HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հարավային Կորեայում քննիչները չեն կարողացել ձերբակալել երկրի նախագահին. թիկնապահներն ու զինվորականները դիմադրել են

Հարավային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի հետաքննության վարչությունը (CIO) հայտնել է երկրի նախագահ Յուն Սոկ Յոլի ձերբակալման օրդերը դադարեցնելու մասին՝ ձերբակալման փորձի ժամանակ զինվորականների դիմադրությանը բախվելու պատճառով: Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ 

«Մենք որոշեցինք, որ օրդերի կատարումը գրեթե անհնար կլինի շարունակվող առճակատման պատճառով և կասեցրինք այն՝ տեղում անձնակազմի անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով»,- ասված է CIO-ի հաղորդագրության մեջ։

Վարչությունում «լուրջ ափսոսանք» են հայտնել կասկածյալի (Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի՝ խմբ.) պահվածքի կապակցությամբ, որը «հրաժարվել է պահպանել օրենքով սահմանված ընթացակարգերը»: Հետագա քայլերի մասին որոշումը կկայացվի ստուգումներից հետո:

Reuters գործակալությունը նշում է, որ ոստիկանության ուղեկցությամբ քննիչներն այսօր տեղի ժամանակով առավոտյան ժամը 7-ին ժամանել էին Յուն Սոկ Յոլի նստավայրի դարպասների մոտ։ Սակայն հայտնվելով համալիրի տարածքում՝ նրանք բախվել էին նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցների և այնտեղ գործուղված զինվորականների հետ։ 

Երբ քննիչները ներկայացրել են ձերբակալման օրդերը, նախագահի անվտանգության ծառայության ղեկավար Պակ Չոն Ջունը, հղում անելով պահպանվող գոտիներում առկա սահմանափակումներին, թույլ չի տվել նրանց մուտք գործել տարածք։ 

Բացի այդ, ինչպես գրում է Yonhap-ը, նստավայրի մոտ հավաքվել են նաև նախագահի աջակիցները, որոնք բողոքում էին Յուն Սոկ Յոլի ձերբակալության դեմ։

Հարավային Կորեայի նախագահի ձերբակալության օրդերը դատարանը տվել էր դեկտեմբերի 31-ին՝ դեկտեմբերի 3-ին այդ երկրում ռազմական դրություն մտցնելու պատճառով խռովության մասին քրեական գործի շրջանակներում (այն գործեց շուրջ 6 ժամ, իսկ այնուհետ չեղարկվեց)։ 

Դրա հետ մեկտեղ դատարանը նաև նախագահական նստավայրի խուզարկության օրդեր էր տվել։ Դրա տրամադրումից հետո նախագահական պալատի մոտ սկսվել էին Յուն Սոկ Յոլի աջակիցների բողոքի ցույցերը։ 

Ռազմական դրություն մտցնելուց հետո ընդդիմությունը նաև իմպիչմենտի գործընթաց էր սկսել Յուն Սոկ Յոլի նկատմամբ, սակայն Հարավային Կորեայի խորհրդարանը չէր կարողացել առաջին անգամից իրականացնել քվեարկություն:

Դեկտեմբերի 14-ին խորհրդարանը, այնուամենայնիվ, հավանություն տվեց նախագահի իմպիչմենտին։ Այն պետք է հաստատի Սահմանադրական դատարանը, սակայն վերջինս դեռ նման որոշում չի կայացրել։ Մինչ այդ Հարավային Կորեայի նախագահը կշարունակի պաշտոնավարել։ 

Լուսանկարը՝ The Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter