
Ինքնակամ շինությունների թիվը մնում է անհայտ նույնիսկ հաշվառումից հետո
Մոտ մեկ ամսից ավարտվում է բացառապես գյուղական բնակավայրեր ընդգրկող համայնքներում ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետը, որով ամբողջությամբ կավարտվի հաշվառման գործընթացը, սակայն որևէ պետական մարմին տեղեկություն չունի, թե ընդհանուր առմամբ երկրում քանի ինքնակամ շինություն կա, ու դրանց քանի տոկոսն է հաշվառվել: Համայնքապետարանները ևս հստակ տեղեկություններ չունեն, թե իրենց համայնքի վարչական սահմաններում քանի ինքնակամ կառույց կա:
2021թ. դեկտեմբերին փոփոխություն ու լրացում կատարվեց Քաղաքացիական օրենսգրքում, որով սահմանվեց՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման կարգը և ժամկետները սահմանվեց Կառավարության որոշմամբ, ըստ որի՝ Կադաստրի կոմիտեում չհաշվառված ինքնակամ կառույցը հաշվառելու նպատակով պատվիրատուն դիմում է չափագրողին: Վերջինս չափագրումից հետո հաշվառման փաթեթը ներբեռնում է առցանց չափագրման գրասենյակ, ինչն էլ համարվում է ինքնակամ կառույցի հաշվառում:
Նախատեսված է, որ մինչև 2021թ. հունվարի 1-ը Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցները պետք է հաշվառվեն մինչև 2023թ. հունվարի 1-ը, քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների վարչական սահմաններում ինքնակամ կառույցների դեպքում` մինչև 2024թ. հունվարի 1-ը: Վերջին փուլում մնացել է բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքների վարչական սահմաններում ինքնակամ կառույցների հաշվառումը, որի համար սահմանվել է մինչև 2025թ. հունվարի 1-ը ժամկետ:
Հետագայում օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները, որոնք նախատեսված ժամկետներում չեն հաշվառվել Կադաստրի կոմիտեում։ Այսինքն, եթե նշված ժամկետներում ինքնակամ կառույցը չչափագրվի և փաթեթը չներբեռնվի առցանց չափագրման գրասենյակ, ապա նշված գույքը որևէ կերպ հնարավոր չի լինի օրինականացնել, հետևաբար պետք է քանդվի:
Քանի որ ինքնակամ կառույցները հաշվառվում են Կադաստրի կոմիտեում, վերջինից հետաքրքրվեցինք, թե մարզերում և Երևանում քա՞նի ինքնակամ կառուց կա, և դրանցից քանիսը չեն հաշվառվել 2024թ. հունվարի 1-ի դրությամբ: Ինչպես պարզվեց՝ նման տեղեկություններ չկան:
«Երևան քաղաքում և ՀՀ մարզերում առկա ինքնակամ կառույցների քանակի վերաբերյալ տեղեկատվություն Կադաստրի կոմիտեում առկա չէ»,- գրված է Կադաստրի կոմիտեի պատասխանում:
2024թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառվել է 46,789 ինքնակամ շինություն, որից 93%-ը քաղաք ունեցող համայնքներում (բացառությամբ Երևան քաղաքի): Բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքներում ինքնակամ շինությունների հաշվառման ցածր ցուցանիշը պատճառաբանվում է այն հանգամանքով, որ այդ համայնքներում գործընթացը շարունակվում է մինչև 2024թ. տարեվերջ:
2024թ. հունվարի 1-ի դրությամբ ամենաշատ ինքնակամ կառույց հաշվառվել է Կոտայքի մարզում, այնուհետև՝ Արարատի և Արմավիրի մարզերում: Ամենաքիչ ինքնակամ կառույց հաշվառվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում:
