
Փաշինյան-Պուտին հանդիպում նախատեսված չէ
Դեկտեմբերի 13-ին Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպում նախատեսված չէ։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 13-ի առավոտյան մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Պեսկովը նշել է, որ այսօրվա հանդիպման օրակարգում առանձին հանդիպում նախատեսված չէ, իսկ աշխատանքն ընթանում է՝ «համաձայն վարչապետական ծրագրի»։
Եվրասիական միջկառավարական խորհուրդը բաղկացած է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարներից։ Այն ապահովում է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի որոշումների իրականացումը և վերահսկում ԵԱՏՄ պայմանագրի կատարումը։
Դեկտեմբերի 13-ին կայանալիք նիստի ընթացքում ԵԱՏՄ երկրների վարչապետները քննարկելու են ինտեգրման հետագա խորացման հարցեր։ Ըստ Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայության՝ հատուկ ուշադրություն է դարձվելու էներգետիկայի, արդյունաբերության և էլեկտրոնային առևտրի զարգացման ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության
Մեկնաբանել