HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամենամյա ամփոփիչ գիտաժողով 2024»-ի արտագնա օրերը՝ հումանիտար հետազոտողի պատմելով

Գրողների Ծաղկաձորի ստեղծագործական տունը դեկտեմբերի 13-15-ը գիտնականների էր հյուրընկալել։ Գիտաժողովի նպատակն էր հանդիպեցնել տարբեր ոլորտների գիտնականների ու գիտությանն առնչվող խնդիրների շուրջ քննարկումներ ծավալել։ Հայտարարություններում գիտաժողովն անվանվում էր «Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով»»։ 2022թ․-ից անցկացվող միջոցառումն այս տարի դեկտեմբերի 7-15-ն անցկացվեց՝ 2 փուլով։ Առաջին փուլը տեղի ունեցավ դեկտեմբերի 7-13-ը ԵՊՀ-ում՝ ներառելով բանավոր զեկուցումների և պաստառների ներկայացում, մեկնարկ տալով երիտասարդ գիտնականների միջգիտակարգային մրցույթին։ Ծաղկաձորյան փուլը երկրորդն էր։ 

Գիտաժողովի օրակարգը հումանիտար-հասարակագիտական թևի հետազոտողի համար չէր կարող մտահոգիչ չլինել․ այս ոլորտները ներկայացնող գիտնականների անուններ մատների վրա կարելի էր հաշվել։ Իբրև երիտասարդ գիտնական՝ ներգրավվեցի խմբերից մեկում՝ դրամաշնորհային ծրագրի նախագիծ ստեղծելու համար։ Խմբի անդամներից երկուսը կենսաբան էին, երեքը՝ ֆիզիկոս, ես՝ լրագրող։ Առաջարկածս միջգիտակարգային թեմայի վրա կանգ չառանք, քանի որ խմբի մյուս անդամները բնագետներ էին ու բնագիտական արդյունք էին պատկերացնում։ Ես, բնականաբար, ծրագրում նշվեցի իբրև դրա  հանրայնացման պատասխանատու։ Ինչպես հետո իմացա, այդ դերն էր վերապահվել նաև բնագետներից կազմված մեկ այլ խմբի անդամ միակ հոգեբանին։

Լրջմիտ ու խելացի երիտասարդներ էին։ Իրենց մասնագիտական հարցերի մասին խոսելու նրանց լեզուն հիացնում էր։ Եվ առհասարակ, դեռ դպրոցից ինձ հիացրել է բնության ու թվերի մասին խոսելու լեզվի ճշգրտությունը։ Միևնույն է, սակայն, 5-րդ անիվի նման էի զգում ինձ։ Այդ զգացողությունս առկա էր նաև ծաղկաձորյան օրերի ընթացքում, թեև հաճույքով լսեցի բոլոր քննարկումները։ 

Ծաղկաձորյան քննարկումներից առաջինը արհեստական բանականության ու գիտության առնչություններին էր վերաբերում։ Կազմակերպիչներն ընտրել էին թեմաներ, որոնք կհետաքրքրեին բոլոր գիտնականներին՝ անկախ բնագավառից, և նրանց ընդհանուր քննարկման կբերեին։

Բանականությո՞ւն է արդյոք AI-ը, ի՞նչ բան է բանականությունը։ Թեև այս մոլորակում ուղեղ շատերն ունեն, սակայն մարդը տարբերվում է կենդանիներից նրանով, որ կարող է երկրորդային բնություն ստեղծել՝ տներ, ծրագրեր։ ԱԲ-ով կլուծենք բազմակողմանիության խնդիրը, բայց ոչ ներդաշնակության։ ԱԲ-ի ոչ խելամիտ օգտագործումը կբերի հասարակության առավել բևեռացման։ Մարդը ստեղծագործող էակ է, իսկ ԱԲ-ն համենայն դեպս առայժմ դեռ այդպիսին չէ։ ԱԲ-ն շախմատի նմա՞ն է՝ վերջավոր ազատությունների բազմություն, թե ոչ։ Արդյոք սահման կա՝ որքան պետք է ուսանողներին թույլ տալ օգտագործել ԱԲ-ն, թե՞ պետք է թույլ տալ օգտագործել դրա ողջ ծավալը․ սա միայն փոքր մասն է այն թեմաների, որոնք քննարկեցին բանախոսներն ու լսարանը։

Երկրորդը գիտության հանրայնացման թեման էր։ Բանախոսները քննարկում էին՝ ինչպես պետք է գիտնականներն իրենք զբաղվեն գիտության հանրայնացմամբ, ինչպես խուսափել գիտության պրոֆանացումից, որոնք են գիտության հանրայնացման և գիտության լուսաբանման տարբերությունները։ Նշվեց, որ լրագրողները գիտությունը լուսաբանում են տարբեր դիտանկյուններից, և նրանց գործառույթները չեն սահմանափակվում գիտության հանրայնացմամբ։ Քննարկման առարկա էր նաև գիտության հանրայնացման նպատակը՝ օրակարգային հարց դարձնել գիտությունը, նոր մտավոր արտադրանք ստեղծելու ռեսուրս գոյացնել և այլն։ Քննարկման մասնակիցները բանավիճում էին՝ ինչպես խոսել հասարակության հետ գիտության մասին՝ հաշվի առնելով այսօր առկա հաղորդակցական դաշտը, ինչպես փոխել «խորհրդային նարոդնիկության» տրամաբանությունը՝ ցույց տալով գիտության ընձեռած հնարավորություններն այսօր։ Ընդգծվեց դպրոցի հետ աշխատելու անհրաժեշտությունը՝ որպես գիտության հանրայնացման հիմնական լսարանի։

Երրորդ քննարկումը գիտական գործունեության կանոնակարգմանն ու կառավարմանն էր վերաբերում։ Ի թիվս այլ թեմաների՝ բանախոսներն անդրադարձան գիտնականների սերնդափոխության և նոր գիտական թեմաներով զբաղվելու դժվարություններին։ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը հակաճառեց՝ կոմիտեի դրամաշնորհները հենց նրա համար են, որ գիտնականներն իրենց հին թեմաների փոխարեն նոր թեմաներ ընտրեն։ Նրա խոսքով՝ կոմիտեն դրամաշնորհային ծրագրերի համար մի կարևոր պայման է դնում՝ ծրագրերը պետք է լինեն հավակնոտ, բեկումնային և իրագործելի։ 

«Եթե մի ֆակուլտետում ստեղծվել է ներքին սպառման ռեսուրս, ապա այն պետք է կիրառվի նաև մյուս ֆակուլտետներում»,- Ռաֆայել Բարխուդարյան, ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր։

Հաջորդ բանախոսը «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ հիմնադիր նախագահ Սուսաննա Մկրտչյանն էր։ Նա հորդորեց Վիքիտվյալներում (անգլ․՝ Wikidata) գրանցել սեփական գործունեության տվյալները, խոսեց իրենց կազմակերպության հաջողությունների ու խնդիրների մասին։

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն իր բանախոսության ընթացքում անդրադարձավ գիտության ֆինանսավորման աճին, գիտությամբ զբաղվող երիտասարդներին գիտության մեջ պահելու ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Նրա խոսքով՝ երիտասարդների ներգրավվածության ցուցանիշի աճը դեռևս արհեստական բնույթ ունի․ կոմիտեի բազմաթիվ նախագծերում ներգրավված երիտասարդները դեռ շատ երկար ճանապարհ ունեն գիտության ոլորտում իսկապես տեղ զբաղեցնելու համար։

Ս․ Հայոցյանի ցուցադրած սահիկում Հայաստանը դեռևս շատ հետ է միջազգային վարկանիշային ամսագրերում հրապարակված գիտական հոդվածների քանակով՝ զիջելով անգամ իր բնակչության թվի հետ համեմատելի բնակչություն ունեցող երկրներին, որոնք նշված են փոքր-ինչ թավ գծով։

«Կարմիր գեղեցիկ գիծը, որ ամենաներքևում է, Հայաստանն է»,- Ս․ Հայոցյան։

Ս․ Հայոցյանի բերած տվյալները մխիթարական չեն․ ըստ նրա՝ վարկանիշային ամսագրերում մեր գիտական հրապարակումների անգամ քառապատկումը մեզ չի հասցնի, ասենք, Խորվաթիային։ Եվ քանի որ «Հայաստանի գիտությունն էնդեմիկ գիտություն չէ», փորձում են խրախուսել հայ գիտնականների հոդվածների հրապարակումն աշխարհի առաջատար ամսագրերում՝ միևնույն ժամանակ մտածելով՝ ինչպես անել, որ հայերենով ևս միջազգային գիտություն ստեղծվի։

Ակադեմիական քաղաքի թեման, ինչպես միշտ, բանավեճ առաջացրեց։ «Նաև այս ծրագրի պատրվակով մենք բազմաթիվ բարեփոխություններ ենք անում»,- իր փաստարկներին ավելացրեց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը։

Մտավոր սեփականության պաշտպանության և գիտական արդյունքների առևտրայնացման թեման քննարկելիս բանախոսները համաձայնեցին, որ գյուտի արտոնագիր ստանալը հաճախ չափազանց երկարատև ու ծախսատար գործընթաց է և գյուտի առևտրայնացման ճանապարհին հաճախ շրջանցվում է։ Ոլորտի հայաստանյան խնդիրները, ըստ բանախոսների, բազմաթիվ են, և դրանցից մեկը տեխնոլոգիաների առևտրայնացման գրասենյակների բացակայությունն է։ Պարզվում է՝ Էկոնոմիկայի նախարարության կազմում գյուտերի առևտրայնացման համար պատասխանատու կառույց է եղել 2009 թ․-ից։ Նորամուծության և ձեռներեցության կենտրոնի աշխատակիցները, սակայն, գիտատեխնիկական գրադարանի պահպանությամբ են զբաղվել միայն։ Կենտրոնը փակվել է՝ վերակազմավորվելու համար, սակայն դեռևս արդյունք չկա։ Էկոնոմիկայի նախախարության մտավոր սեփականության գործակալությունը պատասխանատու չէ գյուտերի առևտրայնացման համար։

Հաջորդած քննարկումը գիտությունում հանրակրթության կարևորությանն էր վերաբերում։ Բանախոսները համաձայն էին, որ եթե կա լավ գիտություն, կան լավ դասախոսներ, ուրեմն կան նաև լավ ուսանողներ, որոնց մի մասը գնալու է դպրոց ու դառնալու է լավ ուսուցիչ, և հակառակը՝ եթե չկա լավ դպրոց, ապա չի կարող լինել լավ գիտություն, կամ այն շատ արագ կմարի։ Բանախոսներից մեկի խոսքով՝ երեխաներին պետք է մոտիվացնել լավ ուսուցիչներով, որոնք ցույց կտան գիտության գեղեցկությունը։ Դպրոցի դերը եզակի է նրանով, որ բոլորն անցնում են հանրակրթության փուլը։

Ծաղկաձորյան երրորդ օրը տեղի ունեցավ Բարձրագույն կրթության ու գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրերում ընդգրկված երիտասարդներից կազմված միջգիտակարգային խմբերի մրցույթի ամփոփումը։ 21 խմբերից երեքը մրցանակների արժանացան լավագույն նախագծերի համար։ Մասնակից թիմերի թեմաները բազմազան էին՝ տիեզերագնացների սննդից մինչև բույսերից ստացված նանոմասնիկների օգնությամբ արևային էներգիայի արդյունավետության բարձրացման միջոց։ Առաջին տեղը զբաղեցրած խումբը 1,5 մլն դրամ պարգևատրման արժանացավ, 2-րդ տեղը գրաված խումբը՝ 1 մլն, իսկ երրորդը՝ 500000 դրամ։

Ծաղկաձորյան երրորդ օրը քննարկման այլ թեմաներ էլ կային։ ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գիտական ծրագրերը ներկայացրեց կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը։ Ինձ՝ հումանիտար հետազոտողիս, առավել հետաքրքրում էր այն, որ կոմիտեն նախատեսում է խրախուսել հումանիտար և հայագիտական ուղղվածություն ունեցող այն ամսագրերը, որոնք հեռանկար կունենան ընդգրկվելու «Սկոպուս» գիտական շտեմարանում։ Հարցրի՝ քանակային ի՞նչ հարաբերակցություն ունեն բնագիտական և հումանիտար-հասարակագիտական ոլորտներից ներկայացվող և կոմիտեի կողմից հաստատված հայտերը։ Ա․ Մովսիսյանը պատասխանեց, որ դրամաշնորհային որոշ ծրագրերի դեպքում հումանիտար-հասարակագիտական ոլորտներից ներկայացվող հայտերի հաղոջության ցուցանիշը բավականին բարձր է։ Եղել են նաև ծրագրեր, որտեղ բոլոր դիմողներին ֆինանսավորել են, և այս իմաստով հումանիտար ոլորտները նույնիսկ որոշ առավելություն ունեն։  

Հաջորդ հարցս շուկայական մրցակցության մեջ հումանիտար-հասարակագիտական թևի «հաղթանակի» հնարավորության վերաբերյալ էր․ «Հումանիտար և մասնավորապես հայագիտական ոլորտը խրախուսելը, պարզ է, արժեքային քաղաքականության բաղադրիչ է, բայց հետաքրքիր է՝ երբ հումանիտար ոլորտից ներկայացված հայտի հետ մրցում են, օրինակ, քիմիայի ու ֆիզիկայի բնագավառներից ներկայացվածները, հումանիտար ոլորտների հայտերն ի՞նչ դիրքում են»։ Ա․ Մովսիսյանը պատասխանեց․ «STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ոլորտից  հաստատված հայտերի թիվը խոշոր դրամաշնորհային ծրագրերում դեռ ավելի բարձր է։ Հոդվածների թվով, սակայն, հումանիտար-հասարակագիտական ոլորտների դրական դինամիկան նկատելի է, պարզապես մեկնարկի կետն է շատ ցածր»։ 

Կոմիտեի նախագահը նշեց նաև, որ իրենց կառույցն աշխատում է նախարարությունների հետ՝ պետության կարիքները ցուցակագրելու և դրանց լուծմանն ուղղված դրամաշնորհային ծրագրեր հայտարարելու նպատակով։ Առաջին անգամ է լինելու, որ գիտնականները ոչ թե թեմաներ առաջարկեն, այլ «ասեն», թե ով է ավելի լավ աշխատելու ամրագրված ուղղություններով։ 

Գրողների տան մեծ դահլիճում հավաքվածները վերջում ծանոթացան Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին (ԵԳԱԾ)։ ԵԳԱԾ-ն առաջարկում է, օրինակ, փոխհատուցել միջազգային վարկանիշային ամսագրում գիտական հոդված հրապարակելու ծախսերը։

Ծաղկաձորյան օրերը եզրափակվեցին կլոր սեղան-քննարկումով, որի մասնակիցները նշեցին գիտաժողովի արտագնա ձևաչափի արդյունավետությունը, անդրադարձան ֆինանսական ու կազմակերպական հարցերի։ Համամիտ էի այն կարծիքին, որ երիտասարդ գիտնականների մրցույթի մասնակիցներին հարկ է թիմի անդամների ընտրության հնարավորություն տալ․ միջգիտակարգային համագործակցությունը, այդուամենայնիվ,  չպետք է արհեստական լինի։ Մինչև վերջ տևում էին «հումանիտար փոքրամասնություն» լինելու զգացողությունս, ինչպես նաև գրավվածությունս բնագետների լեզվի հստակությամբ և դժգոհությունս, որ նրանք շարունակ անգլերեն բառեր էին օգտագործում՝ թերևս իրենց կիրառած սովորական բառերին «տերմինային երանգ» տալու նպատակով։

Մարիամ Կարապետյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter