
Գազայի հատվածում զոհված լրագրողների թիվը հասել է 220-ի
Պաղեստինցի գրող, բանաստեղծ և լրագրող Մոհամմադ Հիջազին, իսրայելական օդային հարձակման հետևանքով, սպանվել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարում: Ըստ այդմ՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից իսրայելա-պաղեստինյան հակամարտության ընթացքում զոհված լրագրողների ընդհանուր թիվը հասել է 220-ի։ Այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաընկերությունը։
Հեռուստաալիքը մեջբերում է Գազայի առողջապահության նախարարության տվյալները, որտեղ նշվում է, որ Հիջազին եղել է մոտ 90 պաղեստինցիների թվում, որոնք անցած հանգստյան օրերին սպանվել են իսրայելական հարձակումների ժամանակ:
Հունվարի 5-ին պաղեստինցի լրագրողների արհմիությունը հայտնել էր, որ իսրայելցի զինվորականներն անցած ամսվա ընթացքում պաղեստինցի լրագրողների նկատմամբ իրականացրել են իրավունքների 84 խախտում և ապօրինի գործողություններ։
Միջադեպերի մեծ մասը տեղի էր ունեցել Գազայի հատվածում, որտեղ զոհվել էին լրատվամիջոցների 10 աշխատակիցներ։
Կազմակերպությունից նշել են, որ իսրայելական կողմը շարունակում է լրագրողների նկատմամբ բռնության և ճնշման տարբեր ձևերի կիրառումը, այդ թվում՝ ահաբեկումների, զենքով ուղղակի սպառնալիքների, դատական անարդար հետապնդումների, ֆինանսական տուգանքների և տեղաշարժի սահմանափակումների միջոցով։
Լուսանկարը՝ Abdel Kareem Hana/The Associated Press գործակալություն
Մեկնաբանել