
Հանրապետական Մայք Ջոնսոնը վերընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում
Հանրապետական Մայք Ջոնսոնը, ընդամենը մեկ ձայնի առավելությամբ, վերընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում։ Ընդ որում, հանրապետական երկու կոնգրեսականներ նրա օգտին քվեարկել են միայն երկրորդ փորձից:
Ուրբաթ օրը Ներկայացուցիչների պալատն առաջին անգամ հավաքվել էր նոր կազմով, որը ձևավորվել է նոյեմբերյան ընտրությունների արդյունքում: Կոնգրեսն իր աշխատանքը պետք է սկսեր խոսնակի ընտրությամբ։
BBC-ն գրում է, որ հանրապետականներն այժմ ունեն 219 կոնգրեսական՝ դեմոկրատների 215-ի դիմաց: Սակայն դեռևս 119-րդ նստաշրջանի մեկնարկից առաջ հայտնի էր, որ որոշ հանրապետականներ խիստ դժգոհ են Ջոնսոնի աշխատանքից և մտադիր են նրան փոխարինել, չնայած վերջինիս իր աջակցությունն էր հայտնել ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մայքը հիանալի խոսնակ կլինի, և մեր երկիրը դրանից միայն կշահի։ Ամերիկացիները չորս տարի սպասել են ողջախոհության, ուժի և առաջնորդության»,- Ջոնսոնի ընտրությունն այսպես է մեկնաբանել Դոնալդ Թրամփը։
Ջոնսոնի թեկնածությանը դեմ հանդես եկող մի քանի հանրապետականներ քվեարկության առաջին փորձին չէին մասնակցում, ուստի հաղթողը պետք է հավաքեր առնվազն 218 ձայն: Դեմոկրատական կուսակցությունը խոսնակի պաշտոնում առաջադրել էր Հաքիմ Ջեֆրիսի թեկնածությունը։ Երեք հանրապետականներ, այնուամենայնիվ, սրեցին ներկուսակցական հակամարտությունը՝ անտեսելով ապագա նախագահի կոչերը և քվեարկելով դեմոկրատ Ջեֆրիսի օգտին: Արդյունքում դեմոկրատ թեկնածուն ստացավ 218 ձայն, իսկ Ջոնսոնը՝ 216։
Ներկայացուցիչների պալատում մոտ երկու րոպե ընդմիջում եղավ, ինչից հետո Ջեֆրիսի օգտին քվեարկած հանրապետական երկու կոնգրեսականները հայտարարեցին, որ փոշմանել են։ Այսպես Մայք Ջոնսոնը միայն մեկ ձայնի տարբերությամբ ընտրվեց Ներկայացուցիչների պալատի խոսնակ։
Խոսնակի ընտրություններում Ջոնսոնի պարտությունը կարող էր ևս մեկ հարված լինել Թրամփի համար, որին Ներկայացուցիչների պալատի անդամ հանրապետականները դեկտեմբերին ցույց տվեցին նրա կուսակցական ազդեցության սահմանները՝ մերժելով ապագա նախագահի պահանջները՝ կասեցնելու պետական փոխառությունների սահմանաչափը:
Մայք Ջոնսոնը Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնն զբաղեցրել էր դեռ նախորդ գումարման ժամանակ։ Այդ ժամանակ ևս հանրապետականները միասնական չէին քվեարկում։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել