
ԼՂՀ զբոսաշրջության վարչության պետն ասում է, որ Կաշենի հանքավայրը չի խանգարի տուրիզմին
Արցախի պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից է զբոսաշրջությունը ճանաչել որպես տնտեական գերակա ճյուղ: Շատ է խոսվում, որ Արցախում պետք է զարգացնել զբոսաշրջությունը և եվրոպական մի շարք երկրների օրինակով դարձնել պետության համար եկամտաբեր ճյուղ: 2011 թվականին նախորդ տարվա համեմատ Արցախում գրանցվել է զբոսաշրջիկների այցելության 43.3 տոկոս աճ: Դրանք այն օտարերկրյա քաղաքացիներն են, ովքեր Ղարաբաղ մուտք գործելու համար մուտքի արտոնագիր են ստացել:
Արցախում նաև զարգանում է հանքարդյունաբերությունը, հունիսին ԼՂՀ կառավարությունը հաստատեց Կաշենի հանքավայրի շահագործման ծրագիրը, որն ավելի շատ հանքաքար կմշակի, քան Դրմբոնի կոմբինատը:
Մեզ հետ զրույցում ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը հավաստիացնում է, որ շահագործվող ու շահագործման նախատեսվող հանքավայրերը զբոսաշրջային երթուղուց բավականին հեռու են գտնվում:
Պարոն Շահվերդյան, վերջին տարիներին զբոսաշրջության զարգացման ոլորտում ի՞նչ շոշափելի ձեռքբերումներ են արձանագրվել:
Նախ խոսենք ցուցանիշների մասին. երկու տարվա ընթացքում մենք արձանագրեցինք զբոսաշրջիկների այցելությունների աննախադեպ աճ, ինչը կազմում է 42 տոկոս, որն ինքնին խոսուն փաստ է: 2012 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշները նույնն են, 40 տոկոս աճ արձանագրվեց նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ: Ասեմ, որ նույն երկու տարիների ընթացքում Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների քանակով արձանագրեց ընդամենը 10-12 տոկոս աճ: Նման արդյունքները նաև զբոսաշրջության ոլորտում պետության կողմից կատարված աշխատանքների շնորհիվ են: Մեր աշխատանքների հիմնական երկու ուղղություններից մեկը տուրիստական ծառայությունների շուկայում Ղարաբաղը գրավիչ երկիր ներկայացնելու խնդիրն են, ինչն անում ենք միջազգային տուրիստական ցուցահանդեսների, անգլերենով հրատարակված բրոշյուրների ու գրքույկների միջոցով:
Իսկ երկրորդը, այցելած զբոսաշրջիկի համար հարմարավետ պայմանների ստեղծումն է, չնայած այս ուղղությամբ բավականին մեծ աշխատանքներ կատարելուն, այնուամենայնիվ, դեռ ցանկալի արդյունքի չենք հասել:
Կկարևորեի վերջին տարիներին ստեղծված «Հունոտի կիրճ» բնապատմական արգելոցը, «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցը և Տիգրանակերտի հնագիտական թանգարանը, որը զբոսաշրջիների համար հետաքրքիր վայր է:
Զբոսաշրջությունը խթանող հանգամանքներից են պատմամշակութային հուշարձանների ոլորտում իրականացվող աշխատանքները, շրջանների վերականգնումը և Ստեփանակերտի բարեկարգումը: Նաև բավականին մեծ նշանակություն ունեցավ զբոսաշրջությանը վերաբերող օրենսդրական ու ենթաօրենսդրական դաշտի կարգավորումը և հյուրանոցների հաշվառման պարտադիր համակարգի ու վերահսկման մեխանիզմների ստեղծումը:
Այս աշխատանքների շնորհիվ մենք ունեցանք զբոսաշրջիկների այցելության մեծ աճ:
Բնապահպանները ասում են, որ ընդհանրապես զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտում է հանքարդյունաբերությունը: Մոտակա տարիներին Ղարաբաղում կսկսի գործել նոր հանքավայր (կամ կսկսեն գործել նոր հանքավայրեր): Սրա կապակցությամբ ի նչ կասեք:
Այսօրվա դրությամբ շահագործվող և շահագործման նախատեսվող հանքերը զբոսաշրջային վայրերից բավականին հեռու են գտնվում: Իսկ ինչ վերաբերում է բնապահպանական խնդիրներին, դա ճիշտ կլինի թողնել համապատասխան մասնագետներին: Իհարկե, ամեն դեպքում հանքարդյունաբերությունը պետք է նաև նախատեսի տարածքների վերականգնում, լանդշաֆտների ռեկրեացիա և այլն, որպեսզի զբոսաշրջության զարգացման վրա բացասական ազդեցություն չունենա:
