
«Հրապարակը» հերքում չի տպագրելու. դատարանը մերժեց Մարգարիտա Խաչատրյանի հայցը
Երեկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Մարգարիտա Խաչատրյանի' հերքումը տպագրելու հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի:
Հիշեցնենք, որ Մարգարիտա Խաչատրյանը վիճարկում էր 2011թ.-ի ապրիլի 21-ին «Հրապարակ» օրաթերթի 1-ին էջում հրապարակված «Ծեծկռտո՞ւք է եղել» հոդվածը, որտեղ ասվում է, որ նա ԼՂՀ զորամասերից մեկում վիճաբանություն է սկսել հրամանատարական կազմի հետ, և բանը հասել է նույնիսկ քաշքշոցի ու ծեծի: Մ. Խաչատրյանը սա զրպարտություն էր համարել և պահանջել հերքում տպագրել և փոխհատուցել պատճառված վնասը 2 մլն դրամով:
Սակայն նախորդ նիստին վերջինս հրաժարվել է «Հրապարակ» օրաթերթի դեմ ներկայացված 2 մլն դրամ գումարային պահանջից: Մ. Խաչատրյանը թերթից պահանջում էր միայն հերքել իր մասին հրապարակած այն տեղեկությունները, որը, ըստ նրա, զրպարտություն է:
Մեկնաբանել