
Վանաձորի քաղաքապետը պատրաստվում է «ձիսկատեկա» կազմակերպել
Այս գաղափարը վանաձորցի երիտասարդներն են քաղաքապետին հուշել օրերս նրա մասնակցությամբ կատարած արշավի ժամանակ: Նրանք հստակ պահանջ են դրել Վանաձորում, քաղաքապետի բառով, «ձիսկատեկաներ» կազմակերպել: Այսօրվա աշխատանքային խորհրդակցության ժամանակ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն այդ հարցը բարձրացրեց ի թիվս մշտական խնդիրների`լուսավորություն, աղբահանություն, փոսային նորոգումներ`ասելով. «Մենք պարտավոր ենք»:
Սկզբում մտածում էր «ձիսկատեկա» կազմակերպել հենց քաղաքի կենտրոնում`«Արցախ» պուրակում: «Եթե «Արցած» պուրակում հնարավոր ա, մի հատ ժողովրդի հետ խոսենք, եթե ժողովուրդը թույլ կտա, մի հատ «ձիսկատեկա» էնտեղ կազմակերպենք, եթե թույլ չեն տա, ուրեմն Սայաթ-Նովայի այգու սեփականատիրոջը էսօր ևեթ կանչեք էստեղ: Եթե դա էլի աշխատանքներ չարավ, հրաժարվում ա, ուրեմն չեղյալ համարեք»,-աշխատակիցներին դիմեց Ս. Դարբինյանը:
Նրան հիշեցրին, որ այդ խնդրով արդեն դատարան են դիմել:
«Ուրեմն նորից դիմեք նոր հիմունքներով: Էնտեղ երևի հիմքերն էլ ճիշտ չէիք գրել: Ճարտարապետական բաժնի հետ, իրավաբանի հետ աշխատեք, և էդ այգին հետ ենք վերցնում, եթե հրաժարվում ա մեր հետ շփվելուց: Այսինքն`էդ գույքը կդնի, ծառերը կկտրի, կտանի կվառի, ինչ կուզի կանի, ամբողջ այգին առանց գույքի կթողնի, և հրաժարվում ա հա±, ո±վ ա դա, որ հրաժարվում ա: Էսօր ևեթ, եթե դատարաններն էլ սխալ վճիռ կկայացնեն, ուրեմն իրանցով չի ավարտվում, չէ: Լսե’ք, դատարան դիմելու ձևը սովորեք: Օրինական հիմքերով մտեք դատարան, որ դատավորները չկարողանան այլ որոշում կայացնեն»,-շարունակեց քաղաքապետը:
Աշխատակիցները, սակայն, նկատեցին, որ «այլ» որոշում չի կայացվել, և, որ, ընդհակառակը, դատարանը հայցն իրենց օգտին է բավարարել, և այժմ վճռից դժգոհ պատասխանող կողմը վերադասության կարգով այն բողոքարկում է վերաքննիչ դատարան:
«Ուրեմն գնացեք նորից դատարանի հետ վերանայեք: Ինչ ա նշանակում ուղիղ 10 տարի էդ այգին մեր քաղաքացիների համար մի կտրած մատի աղ անելու ծառայություն չմատուցեց: Մխիթարյան Վահանն էդքան հզոր տղա ա±, հա±, որ 106 հազար ազգաբնակչությունից էդ տարածքը վերցնի ու սենց բարձիթողի թողնի: Էսօր ևեթ դատարանի նախագահին նամակ գրեք, որ ինչ եղավ դրա վիճակը: Ի վերջո էս ժողովուրդը մեզնից հանգստի վայր ա պահանջում, դուք էլ դնում քնացնում եք: 106 հազար մարդու պահանջ էսօր անտեսում են ու անընդհատ ժամանակ են ձգում ինչ-որ մեկի օգտին: Ուրեմն, մենք էդտեղ «ձիսկատեկա» ենք կազմակերպելու, որովհետ մեր քաղաքի երիտասարդությունը էսօր դրա խնդիրը դնում ա: Եվ կարճ ժամանակահատվածում պետք ա էդ «ձիսկատեկաները» սկսենք աշխատեցնել: Տեսեք`«ձիսկատեկա» կազմակերպելու ինչ սարքավորումներ են պետք: Այգին որևէ մեկին վարձակալությամբ չենք տալու: Հենց քաղաքապետարանն ինքն էլ կանի էդ ամն ինչը: Ընդեղ սրճարաններ, եսիմ ինչ, վարձակալությամբ կտանք, ամբողջ վարձակալության գումարն էլ կդնենք «ձիսկատեկաների» նստարաններ, եսիմ ինչեր առնելու և կահավորելու համար: Նաև ընդեղ կարուսելներ, եսիմ ինչ, դրանք կարող ենք մասնավոր մարդու արենդով տալ, գումարներն էլ ամբողջությամբ կծախսվի հենց նույն այգու վրա: Մշակեք էդ ձևը, և էդ ձևով ենք աշխատելու: Թե չէ, տալիս ենք մասնավորներին, չգիտես ինչ են անում, դարձնում են իրենց հոր սեփականություն, և ինչ խելքները կտրում ա, էն էլ անում են: Հետո էլ ուղիղ 2 տարի ա, չենք կարում դատական կարգով մեր ունեցվածքը հետ վերցնենք, որ իմանանք՝ ինչ ենք անում»:
Վանաձորի Սայաթ-Նովայի այգին 15 տարի է`վարձակալությամբ տրված է «Արծիվ» ՍՊԸ-ին: Այս ամբողջ ընթացքում այգու բարեկարգման նպատակով ընկերությունը ոչ մի ներդրում չի կատարել: Ավելին`շուրջ 1 միլիոն դրամի պարտք է կուտակել: Վանաձորի քաղաքապետարանը միայն վերջերս է որոշել հայց ներկայացրել ընդդեմ այգու վարձակալի` կուտակված պարտքը գանձելու հիմքով: Ընկերությունը սնանկ է ճանաչվել դատարանի կողմից, որից հետո քաղաքապետարանը երկրորդ հայցն է ներկայացրել նրա դեմ` վարձակալության իրավունքից զրկելու համար:
Մինչդեռ քաղաքապետի մատնանշած մյուս`«Արցախ» պուրակի վերաբերյալ քաղաքապետարանի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել: 2006-ից տարածքը վաճառվել է «Կինոթատրոն Մոսկվա» ընկերությանը` թատրոն կառուցելու պարտադիր պայմանով: Ոչ թատրոնն է կառուցված, ոչ բարեկարգված է: Փոխարենը`քաղաքապետի բնորոշած՝ այդ «բարձիթողի» տարածքում Դարբինյանն այժմ մտածում է «ձիսկատեկա» կազմակերպել:
Մեկնաբանություններ (12)
Մեկնաբանել