
Դավիթ Առուշանյանը նշանակվել է Շիրակի մարզպետ
Կառավարության որոշմամբ Մուշեղ Մուրադյանը ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ էլ Դավիթ Առուշանյանը նշանակվել է Շիրակի մարզպետ:
Կառավարության հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դավիթ Առուշանյանին և հաջողություն մաղթել։
Դավիթ Առուշանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնելը։ Վստահ եմ՝ բոլորիս, այդ թվում՝ Շիրակի մարզի թիմի ջանքերի շնորհիվ հաջողելու ենք»:
Վարչապետն անդրադարձել է վերջին շրջանում Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններին և նշել. «Դրանք ինչ-որ առումով ճգնաժամային էին և ցավալի, բայց կարծում եմ՝ մենք ժողովրդավարության ևս մեկ կարևոր ինստիտուտ ենք ներդնում ՀՀ-ում: Խոսքը նախնական ընտրությունների կամ քվեարկության ինստիտուտի մասին է, որը, կարծում եմ, չափազանց կարևոր է, և որը մեր երկրի ժողովրդավարական համարումը և ժողովրդավարությունը՝ որպես ինստիտուտ, ևս մեկ քայլով ամրացնում է: Վերջին շրջանում և դրանից առաջ էլ շատ քննարկումներ կան ընդդիմության հարգելի գործընկերների կողմից, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ինչքանով է Հայաստանը և Հայաստանի Կառավարությունը նվիրված ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին՝ սկսած անկախ դատական համակարգից, վերջացրած մարդու իրավունքների պաշտպանությամբ: Իհարկե, սա շատ կարևոր հարց է, բայց շատ կարևոր է, որ այս հարցերի բոլոր պատասխանները, բոլոր մանրամասներով ունենք: Ես, ոչ այս ձևաչափով, առաջիկայում տարբեր ձևերով և տարբեր առիթներով այս հարցերին կետ-կետ կանդրադառնամ:
Մի բան կարող եմ ասել, որ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում առաջին փորձից հետո առավել ևս տրամադրվածությունն այն է, որ մենք մեր հետագա գործունեության ընթացքում նախնական քվեարկության ինստիտուտն ավելի կամրապնդենք և կկիրառենք: Նույնիսկ կա գաղափար, որ գուցե քննարկենք՝ ինչ խթաններ ստեղծենք, որպեսզի մյուս կուսակցությունները նույնպես նման պայմաններում գնան այդ ճանապարհով: Բայց դա առանձին քաղաքական քննարկման թեմա է, որ, իհարկե, Կառավարության կազմով կամ առնվազն քաղաքականություն մշակող մարմինները պետք է այս թեմային անդրադառնան: Այն շատ նախնական առաջարկ է, բայց, կարծում եմ, առնվազն քննարկել արժե»:
Լուսանկարը՝ Դավիթ Առուշանյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել