HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երևանի ավագանին չփոփոխեց «կարմիր գծերի» դրույքաչափերը

Երևանի ավագանին այսօր ընդունեց տեղական վճարների 2025թ. դրույքաչափերը սահմանելու մասին որոշումը, որով ամբողջությամբ նույնը մնացին 2024թ․-ին շեշտակի թանկացած «կարմիր գծերի»՝ վճարովի ավտոկայանատեղիների դրուքաչափերը: Այսինքն՝ քաղաքը դարձյալ բաժանվեց երկու գոտու՝ «Ա» և «Բ»։ Կարմիր գծերի «Ա» գոտում կայանման մեկ տարվա գինը սահմանվեց 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24 000 դրամ: Նույնն են մնացել նաև մեկ ժամվա, շաբաթվա և ամսվա համար դրույքաչափերը:

Հիշեցնենք, որ 2024թ. դեկտեմբերի 19-ին, Վարչական դատարանը 5 դատավորի կազմով անվավեր ճանաչեց Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները: Դատարանն արձանագրեց՝ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանութունն իրավաչափ չէ:

Վարչական դատարանի վճռում նաև նշված է, որ տեղական վճարը և կոնկրետ դեպքում՝ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար տեղական վճարը համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայության համար անհրաժեշտ ծախսերի չափով փոխհատուցման վճար է, որի դրույքաչափը սահմանում է համայնքի ավագանին: Այդ դրույքաչափը չի կարող գերազանցել տվյալ ծառայության համար անհրաժեշտ ծախսերի չափը: Իսկ Երևանի քաղաքապետարանը չի ներկայացրել անհրաժեշտ ծախսերի հետ համեմատական վերլուծության տվյալներ:

Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամները հետաքրքրվեցին, թե ինչն է պատճառը, որ քաղաքապետարանը նույն դրույքաչափերն է ներկայացրել 2025թ․-ի համար՝ հաշվի չառնելով Վարչական դատարանի որոշումը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ առաջին դատարանի կայացրած որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, քաղաքապետարանը բողոքարկելու է, հետևաբար պետք չէ այն ներկայացնել որպես վերջնական իրողություն:

«Ես հավատացած եմ, եթե այդ որոշումը չընդունվեր, մենք հիմա շատ ավելի խայտառակ իրավիճակ էինք ունենալու»,- ասում է Ս. Գրիգորյանը, հավելելով, որ «կարմիր գծերի» կայանման վճարների թանկացումը երթևեկությունը բեռնաթափելու միջոցներից մեկն է եղել, ոչ միակը:

«Այս տարվա վճարների հաշվարկի հիմքում կա հստակ հաշվարկ՝ ինքնարժեքի մասով, որը ձեզ էլ հորդորում եմ դիմել, ստանալ գրավոր կարգով»,- նշեց քաղաքապետի տեղակալը:

«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գրիգոր Իսկանդարյանը Սուրեն Գրիգորյանից հետաքրքրվեց՝ եթե վարչական դատարանի որոշումը քաղաքապետարանը բողոքարկի, և վերաքննիչ վարչական դատարանը բողոքը չբավարարի, ստացվելու է, որ երկրորդ անգամ է տարվել թանկացման: Իսկ ինչ վերաբերում է հաշվարկներին, ապա ավագանու անդամը հույս հայտնեց, որ ասֆալտապատումը և այլ ծախսեր չեն դրվել կայանման դրույքաչափերի հիմքում, հակառակ պարագայում պարգևավճարները ևս կարելի է այդ համատեքստում դիտարկել:

Սուրեն Գրիգորյանը նշեց, որ դատարանը հիմք է ընդունել այն հանգամանք, որ որոշման տակ չի եղել հաշվարկ: Նա նշեց, որ նման հաշվարկ երբևիցէ չի եղել:

«Այսօր այդ հիմնավորումները կան, այլ հարց է, որ մեթոդաբանության հետ կարող եք համաձայն լինել կամ չլինել, դա էլ ձեր իրավունքն է»,- ավելացրեց Ս. Գրիգորյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter