HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովհաննես Ավետիսյանի ավտոմեքենան քննիչը վերադարձրել է

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ավտոմեքենան քննիչը վերադարձրել է: Այս մասին հայտնում է վերջինիս փաստաբան Արսեն Բաբայանը:

Հովհաննես Ավետիսյանին հոկտեմբերի 31-ին ձերբակալել էին ապօրինի զենք պահելու կասկածանքով, և քանի որ խուզարկություններից հետո նրա մոտ չէին հայտնաբերել ապօրինի զենք, ազատ էին արձակել։ Այդ պահից սկսած՝ Ավետիսյանին պատկանող մեքենան և իրերը Քննչական կոմիտեն չէր վերադարձնում, իսկ քրեական վարույթի քննությունը շարունակվում է։ Հովհաննես Ավետիսյանի և իր փաստաբան Արսեն Բաբայանի համոզմամբ` քննիչի այդ գործողությունները իրավաչափ չէին, և Ավետիսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում էր իրականացվում:

Ավտոմեքենան վերադարձնելու պահանջով փաստաբանի միջնորդությունը քննիչի կողմից մերժվել էր: Մերժման որոշումը Արսեն Բաբայանը բողոքարկել էր հսկող դատախազին: 

«Մինչև հսկող դատախազը բողոքիս վերաբերյալ որոշում կընդուներ՝ քննիչը զանգեց ու խնդրեց, որ գնանք ավտոմեքենան վերցնենք։

Հավանաբար հույսները դրել են այն բանի վրա, որ կասեն ավտոմեքենան վերադարձրել ենք ու բողոքը չեն բավարարի: Սակայն դա բոլորովին չի բավարարում մեր ակնկալիքները: Մենք պնդում ենք, որ իրավունքի խախտումը պետք է ճանաչվի ու խախտված իրավունքը պետք է վերականգնվի»,- գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:

Նշենք, որ երեկ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում նշված էր, որ կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի կողմից տրված համապատասխան հանձնարարության շրջանակներում կոմիտեի Երևան քաղաքի և մարզային քննչական վարչություններում, ինչպես նաև վերջիններիս կազմում ընդգրկված ստորաբաժանումներում հանգամանորեն ուսումնասիրվել է քննվող քրեական վարույթներով օրինական տիրապետողներին կամ նրանց լիազոր ներկայացուցիչներին վերադարձման ենթակա տրանսպորտային միջոցների, այլ առարկաների, իրերի վերաբերյալ հարցը:

«Քննչական կոմիտեի նախագահն առանձնահատուկ կարևորություն էր տվել վարույթների շրջանակներում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը և հանձնարարել՝ բացառել քաղաքացիների սեփականության իրավունքների անհարկի կամ առանց  անհրաժեշտության սահմանափակման դեպքերը՝ հատկապես առգրավված իրերի, շարժական գույքի վերադարձման հետ կապված, միաժամանակ՝ հանձնարարվել էր նաև քննարկել վարույթի ընթացքում առգրավված իրերն ու առարկաներն օրինական տիրապետողներին ի պահ հանձնելու հնարավորությունները, հատկապես, եթե դրանք անհրաժեշտ են անձանց կենսապահովման համար։

Վերջին օրերին ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներում իրականացված համակողմանի դիտարկումների և վերլուծական աշխատանքների արդյունքում՝ Երևան քաղաքի և մարզային քննչական վարչություններում քննվող քրեական վարույթներով քաղաքացիներին վերադարձվել է 475 տրանսպորտային միջոց և առնվազն 119 այլ գույք»,- նշվում էր Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Կարդացեք նաև`

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter