
Ինչու են Միացյալ Նահանգներում հայերը հանցագործ դառնում
Մայիսի 18-ին Գլենդելում մի հայ փաստաբանի գրասենյակում նստած սպասում էի նրա հայ հաճախորդներին: Ներս մտավ 40-ին մոտ մի տղամարդ մոտավորապես նույն տարիքի կնոջ հետ: Ամերիկայի հայ իրավաբանների միության մի քանի տասնյակ փաստաբանների հետ ծանոթությունս արդեն իր «պտուղներն» էր տալիս: Այդ օրը ես փաստաբաններից մեկի «օգնականն էի»:
Սկսեցի օգնականի պարտականություններ կատարել, լսել հաճախորդներին, ծանոթանալ նրանց գործերին: Հիմնականում նախկին հայաստանցիներ են: Ես լսում էի նրանց եւ նշումներ անում «շեֆիս» համար: Ամենատարբեր պատմություններ լսեցի՝ գողություն, խարդախություն, բանկի թալան, քարտերի կեղծում: Ներկայացնում եմ այդ պատմություններից մեկը:
Կինը հայտնվել է իրավապահների թակարդում. նրան հանցագործության է մղել ամուսինը: Այդ տղամարդը նույնիսկ իր անունով չէր արել կեղծ գործարքները, գողությունը, խարդախությունը: Երբ փաստաբանն ասաց, որ դատախազը պահանջելու է 180 օրվա բանտարկություն, կինը փղձկաց. նրա աչքերից սկսեցին արցունքներ հոսել, իսկ ամուսինը կողքից սաստող հայացքով նայելով՝ նրան ասաց. «Սուս մնա»:
Տղամարդու հաստ վզին ոսկե հաստ շղթա կար: Այստեղ վզին ոսկյա հաստ շղթա ունենալը գրեթե հավասարազոր է «BMW» ունենալուն: Լոս Անջելեսի հայաստանցի հայերը որքան էլ աղքատ, որքան էլ պարտքերի մեջ լինեն, պետք է «BMW» ունենան եւ, իհարկե, հաստ ոսկյա շղթա:
Ուրեմն այս ընտանիքը, ունենալով 2000 դոլարի կեղծ կրեդիտ գիծ, կարողացել է երկու օրվա ընթացքում (սկսած ուրբաթ երեկոյից, երբ բանկերը չեն աշխատում) խանութներից 25 հազար դոլարի ապրանք գնել: Մի խանութից գնել են համակարգիչ՝ 1500 դոլարով, հետո դուրս են եկել, մի ժամ հետո երեք համակարգիչ են գնել՝ մոտ 1800 դոլար արժողությամբ, հետո գնել են մսաղաց եւ զանազան կենցաղային սարքեր:
Երբ կինը մի պահ փորձեց ինչ-որ ձեւով արդարանալ, փաստաբան «շեֆս» թղթապանակից հանեց եւ կնոջ ուղղությամբ պահելով լուսանկարները՝ ասաց, որ խանութներում արված բոլոր գնումների լուսանկարները ժամերով ֆիքսված են եւ առկա են գործում: Կինն այլեւս ոչինչ չասաց, նորից փորձեց բարձրաձայն արտասվել, ամուսինը դանդաղ թեքեց հաստ վիզը, աչքերը չռեց վրան, ու վերջինս սսկվեց:
Փաստաբանն ասում է, որ լավ կլինի, եթե իրենք ճշմարտությունը ներկայացնեն, որպեսզի ինքը կարողանա իր պաշտպանությունը կառուցել, եւ դատարանում նոր անակնկալներ չլինեն:
Հնարամիտ զույգն առաջին անգամ բանկի իրենց վարկային գծից քիչ չափով կատարել են առաջին գնումը, հետո բջջային հեռախոսով զանգելով եւ տալով բանկային մի հաշվի համար՝ համալրել են այդ գիծը: Սակայն հետագայում պարզվել է, որ այդ բանկային հաշիվը կեղծ է եւ 2010 թվականից սառեցված: Իսկ քանի որ ուրբաթ երեկո է, եւ բանկը չէր աշխատում, այդ մասին պարզ է դարձել մի քանի օր հետո միայն:
Փաստաբանը հարցրեց, թե ինչ են արել այդքան համակարգիչները, կինն ու ամուսինը միաժամանակ ասացին, որ նվեր են ուղարկել Հայաստան: Փաստաբանը հարցրեց՝ ով է օգտագործել կեղծ հաշիվը եւ վարկային գիծը, ով է բջջայինով զանգել եւ հայտնել հաշվի համարը: Կինը չէր խոսում, նա նայում էր ամուսնուն: Ամուսինը, ձեռքերը սեղանին դրած, ուզում էր ցույց տալ, որ, այսպես թե այնպես ինքն է այս գործի համար պատասխանատու, բայց իրականում հենց ինքն էլ կնոջը դարձրել էր հանցագործ:
Տղամարդը իբրեւ թե չգիտեր, թե ով է արել եւ, իհարկե, հասկանալի էր, որ նա կնոջը նախապես ասել էր, թե ինչպես պահի իրեն եւ ինչ ասի, ուստի ձայնը բարձրացնելով՝ ասաց. «Ես չգիտեմ՝ որտեղից էդ փողերը: Ով արել է, թող նա էլ պատասխան տա, թող գնան պարզեն»: Ապա նայելով կնոջը՝ ասաց. «Դու հլա դուրս գնա էստեղից»:
Փաստաբանն այս անգամ ինքը մի քիչ ձայնը բարձրացրեց՝ ասելով, որ պետք չէ կնոջը դուրս ուղարկել ու նորից բացատրեց. «Եղբայր, գողությունը դու ես արել, դու ես գնել խանութներից այդ ապրանքները, դա քո կնոջ կրեդիտ քարտն է, այդ քարտով են այդքան առեւտուր արել՝ իմանալով, որ այդ հաշվին 2000 դոլար կա: Բոլոր նկարները կան խանութում ապրանքներ գնելիս, այդ խանութների ավտոկանգառներից դուրս գալուց: Բոլոր ապացույցներն ունի մեղադրական կողմը եւ լավ կլինի, եթե այդ փողը ունեք, վճարեք հետ»:
Ամուսինն ասաց, որ չունեն, չեն կարող վճարել այդքան փող: Փաստաբանը խորհուրդ տվեց գումարի մի մասը վճարել, որպեսզի կարողանա դատարանում բանտարկության դեմ փաստարկներ բերել… Հետո տղամարդն ասաց, որ պետք է գնա մտածի:
Չգիտեմ, թե ինչ ավարտ կունենա այս պատմությունը: Բայց նման պատմություններ ամեն օր կարելի է լսել Լոս Անջելեսում: Ամերիկացի մի փաստաբանի հետ, ով տարիներ շարունակ հայ հաճախորդներ է ունեցել, զրուցեցի տարբեր հանցագործությունների մեջ հայերի ներգրավվածության մասին:
«Հայաստանից նոր եկածների համար Կառավարությունից փող գողանալը կարծես թե հանցանք չէ: Առաջին սերունդը, համենայնդեպս, այդպես էր մտածում: Այս երկրում շատ փող կա, եւ մտածում են, որ կարող են գողանալ: Երկրորդ սերունդը մի քիչ փոխվեց: Իսկ երրորդն արդեն ամերիկացի կլինի եւ այդպես չի մտածի»,- ասում է փաստաբան Մարկ Բլեդսթեյնը (Mark Bledstein):
Որոշեցի մասնակցել դատական մի քանի նիստերի: Առաջինը գնացի Բըրբանկի(Burbank) դատարան: Նայում եմ պատին փակցված դատական նիստերի ծանուցումները: Քրեական եւ քաղաքացիական գործեր էին, երեք հայի ազգանուն կար քրեական եւ 6-ը՝ քաղաքացիական գործերով:
շարունակելի
Լուսանկարում՝ Բըրբանկի դատարանը
Մեկնաբանություններ (22)
Մեկնաբանել