Երևանը հանրապետության ամենամեծ և ինքնակամ շինությունների հաշվառումն առաջինն ավարտած համայնքն է, բայց քաղաքապետարանը տեղեկություններ չունի, թե քանի ինքնակամ շինություն կա: Քաղաքապետարանից «Հետքին» հայտնել են, որ 2022թ․-ի ընթացքում հաշվառվել է Երևան քաղաքում գտնվող 16,264 միավոր ինքնակամ կառույց, ինչպես նաև մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը հաշվառված է եղել շուրջ 42,300 ինքնակամ կառույց (շինություն): Արդյունքում՝ ընդհանուր առմամբ Երևան քաղաքում հաշվառված է շուրջ 58,564 ինքնակամ կառույց: Թե 2023թ. հունվարի 1-ից հետո քանի ինքնակամ շինություն կա քաղաքի վարչական սահմաններում, որոնք օրենքով նախատեսված ժամկետում չեն հաշվառվել ու ենթակա են քանդման՝ քաղաքապետարանում տեղեկություններ չունեն:
Նույն պատկերն է նաև այլ համայնքներում: Օրինակ՝ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանից հայտնում են, որ 2024թ. հունվարի 1-ի դրությամբ առցանց չափագրման գրասենյակի միջոցով հաշվառված ինքնակամ կառույցների փաթեթները 2427-ն են, որից 109-ը համայնքին միացած Ոսկեհատ գյուղում են:
«Հաշվառումից դուրս մնացած ինքնակամ շինությունների վերաբերյալ տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել, քանի որ մասսայական հաշվառում իրականացված չէ: Գործող կարգավորումներով հաշվառումից դուրս մնացած ինքնակամ կառույցները ենթակա չեն օրինականացման, իսկ քանդման ժամկետները դեռևս սահմանված չեն ՀՀ կառավարության որոշմամբ»,- գրավոր հայտնել է Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը:
Արմավիրի մարզի Խոյ համայնքը բաղկացած է բացառապես գյուղական բնակավայրերից, հետևաբար այդ համայնքում հաշվառումը շարունակվում է մինչև 2025թ. հունվարի 1-ը: Համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի փոխանցմամբ՝ իրենք տեղեկություններ չունեն, թե քանի անշարժ գույք է հաշվառվել: Քաղաքացին կարող է իր կառուցած ինքնակամ շինությունը չափագրել առանց համայնքին տեղեկացնելու՝ դիմելով չափագրման որակավորում ունեցող անձին, և իրենք տեղեկություններ չունենան հաշվառված գույքի մասին: Փոխարենը մոտավոր գիտեն, թե քանի ինքնակամ շինություն կա համայնքում:
Խոյ համայնքում 17 գյուղ կա: Համայնքապետարանից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ համայնքում առկա է 1412 ինքնակամ կառույց: Արգիշտի Մեխակյանն ասաց, որ թիվը ճշգրիտ չէ, հիմնականում վարչական շրջանների ղեկավարների օգնությամբ տեսանելի հատվածներում են արձանագրել վերջին տարիներին կատարված անօրինական շինությունները։ Դրանք հիմնականում 2015-2021թթ․ կառուցված շինություններ են։ Իսկ թե դրանից առաջ, օրինակ՝ 20 տարի առաջ, ինչ շենք-շինություններ են կառուցվել, որոնք թույլտվություն չեն ունեցել՝ չեն կարող իմանալ մինչև Կադաստրի կոմիտեում չհաշվառվեն։
Կադաստրի կոմիտեից էլ հայտնում են, որ 2024թ. հոկտեմբերի 21-ի դրությամբ Խոյ համայնքում հաշվառվել է 615 ինքնակամ շինություն: Ստացվում է, որ ժամկետի ավարտից մոտ 2 ամիս առաջ դեռ հաշվառված չի եղել 797 ինքնակամ կառույց, ինչը ինքնակամ շինությունների կեսից ավելին է։
«Օրենքի ժամկետը երկարացնելու անհրաժեշտություն չենք տեսնում, որովհետև թե՛ էլեկտրոնային հարթակով, թե՛ ծանուցում ուղարկելով՝ բնակչությանը պատշաճ տեղեկացվում է ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման մասին»,- հայտնում է համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը:
Ինֆոգրաֆիկաները և գլխավոր նկարը՝ Արեն Նազարյանի
Մեկնաբանել