
Հարձակում Մագդեբուրգի սուրբծննդյան տոնավաճառում. կա 2 զոհ և բազմաթիվ տուժածներ
Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասի կենտրոնում՝ Մագդեբուրգ քաղաքում, ավտոմեքենան մխրճվել է սուրբծննդյան տոնավաճառի բազմության մեջ:
Հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ի երեկոյան, երբ 240-հազարանոց քաղաքի կենտրոնում գտնվող տոնավաճառում հարյուրավոր մարդիկ են եղել:
Համացանցում տարածված կադրերում երևում է, թե ինչպես է մեքենան մեծ արագությամբ մխրճվում ամբոխի մեջ և անցնում մոտ հիսուն մետր: Նաև երևում է, թե ինչպես են մարդիկ ընկնում անիվների տակ։ Նրանցից ոմանք դրանից անմիջապես հետո կանգնում են, բայց շատերը մնում են գետնին պառկած: Mitteldeutsche Zeitung-ի տվյալներով՝ մեքենան մխրճվել է տոնավաճառի այն հատվածը, որտեղ երեխաների հետ ընտանիքներ են եղել։
Evil terrorist attack on Christmas market in Magdeburg Germany - at least 11 people murdered
— Drew Pavlou (@DrewPavlou) December 20, 2024
Pray for the victims pic.twitter.com/vbta1PRByF
Մագդեբուրգի իշխանությունները պաշտոնապես հայտնել են 2 զոհի և 68 վիրավորի մասին։ Նրանցից 15-ը գտնվում է ծանր վիճակում, 31-ը՝ միջին ծանրության, մյուսներն ունեն թեթև վնասվածքներ։
Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասի կառավարության մամուլի քարտուղար Մաթիաս Շուպեն MDR պարբերականի հետ զրույցում նշել է, որ իշխանությունները կարծում են, որ տեղի ունեցածը միտումնավոր է եղել, և այն անվանել է «հարձակում» (Anschlag)։
Ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է դեպքից անմիջապես հետո, իշխանությունները ենթադրում են, որ նա միայնակ է գործել: Die Welt-ը գրում է, որ նա ծնվել է 1974 թվականին Սաուդյան Արաբիայում։ Նա մշտական բնակության թույլտվություն ուներ, ապրում էր Սաքսոնիա-Անհալթում և աշխատում որպես բժիշկ։
Der Spiegel-ի տվյալներով՝ նա Գերմանիա էր եկել 2006 թվականին և 10 տարի անց ստացել փախստականի կարգավիճակ, իսկ կրթությամբ հոգեբույժ է։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ իր մտքերը «զոհերի և նրանց ընտանիքների հետ են»: Նա շնորհակալություն է հայտնել ոստիկաններին և փրկարարներին աշխատանքի համար:
Լուսանկարը՝ Independent-ից
Մեկնաբանել