրներում վերջին տարիներին, տարբեր գործոններով պայմանավորված, գնաճ է տեղի ունեցել, բնակարանների վարձավճարների իրական արժեքները նույնպես աճել են։ ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների համար սահմանված գնով բնակարան գտնելը մի շարք երկրներում խնդիր է։

Համաշխարհային շուկայում 2015-2024թթ. կենսամակարդակի արժեքը, որի մեջ հաշվարկվում է նաև բնակարանների համար վարձակալման արժեքը, ավելացել է գրեթե 32%-ով:

Իսկ օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայություն մատուցող անձանց բնակարանի համար ամսական առավելագույն գումարի չափը հաստատված է Կառավարության 2005 թվականի որոշման 7-րդ հավելվածով, որը 2020 թվականից հետո չի վերանայվել։

Վարձակալությամբ տրվող բնակարանների գնաճի վրա ազդող մեկ այլ գործոն է տվյալ երկրի արտարժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի, եվրոյի տատանումը, որը հստակ կանխատեսելի չէ: Այսպիսով, Արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է ավելի շատ գումար հատկացնել։

Վարձակալությամբ տրամադրվող բնակարանների գնաճ է նկատվել հատկապես եվրոպական երկրներում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան, Հունաստան, Շվեյցարիա և այլն:

Նյու Յորքի շուկայում նույնպես գնաճ կա։ Ըստ նախարարության՝ բնակարանների գների կտրուկ աճի հետեւանքով դիվանագետները կամ ստիպված են լինում լքել վարձակալված բնակարանները և տեղափոխվել ոչ բարվոք թաղամասեր, կամ իրենց անձնական միջոցներից են (մինչև 500 ԱՄՆ դոլար) վճարում արդեն իսկ վարձակալած բնակարանների համար, քանի որ բնակարանից հրաժարվելու պարագայում նոր գնային պայմաններով այլ բնակարան գտնելը գրեթե անհնար է։

Մի շարք երկրներում գնաճ տեղի է ունեցել օրենսդրական փոփոխությունների արդյունքում, օրինակ՝ Նիդեռլանդներում և այլն։

Վարձակալությամբ տրվող բնակարանների գնաճ է նկատվել նաև Նյու Դելիում, որտեղ սահմանված գումարի չափով վարձակալվող բոլոր բնակարանները թեև տեղակայված են ավելի քան 20 տարի առաջ կառուցված շենքերում, սեփականատերերը կամ չեն երկարաձգում կնքված վարձակալության պայմանագրերը՝ նախապատվություն տալով նոր վարձակալներին, կամ առաջարկում են պայմանագրերով նախատեսված վարձավճարի ավելացում:

Գործադիրն առաջարկում է որոշ օտարերկրյա պետություններում ծառայող դիվանագետներին բնակարանի համար տրվող փոխհատուցման չափերը համապատասխանեցնել տվյալ պետությունում անշարժ գույքի վարձակալության առկա գներին:

2025 թվականի պետական բյուջեով՝ նախագծով ներկայացված 174,845.5 հազար դրամը ԱԳՆ «Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության իրականացում» միջոցառման շրջանակներում արդեն իսկ հատկացված է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter