
Օլիմպիական մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերները կազատվեն պարտադիր զինծառայությունից
Կառավարության հունվարի 15-ի նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» N 89-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու նախագիծը: Որոշմամբ սահմանված են սպորտի ոլորտում բացառիկ նվաճումներ ունենալու հանգամանքները, որոնց առկայության դեպքում քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:
Ըստ հիմնավորման՝ սպորտի բնագավառի առանձնահատկություններով պայմանավորված՝ առկա են մի շարք սպորտային նվաճումներ, որոնք իրենց բնույթով բացառիկ ու եզակի են, և որոնց առկայության պարագայում մարզիկի նվաճումը համարվում է բացառիկ: Մասնավորապես՝ մինչև մարզիկի 26 տարեկան լրանալը Օլիմպիական խաղերում մրցանակակիր դառնալը կամ շախմատում միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացնելը կհամարվի բացառիկ նվաճում:
«Միաժամանակ, փոփոխություններ և լրացումներ կկատարվեն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման մեջ: Այն բխում է սույն կարգավորումներից՝ բացառելու միևնույն սպորտային նվաճումը և՛ որպես տարկետման, և՛ որպես պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու հիմք դիտարկելուն:
ՀՀ դրոշի ներքո հանդես եկող մարզիկներից նախատեսվող բացառիկ նվաճմանն այս պահին համապատասխանում է 7 մարզիկ, որոնցից 2-ը Օլիմպիական մրցանակակիր են, իսկ 5-ը՝ շախմատիստներ, որոնցից որոշ մարզիկներ արդեն իսկ զորակոչվել են պարտադիր զինվորական ծառայության:
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվեն սպորտի ոլորտում բացառիկ նվաճում ունեցող մարզիկների սպորտային գործունեության համարժեք գնահատումն ու անընդհատությունը, և կամրագրվի նրանց բացառիկ նվաճումը»,- նշված է ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության մեջ:
Լուսանկարում՝ վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի հավաքականի մարզիկներին, սեպտեմբերի 5, 2024/primeminister.am
Մեկնաբանել