Երկու ճյուղերն էլ` հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը, գերակա են, հանքարդյունաբերությունն էլ իր հերթին այսօր կենսական անհրաժեշտություն է երկրի համար:
Շատ է խոսվում նաև անտառահատման մասին: Արցախը հարուստ է անտառներով, որն այս առումով նույնիսկ համեմատում են Շվեյցարիայի հետ: Արդյոք անտառահատումը նույնպե՞ս չի վնասելու զբոսաշրջության զարգացմանը:
Այս խնդիրները մեր իրավասություններից դուրս են, այդ խնդիրներով պիտի բնապահպանության վարչությունը զբաղվի: Համենայն դեպս, այն տարածքներում, որտեղ տուրիստական կարևոր վայրեր կան, այնտեղ անտառահատում չենք նկատել: Եթե մեր զբոսաշրջային երթուղիներում անտառահատման հետքեր նկատեինք, ապա այդ հարցով կզբաղվեինք:
Մի քանի օր առաջ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել եք, որ Կաշենի հանքավայրի տարածքը երբևէ չի ուսումնասիրվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Կաշենի հանքավայրի տարածքում հաշվառված են 110 հուշարձան-հուշարձանախմբեր, որոնք պարունակում են 2,5 հազարից ավել հուշարձաններ: Եթե այդ տարածքում իրոք կա նման քանակությամբ հուշարձան, ապա ինչպե՞ս պիտի լուծվի նրանց ճակատագիրը:
Կոնկրետ այն վայրում, որտեղ պիտի իրականացվի հանքահանում, հուշարձաններ չկան: Ընդհանրապես Արցախում պատմական հուշարձանները դեռ ամբողջովին ուսումնասիրված չեն: Մենք Կաշենի հանքավայրում հուշարձանների վերաբերյալ միայն ունենք նախնական տվյալներ: Հետագա անակնկալներից խուսափելու համար պետական հանձնաժողովից պահանջեցինք, որ հանքարդյունաբերական ընկերությունը` «Բեյզ Մեթալսը», հուշարձանների հայտնաբերման համալիր ուսումնասիրություն իրականացնելու համար ֆինանսավորում կատարի: Եվ մենք նրա ղեկավարից ստացանք տվյալ տարածքում ուսումնասիրություն իրականացնելու համար ֆինանսական աջակցության վստահությունը:
Մեզ կմնա միայն հավաքել համապատասխան մասնագետների խումբ, ովքեր կտան հստակ պատասխան հանքահանման տարածքում գտնվող հուշարձանների վերաբերյալ: Եվ եթե լինեն, ապա պիտի որոշենք այդ հուշարձանների ապագան. եթե ստորգետնյա հնագիտական հուշարձան գտնվի, ապա դրանք ենթակա են պեղման, եթե դրանք լինեն ճարտարապետական հուշարձաններ, ապա ենթակա են տեղափոխման: Եվ ես վստահ եմ, որ այդ աշխատանքները մենք օրենքով սահմանված կարգով կիրականացնենք:
Հուշարձանների պահպանության խնդիրը մեր պարտականությունն է, դա սերունդների համար է, այդ աշխատանքները պիտի պատշաճ մակարդակով ու օրենքի սահմաններում իրագործենք:
Հնարավո՞ր է, որ հետագայում արդյունահանման բուն աշխատանքները ընթանան ավելի մեծ տարածության վրա: Եվ եթե այս դեպքում առաջանան հուշարձանների տեղափոխման խնդիրներ, ապա ինչպե՞ս պիտի տեղափոխվեն, ասենք, Մելիք-Ալավերդյանների ու Մելիք-Իսրայելյանների ապարանքները:
Դրանք հանքահանման գոտու մեջ չեն մտնում: Հանքը դրանից լինելու մեկ կիլոմետր հեռավորության վրա:
Բայց ամեն դեպքում օրենքով սահմանված ընթացակարգ կա: Եթե նման բան լինի, ապա նաև խնդիր կառաջանա այդ հուշարձանի հետագա ճակատագրի լուծման համար: Այդպես չի լինում, որ հուշարձանը պարզապես վերցնեն ու քանդեն, նման դեպքերում նրանք պիտի համապատասխան մարմիններին դիմեն, ու այդ մարմինները ուսումնասիրեն, նախագծեն և այլն: Դրանից հետո միայն կարելի է խոսել հանքի ընդլայնման մասին: Բայց այսօր նման խնդիր չկա:
2007-2012 թթ. ԼՂՀ այցելած օտարեկրյա զբոսաշրջիկների թվաքանակը: Օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր Ղարաբաղ մուտք գործելու համար պետք է մուտքի արտոնագիր (վիզա) ստանան:
Տարի |
Նախորդ տարվա համեմատ թվաքանակի աճը (%) |
2007 |
+86.0 |
2008 |
+15.0 |
2009 |
+3.3 |
2010 |
+42.8 |
2011 |
+43.3 |
2012 (նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ) |
+40.6 |
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել